Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդահամարը երկրի տերիտորիայում բնակվողների տարբեր հատկանիշները բնութագրող տվյալների հավաքման պրոցես

Հոկտեմբեր 26,2001 00:00

Մեր ընտանիքը դուրս մնա՞ց մարդահամարից Մարդահամարը երկրի տերիտորիայում բնակվողների տարբեր հատկանիշները բնութագրող տվյալների հավաքման պրոցես է։ Վերջին մարդահամարը մեր հանրապետությունում եղել է 1979թ.։ Այդ ժամանակաշրջանից անցել է 22 տարի եւ այդ ընթացքում շատ բան է փոխվել երկրում։ Այդ էր պատճառը, որ որոշվեց հոկտեմբերի 9-19-ը հանրապետությունում անցկացնել մարդահամար։ Հանրապետության բնակչությանը տեղեկացվել էր մարդահամար անցկացնելու՝ իշխանությունների որոշման մասին։ Մարդահամարը բացառապես վիճակագրության ուսումնասիրման համար չէ։ Այն շատ պատասխանատու գործ լինելով՝ պահանջում էր պատշաճ նախապատրաստում։ Այդ գործընթացի մեջ ներգրավվեցին հաշվարարներ, որոնք անհրաժեշտ տեղեկությունները սահմանված ձեւով լրացնելու էին՝ լինելով յուրաքանչյուր բնակարանում։ Ուստի, հաշվարարների ընտրությունները կատարելիս պետք է ցուցաբերվեր ամենայն լրջություն եւ անհատական մոտեցում յուրաքանչյուրի նկատմամբ, համոզվելով նրանց կարողությունների, գրագիտության եւ պատրաստվածության մակարդակի մեջ։ Հոկտեմբերի 9-ին սկսվեց մարդահամարը։ Ամեն օր սպասել եմ հաշվարարներին։ Իզուր, ոչ ոք չեկավ։ Ավարտվեց մարդահամարը։ Ի դեպ, տեղյակ պահեմ, որ տանը միշտ մարդ եղել է։ Այնպես որ, ոչ ոք չի կարող ասել, որ «եկել են, տանը մարդ չի եղել», չեն կարող ասել, որ «եկել ենք, դուռը բաց անող չի եղել», քանի որ իմ ընտանիքում նման վարքագիծ դրսեւորող մարդ չկա։ Պարզապես մեզ մոտ ոչ մի հաշվարար չի եկել։ Այսպես, մեր 5 անձից բաղկացած ընտանիքը մարդահամարից դուրս մնաց։ Ավելին, հաշվարարներ չեն եղել նաեւ մեր մուտքի 2-րդ եւ 4-րդ հարկում բնակվող միայնակ թոշակառուներ Լիդայի եւ Լենայի բնակարաններում։ Հաշվարարների մեջ, ինչ խոսք, շատ են եղել մարդիկ, որոնք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց հանձնարարված գործին, բայց, համոզված եմ, որ եղել են նաեւ այդ գործում թերացող այլ հաշվարարներ, որոնց անբարեխղճության պատճառով ոչ միայն իմ հարեւանները, իմ ընտանիքը, այլեւ շատ ընտանիքներ ու մարդիկ դուրս են մնացել մարդահամարից։ Այսքանից հետո մարդահամարի վերջնական արդյունքները կարելի՞ է հավաստի համարել։ ՎԱՐԴՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ինչպես պարզվեց, տիկին Հովհաննիսյանն այս մասին չի ահազանգել հայտարարվող հեռախոսահամարներով՝ դրանց տեղյակ չլինելու պատճառով։ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի վարչություն ահազանգեցինք մենք։ Վարչության պետի տեղակալ Արա Ասլանյանը հավաստիացրեց, որ գրանցվում եւ ստուգվում են բոլոր զանգերը։ Հոկտեմբերի 20-25-ը անձամբ իրեն ահազանգել էր 26 մարդ, վարչություն՝ մոտավորապես 40։ Այս թվերը պրն Ասլանյանը նորմալ է համարում։ Մարդահամարի ժամանակ չհաշվառվելու դեպքում քաղաքացիներն ամբողջ ՀՀ տարածքում կարող են տեղյակ պահել մինչեւ սույն ամսվա 31-ը ներառյալ։ Ա. Ասլանյանը խոստացավ, որ ինչպես բոլոր զանգերի դեպքում, վերոնշյալ կոնկրետ դեպքն էլ կստուգվի եւ հնարավորության դեպքում կպարզվեն նաեւ բացթողնման պատճառները։ Մեր կարծիքով, թերացումը կարող էր հնարավոր լինել նաեւ քարտեզագրման փուլում, քանի որ տվյալ շենքի բոլոր շքամուտքերը Մաշտոցի 17 հասցեն ունեն, իսկ այդ մեկը՝ Արամի 60։ Երեկոյան Ա. Ասլանյանը հայտնեց, որ իրենց հաշվարարներն արդեն այցելել են վերոնշյալ շքամուտքը եւ հաշվառել բնակիչներին: Իսկ բացթողման պատճառը հաշվարարի անփութությունն ու անպարտաճանաչությունն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել