Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

Հոկտեմբեր 20,2001 00:00

ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ «Եգեա» հրատարակչությունը տպագրել է «Սիսականի արծիվներ» գիրքը (հեղինակներ՝ Ժորա Խուրշուդյան եւ Հրաչ Զոհրաբյան)։ Այն պատմում է արցախյան թեժ մարտերի մասին, որ վարեցին գրքում ներկայացված երիտասարդները։ Գիրքը շատ շքեղ է, հարուստ՝ պատմական հուշարձանների նկարներով, շարադրված է հակիրճ ու յուրաքանչյուրին հասկանալի լեզվով։ Նրանում տրված է տվյալ գյուղի, ավանի աշխարհագրական դիրքի նկարագրությունը, նրանց արժանի զավակների անունները, ապա սկսվում է զոհված ազատամարտիկների շարքը՝ նկարը, կենսագրականը, վարած մարտերը, զոհվելու ժամանակը եւ ամփոփման վայրը։ Ոչ մի գործ անսխալական չի լինում. հավանական է, որ այստեղ կան ստվերի տակ մնացած ազատամարտիկներ, որոնց կատարած սխրանքները տեսադաշտից դուրս են մնացել։ Հուսով ենք, որ գիրքը վերահրատարակելիս դրանք հաշվի կառնվեն եւ կլրացվեն։ Այս գրքի էջերից ընթերցողին նայող երիտասարդների հայացքում շատ բան կա. մեկը կյանքից հեռացել է ընտանիքը հասուն տեսնելով, մյուսը՝ երեխաների կարոտը սրտում, ոմանք էլ՝ չճաշակած սիրո քաղցրությունը եւ ընտանիք կազմելու հնարավորությունը։ Այդ աննկուն տղաները կյանքից հեռացան՝ խոր հետք թողնելով ոչ միայն հարազատների, այլեւ բոլորիս հոգու խորքերում։ Գրքի հեղինակները նյութեր հավաքելիս ավելի քան երկու տարվա ընթացքում կատարել են տիտանական աշխատանք։ Գրքում զետեղված քարտեզի միջոցով կարելի է ծանոթանալ Սիսականի բոլոր գյուղերին։ Գրքում տեղ են գտել նաեւ Վ. Սարգսյանի «500 մահապարտներ» հավաքագրման կոչին արձագանքողները։ Գրքի էջերից ընթերցողին նայող տղաները, ինչպես կասեր Վահրամ Փափազյանը՝ սովորական տղաներ չէին, այլ յուրաքանչյուրը՝ «մի թանկարժեք բեհեզ, որից հասարակ հագուստ կարելը կարող էր մեղքի կամ վիրավորանքի տեղիք տալ»։ ԱՂՎԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ աշխատանքի վետերան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել