Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Հոկտեմբեր 24,2001 00:00

Հաշված օրեր են մնացել Հայաստանի ազգային օպերային թատրոնում Բելինիի «Նորմա» օպերայի վերջին փորձերն են։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը պատասխանեց մեր հարցերին։ -Այս պահին «Նորմայի» վերջին փորձերը գոհացնո՞ւմ են Ձեզ: Եվ պրեմիերան նախատեսված էր հոկտեմբերի 7-ին… – Պրեմիերան, առանց բեկման, նշանակված է հոկտեմբերի 28-ին։ Խորամուխ լինելու համար արվեստագետի ստեղծագործության մեջ, հասկանալու համար նրա մարմնավորած կերպարները, որոնք կոնկրետ ժամանակի ծնունդ են եւ ունեն իրենց հոգեբանությունն ու բնավորությունը, նախեւառաջ պետք է տեղյակ լինել նրա ապրած ժամանակաշրջանի բարքերին, սովորույթներին։ Ուրեմն, գալիս ենք Բելինիի ժամանակաշրջանից, ավելի ճիշտ՝ մեր հանդիսատեսին տեղափոխելու ենք 19-րդ դարի սկիզբ։ – Ովքե՞ր կերգեն պրեմիերային։ – Ժամանակից առաջ ընկնելով ասեմ՝ լավ ներկայացում կլինի։ Ողջ ստեղծագործական խումբն անում է ամեն ինչ, բառիս իսկական իմաստով։ Գիտեք, մեկ դերերգը փորձում են մի քանի երգիչներ եւ ասեմ, որ մեր թատրոնի երիտասարդ ձայներն էլ են զբաղված՝ Ալլա Ավետիսյան, Հովհաննես Նազարյան, Մարինե Դեինյան, Վարդուհի Խաչատրյան, Լիլիթ Սողոմոնյան, Սուսաննա Բագամյան… Ամենակարեւորը եւ ուրախալին, որ ցանկացած օպերային թատրոնի պրոբլեմն է՝ մենք արդեն երեք տենոր ունենք։ Առաջինը, որը փորձում է Պոլեոն՝ Արայիկ Ավանյանն է։ Նա եկել է Ֆրանսիայից։ Երգչական կարիերայի սկզբում մեր թատրոնում էր, հետո… Մի խոսքով, հիմա նորից մերն է։ – Ակնկալում էինք, որ կոնկրետ Պոլեոնի դերում Ձեզ կտեսնենք։ – Ես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ։ Անկեղծ ասած, շատ եմ վազվզում, ինչո՞ւ չէ՝ գոռում։ Երգիչը միայն իր գործով պետք է զբաղվի։ Ես ուրախ կլինեմ, եթե երիտասարդներին պատրաստեմ։ Հավատացեք, երկու տարի հետո կունենանք օպերային երգիչների, չեմ չափազանցնում, պայծառ համաստեղություն, իսկ դա նշանակում է, որ մոտ քսան տարի օպերային թատրոնը ապահովված կլինի։ Ա՛յ, էդ ժամանակ կհամարեմ, որ ես իմ գործը կատարել եմ։ Իսկ հետո քսան տարում իրենք էլ կպատրաստեն ուրիշներին։ Արդեն մեր երիտասարդ երգիչները մեկնում են հյուրախաղերի, տալիս մենահամերգներ, մասնակցում օպերայից դուրս, ասենք, օպերաների համերգային կատարումների, օրինակ, վերջերս՝ «Սեւիլյան սափրիչ» օպերային։ Հավատացնում եմ՝ լավ ուժեր ունենք, իսկ 28-ին՝ համեցեք պրեմիերայի… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Երեկ «Նորմայի» բեմադրող խումբը՝ Գեղամ Գրիգորյանի ղեկավարությամբ, մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ գրեթե ոչ մի նոր բան չասվեց։ Ներկայացման բյուջեն կազմել է մոտ 50 հազար դոլար։ Գլխավոր դերում հանդես կգան Անահիտ Մխիթարյանը կամ Մարինա Դեինյանը։ Բացի այդ, պրն Գրիգորյանը մեղադրեց լրագրողներին (դա էլ նոր չէ) իրենց խանգարելու մեջ։ Հայտնեց, որ հսկայական պարտքեր ունեն էլեկտրաէներգիայի դիմաց, եւ, ո՞վ գիտե, գուցե լույսերը կտրեն ու պրեմիերան խափանվի։ Իմացանք նաեւ, որ հաջողված, գեղեցիկ ներկայացում է լինելու, բայց շտկելու բաներ միշտ էլ կան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել