Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը «Մոմենտում» ծրագրի (ժողով

Հոկտեմբեր 27,2001 00:00

ԲՈԼՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ ՆՈ՞ՒՅՆ ՀՈԳՍԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը «Մոմենտում» ծրագրի (ժողովրդավարական առաջնորդության զարգացում) շրջանակներում հոկտեմբերի 23-28-ը Ծաղկաձորի «Գրողների տանը» կազմակերպել է եռօրյա երկու նստաշրջան։ Սեմինարի երկու նստաշրջաններին մասնակցում են հանրապետության 50 երիտասարդ առաջնորդներ, որոնք աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀ նախարարություններում, ՀՀ Ազգային ժողովում, կառավարական հանձնաժողովներում, քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություններում (ինչպիսիք հասարակական կազմակերպություններն են)։ Անցած 10 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունը մոտ 1,4 մլրդ դոլար է տրամադրել Հայաստանին, որպես մարդասիրական օգնություն։ 1994-95թթ. սկսվեց աստիճանական սահուն անցումը մարդասիրական օգնություններից դեպի զարգացման ծրագրերը, քանի որ երկրում անհրաժեշտ էին այնպիսի կազմակերպություններ, որոնք կկարողանան կազմակերպել երկրի ռեսուրսները։ Այդ նպատակն ունի 1999թ. ապրիլին նախաձեռնած «Մոմենտում» ծրագիրը, որը շարունակվելու է եւ, ինչպես հավաստիացնում են ծրագրի ղեկավարները, Հայաստանին բերելու է իր օգնությունը։ Քանի որ, ինչպես նշեց Մարդկային զարգացման միջազգային գործակալության գործադիր տնօրեն Քիթ Սիմոնսը, մուտք գործելով նոր հազարամյակ, Հայաստանը կանգնած է իր քաղաքական եւ տնտեսական համակարգերը անցյալի մեծապես կենտրոնացված խորհրդային համակարգից ավելի ժողովրդավարական, բաց եւ շուկայական ուղղվածության անցման դժվարին խնդրի առաջ։ Դոնոր կազմակերպությունները, այդ թվում նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ամեն կերպ օժանդակում են Հայաստանում այդ անցումային շրջանը հեշտացնելուն, սակայն ամենակարեւոր բաղադրիչը դոնորները չեն կարող տալ եւ դա ստեղծագործ ու հեռատես առաջնորդությունն է։ Բայց չէ՞ որ այս առաջնորդելու տաղանդի պաշարներից է կախված Հայաստանի հաջողությունը, թե այդ կարեւորագույն անձինք կյանքի բոլոր ասպարեզներում ինչ են ձգտում իրականացնել, լինի դա պետական թե մասնավոր սեկտորում։ Որպեսզի փոփոխություններ մտցվեն հաստատություններում, օրենքներում եւ կազմակերպություններում՝ ժողովրդավարական եւ շուկայական ուղղվածության հասարակական կարիքները հոգալու համար, բնականաբար, պետք է առաջին հերթին առաջնորդների մտածողության մեջ փոփոխություն լինի։ Իսկ եթե առաջնորդը հավատարիմ մնա իր հին մտածելակերպին եւ գործելակերպին, ապա Հայաստանը ժողովրդավարական եւ բարգավաճ դարձնելու անհրաժեշտ փոփոխությունները չեն իրականանա։ Սեմինարին մասնակցող 50 երիտասարդ ղեկավար աշխատողները Հայաստանի այսօրվա պոտենցիալի փոքրածավալ պատկերն են ներկայացնում, որոնց այս 3-օրյա սեմինարը կօգնի ավելի զարգացնել առաջնորդական ունակությունները եւ ընդլայնել Հայաստանի երիտասարդ, դինամիկ առաջնորդների ցանցը։ Կարճաժամկետ սեմինարի բոլոր մասնակիցներին տրվելու են վկայականներ, իսկ լավագույն լիդերի հատկություններ դրսեւորած 12 մասնակիցները (որոնք կընտրվեն հարցազրույցների արդյունքում) առավել խորացված ու ինտենսիվ ուսուցման համար 2001-ի նոյեմբերին կմեկնեն ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգ, Քեմբրիջի բախումների կառավարման խմբի կենտրոնակայան՝ երկու շաբաթվա կուրսերի։ Ի դեպ, լրագրողի այն հարցին, թե տարբերվո՞ւմ են արդյոք ամերիկյան երիտասարդ կառավարողներից հայ կառավարողները, պրն Սիմոնսը պատասխանեց, որ չեն տարբերվում, քանի որ, ինչպես հայ, այնպես էլ ամերիկացի կառավարողը ունի նույն հոգսերը, այն է՝ մտածում է, որ աշխատանքի հնարավորություն լինի, որպեսզի կարողանա իր ընտանիքը պահել, երեխաներին կրթության տալ։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել