Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈԼԹ ԼԵՅՔ ՍԻԹԻՆ «ԵՌՈՒՄ» Է

Փետրվար 01,2002 00:00

ՍՈԼԹ ԼԵՅՔ ՍԻԹԻՆ «ԵՌՈՒՄ» Է Հաշված օրեր են մնացել Ամերիկայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում (Յուտայի նահանգ) մեկնարկելիք ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին։ Եվ օր օրի աշխարհի զանգվածային լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ տեղ ու ժամանակ են հատկացնում այս խոշորագույն մարզական տոնահանդեսի հետ անմիջական կամ անուղղակիորեն առնչվող իրադարձություններին։ «Առավոտն» էլ, նպատակ ունենալով ինչ-որ չափով բավարարել հայաստանցի մարզասերների՝ տեղեկատվություն ստանալու պահանջմունքը, այսուհետ պարբերաբար կտպագրի Սպիտակ օլիմպիադայի նախապատրաստության եւ ընթացքի մասին հետաքրքիր տեղեկատվություններ։ ՄՕԿ-ի նախագահը ժամանեց Սոլթ Լեյք Սիթի Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հունվարի 29-ին ժամանեց օլիմպիական խաղերի մայրաքաղաք եւ այցելեց օլիմպիական ավան, որտեղ բնակվելու են մարզիկներն ու մարզիչները։ Այս մասին տեղեկացնում է «CNN» գործակալությունը։ «ՄՕԿ-ը լիովին բավարարված է նախապատրաստական աշխատանքից,- հայտարարել է Ռոգեն։- Իսկ օլիմպիական ավանն այս քաղաքի լավագույն վայրն է։ Ես երջանիկ եմ, որ մի քանի օր հետո հնարավորություն կունենամ ընկղմվելու ավանի անկրկնելի մթնոլորտ»։ Իսկ այդ մասին Ռոգեն տեղյակ է ըստ էության, այլ ոչ թե լսելով։ ՄՕԿ-ի թիվ մեկ պաշտոնյան դառնալուց առաջ նա որպես առագաստանավորդ եղել է Բելգիայի օլիմպիական հավաքականի անդամ։ Ռոգեն նաեւ ընդգծել է, թե Ամերիկայի պաշտոնական անձանցից հավաստիացումներ է ստացել այն մասին, թե օլիմպիադան ահաբեկչությունից ապահովագրված է այնքան, որքան դա թույլ են տալիս «մարդկային հնարավորությունները»։ Քոֆի Անանը կայցելի օլիմպիադա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը այցելելու է Սոլթ Լեյք Սիթի եւ ճառ է արտասանելու, տեղեկացնում է «Reuters»-ը։ Դա կլինի փետրվարի 9-ին՝ օլիմպիական խաղերի բացման արարողության հաջորդ օրը։ Ելնելով անվտանգության ապահովման շահերից՝ կազմակերպիչները Անանի հետ հանդիպման վայրը կհայտարարեն վերջին պահին։ Օլիմպիական ավանը պաշտոնապես բացվեց «Ազատություն» ռ/կ-ն իրազեկում է, որ երեքշաբթի օրը տեղի է ունեցել 2002թ. ձմեռային օլիմպիական խաղերի ավանի պաշտոնական բացման արարողությունը։ Փետրվարի 8-ից 24-ը Սոլթ Լեյք Սիթիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի օրերին այստեղ կբնակվեն աշխարհի 84 երկրների 3,5 հազար մարզիկներ ու մարզիչներ։ Ստեղծված են բոլոր պայմանները Օլիմպիական ավան ժամանող բոլոր մարզիկներն անձամբ կհամոզվեն, թե կազմակերպիչները որքան են ջանացել առավելագույն հարմարություններ ստեղծելու համար,- տեղեկացնում է «La Gazzeta dello sport»-ը։ Ավանի տարածքում գործելու են բազմաթիվ ռեստորաններ ու սրճարաններ, այդ թվում ամերիկյան ավանդական «Մակդոնալդսը», կինոթատրոն, անգամ՝ գեղեցկության սրահ, որտեղ ցանկացողները կարող են օգտվել մերսման ծառայությունից։ Կփոխհատուցի կազմկոմիտեն «Twin Peaks Ice Arena» կատարած ստուգայցի ժամանակ, որտեղ հարաբերություններն են պարզելու հոկեյիստները, Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Միթ Ռոմնին ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ մրցավայրի ճարտարապետական նախագծի թերությունների հետեւանքով արեւմտյան տրիբունայի հանդիսականներին խաղադաշտի մի հատվածը տեսանելի չէ։ Այս առիթով Ռոմնին հայտարարել է, թե կազմկոմիտեն պատրաստ է փոխհատուցել այն 23 հազար մարզասերներին, ովքեր արդեն այդտեղի տոմսերը ձեռք են բերել։ Նրանք կարող են կամ վերադարձնել տոմսերը, որոնց արժեքը տատանվում է $45-ից $125-ի միջեւ, կամ որպես որոշակի փոխհատուցում՝ կազմակերպիչներից խաղերի ընդմիջումների ժամանակ անվճար սննդի կտորներ ստանալ։ Եթե կազմկոմիտեն ստիպված լինի վերադարձնել մարդկանց փողերը, հոկեյից ստացվելիք շահույթը կնվազի $1 մլն 290 հազարով։ Երկրորդ պարագայում վնասը կկազմի ընդամենը $238 հազար։ Ռոմնիի հաշվարկներով՝ կազմակերպիչների դրամական կորուստը միջին հաշվով կլինի $500-600 հազար։ Պատ. ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել