Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ, ինչպե՞ս ընդհանուր իրավասության ՀՀ վճռաբեկ դատարանը քշվեց- հայտնվեց արդարադատության համակարգի

Հոկտեմբեր 20,2001 00:00

ԱՆԿՅՈՒՆՈՒՄ «ՆՍՏԱԾ» ՄԻ «ՄՈՒԹ» ԴԱՏԱՐԱՆ Ինչո՞ւ, ինչպե՞ս ընդհանուր իրավասության ՀՀ վճռաբեկ դատարանը քշվեց- հայտնվեց արդարադատության համակարգի անկյունում՝ ոչ գործուն վիճակում։ Սկսեմ վճռաբեկ դատարանի նախագահից (Հենրիկ Դանիելյան), ով ՀՀ օրենքով դատավոր է, բայց որեւէ գործի վարույթ չի իրականացնում, ում պաշտոնը «քաղաքական» է՝ ապահովել բոլոր դատարանների ենթարկումը գործադիր իշխանությանը, դատավարական մարմինների կամակատարությունը պաշտպանել։ Իմ գործով գիտեմ, որ վճռաբեկ դատարանի նախագահը գործի ողջ վարույթի ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել ՀՀ նախագահի ու նրա աշխատակազմի հետ. որեւէ վճիռ քննարկել-համաձայնեցվել է վճռաբեկ դատարանի նախագահի միջոցով։ Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման։ Սարսափելի է. վճռաբեկ դատարանն այսօր ապահովում է, որ նախաքննության մարմնի, դատախազի, 1-ին ատյանի ու վերաքննիչ դատարանների անարդար՝ անհիմն ու անօրինական որոշումներն ու վճիռները մտնեն ուժի մեջ, անենթակա դառնան բողոքարկման… Կամայական դատավոր ու դատախազ, անպաշտպան քաղաքացի ու իրավունքի անիրավ սուբյեկտ. սրանք մեր կյանքում ոչ միայն առկա են, այլեւ բազմապատկվում-տարածվում են որպես ժանտախտ։ Վճռաբեկ դատարանի նախագահի «կազմակերպած դատական պրակտիկայի ուսումնասիրումը եւ ամփոփումը», «վարած դատական վիճակագրությունը» ենթադրվում է, պիտի լինեն քաղաքացիական հասարակության ուշադրությանն արժանի կարեւոր փաստաթղթեր։ Վերջին երկու տարում վճռաբեկ դատարանը քանի՞ քրեական գործի վարույթ է կարճել եւ ո՞ր գործերով, ո՞ր քննիչի, դատախազի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ներկայացրել, վճռաբեկ դատարանի վերանայած գործերի արդյունքում որեւէ դատավոր կարգապահական պատասխանատվության ենթարկվե՞լ է, քանի՞ գործ է բեկանել վճռաբեկ դատարանը։ Ինչպիսի՞ն է դատավարության կողմերի բողոքով բեկանված քրեական գործերի հարաբերակցությունը, պաշտպանության կողմի բողոքով բեկանված հատուկենտ գործերն ինչպիսի՞ վախճան են ունեցել։ Մեղադրող կողմի բողոքով վճռաբեկ դատաքննության կարգով բեկանված գործերն ինչպիսի՞ լուծում են ստացել։ Այսօր Հայաստանում առաջին ատյանի դատարաններում տեր ու տնօրինություն են անում դատախազական մարմինները։ Եթե որեւէ գործով առաջին ատյանի դատարանն անկախություն է խաղում, դատախազական մարմինները մեղադրողի բողոքով վերաքննիչ դատարանում դառնում են դրության տերն ու առաջին ատյանի դատավորին ապացուցում դատական անկախության անիրագործելիությունը։ Պաշտպանության կողմին երբեմն հաջողվում է վերաքննիչ դատարանում առաջին ատյանի ակնհայտ անարդար դատավճիռը բերել «մարդկային տեսքի»՝ հակառակ մեղադրողի դիրքորոշման… Ա՛յ, այս դեպքերի համար է «հարմարեցված» վճռաբեկ դատարանը՝ վերաքննիչ դատավարական եռյակները հսկողության տակ պահելու, «ինքնորոշման ու խռովության» վերաքննիչ դրսեւորումները վճռաբեկության կարգով չեզոքացնելու համար… Այս մեխանիզմը վերջին մեկ տարում անխափան է գործել։ Վերաքննիչ դատավորները պաշտպանության կողմի բողոքով էական փոփոխություններ են կատարել առաջին ատյանի դատարանի դատավճռում կամ բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ գործը նոր քննության ուղարկել վերաքննիչ դատարան՝ այլ կազմով քննելու համար։ Վերաքննիչ դատավորների այլ՝ դատախազության կողմից լրիվ հսկվող ու նրան հնազանդ եռյակը առաջին ատյանի դատավճռի դեմ պաշտպանության կողմի բերած բողոքն այս անգամ թողնում է առանց բավարարման… Այսպիսով, վճռաբեկ դատարանն այսօր երկու գործառույթ ունի՝ կա՛մ մերժում է ստորադաս դատարանների դատավճիռների դեմ պաշտպանության կողմի բերած բողոքները, բացառելով պաշտպանների բնականոն գործունեությունը, կա՛մ որպես մահակ ծառայում է գործադիր իշխանությանը, դատախազությանը, եւ, կատարյալ դարձնելով հսկողությունը ողջ դատական համակարգի նկատմամբ՝ կյանքի կոչում դատական անիրավությունները։ Ես տասնյակ ու տասնյակ գործերով համոզվել եմ, որ վճռաբեկության կարգով քրեական գործերը վերանայելիս վճռաբեկ դատարանն իրավունքի գերակայության սկզբունքը փոխարինել է իր «մարմնական» գոյության նպատակահարմարությամբ։ Քաղաքացիների հանրաճանաչ իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության առումով վճռաբեկ դատարանն ավելորդ մարմին է։ Բարեփոխված արդարադատության մեր եռամյա պատմության մեջ որեւէ կալանավորված ամբաստանյալ չի մասնակցել իր գործի վճռաբեկ դատական քննությանը, երբ, ըստ դատավարական սկզբունքի, դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է։ Ավելին՝ ընդհանուր իրավասության վճռաբեկ դատարանում վարույթի պրակտիկան չի ճանաչում ՀՀ գործող դատավարական սկզբունքները (օրինակ՝ մրցակցային դատավարություն). վճռաբեկ դատարանը երեք տարի շարունակ բոլոր քրեական գործերով անտեսում է գործի արդար քննության՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքը։ ՀՀ ՆԳ նախարարության, վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության հանցավոր համաձայնությամբ՝ Սահմանադրությամբ անմեղ համարվող անձը՝ քննչական մեկուսարանում գտնվող եւ վերաքննիչ դատարանի դեմ բողոք բերած քաղաքացին, իբրեւ դատապարտյալ, տեղափոխվում է պատժավայր՝ ՈՒԱՀ-ում պատիժը կրելու, առանց վճռաբեկ դատարանի որոշման։ Ես եղա միակ բացառությունը, որ կարողացա ապացուցել վերադաս՝ վճռաբեկ դատարանում կողմերի մասնակցությամբ գործի արդարացի քննությանը մասնակցելու իմ իրավունքը։ Եվ իմ ազատության հաշվին 40 օր սպասեցի գործի վճռաբեկ քննությանը, երբ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք։ Ես դատապարտված էի իմ գործի վճռաբեկ քննությանն սպասելու եւ սպասելու… Սա քաղաքացու, մարդու անձնական անձեռնմխելիության ու հիմնարար ազատության իրավունքի անտեսում է։ Եվրոպական կոնվենցիայով որոշված ազատության ու անձնական անձեռնմխելիության, անձի արդար դատական քննության իրավունքները վճռաբեկության կարգով քննող գործերում հրապարակավ ու համատարած արհամարհող դատարանը չի կարող որպես վերադաս դատարան համարվել։ Գործող Սահմանադրությամբ վճռաբեկ դատարանը ընդհանուր իրավասության դատարան է, ինչպես առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները։ Քրեական դատավարության՝ օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է նաեւ վճռաբեկ դատարանի համար։ Մնում է, որ իրավական նորմերը մեկնաբանվեն նրանցում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ, իսկ դատավարական օրենքներում կիրառվող բառերի եւ արտահայտությունների տարբեր ձեւերով մեկնաբանման դեպքում գերակայեն քրեական դատավարության սկզբունքները։ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել