Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հոկտեմբեր 31,2001 00:00

ԱՌԱՆՑ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Իսպանիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը տղաների եւ աղջիկների միջեւ։ Արդեն խաղացվել է ութ տուր, որից հետո մրցաշարային աղյուսակներում Հայաստանի ներկայացուցիչների դիրքերում արժանահիշատակ տեղաշարժեր չեն արձանագրվել։ 10 տարեկան աղջիկների պայքարում Հայկուհի Ալեքսանյանը սեւերով ոչ-ոքի արեց Սիոնեդ Ռիիսի հետ եւ 3,0 միավորով 50-րդ տեղում է. Աննա Հայրապետյանը թեպետ պարտության մատնեց Ժանեթ Էստելլա Լոպեսին, սակայն նախորդ տուրերում շատ միավորներ կորցնելու պատճառով չկարողացավ մրցաշարային աղյուսակում նկատելիորեն բարելավել դիրքը։ Ութ տուրից հետո նա 51-րդն է եւ ունի 3,5 միավոր։ Անհաջողության մատնվեց 16 տարեկանների խմբում հանդես եկող Լիանա Աղաբեկյանը։ Նա սեւերով տանուլ տվեց սլովակուհի Զյուզաննա Գրեգորովային ու շարունակում է դեգերել հինգերորդ տասնյակում (3,5 միավոր, 48-րդ հորիզոնական)։ Հայաստանի շախմատիստներից, թերեւս, ամենից հաջող մրցելույթներ ունենում է տասնամյա Հրայր Սիմոնյանը։ Ճիշտ է, ութերորդ տուրում նա եւս չկարողացավ խուսափել պարտությունից (նա սեւերով զիջեց ուկրաինացի Պավլո Կրուգլյակովին), սակայն 5,5 միավորով 7-րդ տեղում է եւ դեռ կարող է պայքարել ավելի բարձր արդյունքի համար։ Թիմակիցներին ուրախացրեց Զավեն Անդրիասյանը (12 տարեկաններ), որը հաղթեց Պաբլո Տիերրասեկային (Իսպանիա) եւ 4,5 միավորով հանգրվանեց 46-րդ հորիզոնականում։ 14 տարեկան Վարդան Մովսիսյանը միավորը բաժանեց Սերջիո Գուերրերո Օլմոսի (Իսպանիա) հետ։ Վարդանը 5,0 միավորով հայտնվեց 28-րդ տեղում։ Եվ, վերջապես, Տիգրան Գարամյանը կարեւոր միավոր կորցրեց չինացի Հուա Նիի հետ պարտիայում եւ իր անվան դիմաց պահպանելով նախապես վաստակած 4,5 միավորը, 24-րդ հորիզոնականում է։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել