Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԵՎ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ

Փետրվար 07,2002 00:00

ԻՐԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԵՎ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ «Սիմորղը» (երեսուն հավք) իրանական առասպելական թռչունն է, որի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք «Ավեստա»-ում։ «Սիմորղն» այս օրերին թեւածում է Թեհրանի երկնքում։ Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձի տասնօրյակում՝ փետրվարի 1-ից 12-ը մեկնարկել է «Ֆաջր» 20-րդ կինոփառատոնը։ 2001 թվականին արտադրված ավելի քան 22 իրանական ֆիլմ ներկա է մրցութային բաժնում։ Թե ո՞ւմ ուսին կնստի երջանկաբեր հավքը՝ դժվար է ասել։ «Ֆաջր» (այգաբաց) փառատոնը կտրել է 20 երկար ու ձիգ, անկումներով ու վերելքներով, բառացիորեն տատասկոտ ճանապարհ։ Հետհեղափոխական Իսլամական Իրանը ընթացավ նոր գաղափարախոսության լույսի ներքո տրված գնահատականների, ժխտումների, հաստատումների ու վերարժեւորումների թոհուբոհի միջով։ Իրանական կինոն ազդվեց այդ բոլորից ու արտացոլեց այդ ամենը։ Հին սերնդի կողքին հասակ նետեցին նոր, խոստումնալից երիտասարդ բեմադրիչներ, շնորհաշատ ու համարձակ, որոնք իրանական կինոյին բերեցին փառք ու մրցանակներ Իրանի սահմաններից անդին։ Անառակ որդիները ընդունվեցին վարանումներով։ Սակայն 777 խորհրդանշական թվով միջազգային կինոփառատոնային մրցանակներ շահած Իրանի կինոն ունի դեռ իր պրոբլեմները։ 12 միլիոնանոց Թեհրանում այս օրերին 12 կինոդահլիճներում մրցութային երկու բաժինների կողքին ցուցադրվում են նաեւ Էլիա Քազանի, Քլոդ Շաբրոլի ֆիլմերը։ Առընթեր բաժինները շատ են։ Առանձին դահլիճներում քննարկվում են ֆիլմերը։ «Ֆաջր» փառատոնը Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարությունների շարքում ամենամասշտաբային միջոցառումն է։ Բահման՝ փետրվար ամսին մեկը մյուսի ետեւից սկսվում են երաժշտության, թատրոնի եւ կինոյի փառատոները։ Քաղաքը փառատոնային համ ու հոտ է բուրում։ Թեպետ կինոդահլիճները քանակով եւ որակով չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, սակայն բոլորը շտապում են դիտել աշխարհահռչակ կինոբեմադրիչներ Աբբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Նասեր Թաղվաիի, Սամիրա Մախմալբաֆի, Ռախշան Բանի Էըթէմադի եւ այլոց ֆիլմերը։ Իհարկե, թվարկած անունները միշտ չէ, որ նոր ֆիլմեր են կարողանում ներկայացնել։ Թեպետ Մ. Մախմալբաֆը իր «Դեպի Ղանդահար» ֆիլմով կինոաշխարհն է գրավել, բայց 6-րդ տարին է, ինչ բացակայում է այս փառատոնից։ Բացականեր կան, որոնց հիշատակը հարգում են թե կինեմատոգրաֆիստները, թե լրագրողները։ Անցյալ տարի իրանական կինոն կորցրել է շատ հանրաճանաչ դեմքեր։ Մահացել է կինոբեմադրիչ Սամվել Խաչիկյանը, որն Իրանի կինոպատմության մեջ հայտնի է որպես «սարսափի արքա»։ «Աժիր» կինոստուդիայի վարիչ Ժոզեֆ Վայեզյանը եւ Ռուբիկ Քարիմ Մասիհին եւս մահացան անցյալ տարի։ Միակ հայ անունը, որին հանդիպում ենք՝ երիտասարդ կինոքննադատ եւ լրագրող Ռոբերտ Սաֆարյանն է։ Այս տարի թեմաների ընտրության մեջ բազմազանություն է նկատվում։ Շատ նուրբ խնդիր է շոշափվում «Վերջին ընթրիք» ֆիլմում, որի գլխավոր հերոսուհին 45-ամյա դասախոս է։ Նրան սիրում է իր 24-ամյա ուսանող Մանին, որին սիրում է նաեւ դասախոսի աղջիկը։ Կին-տղամարդու այսպիսի կապի մասին առաջին անգամ է խոսվում իրանական կինոյում։ Հետաքրքիր է նաեւ «Նեգին» ֆիլմի սյուժեն։ Այն անդրադառնում է պարտադիր պոռնկությանը եւ աղջիկների վաճառքին՝ արաբական երկրներ ուղարկելու համար։ «Ցածրադիր բարձունքներ» անունով ֆիլմը պատմում է ծայրահեղ հուսահատության հասած մի տղամարդու մասին, որը կնոջ, երեխայի ու ընտանիքի մյուս անդամների հետ փորձում է առեւանգել դեպի հարավ թռչող ինքնաթիռը։ Այդ հուսահատ քայլին է դիմում գործազրկության, կապանքների եւ օրվա հացը հայթայթելու անհնարինության պատճառով։ «Ֆաջր» կինոփառատոնի միջազգային բաժնում ներկայացվել են մի շարք հետաքրքիր ֆիլմեր՝ «Խոստում» ամերիկյան ֆիլմը, որի նորաթուխ բեմադրիչն է Շան Փեն դերասանը. «Պեկինյան հեծանիվը» Չինաստանից, Ֆրանսիայից Ժան Լյուկ Գոդարի «Սիրո փառաբանումը», բոսնիական «Ոչ ոքի հողը»՝ սերբ-բոսնիական պատերազմի մասին լավագույն ֆիլմերից մեկը եւ այլն… Հատուկ բաժնում ցուցադրվում է Սթենլի Քուբրիքի հիշատակին նվիրված «Մեկ կյանք կինոյում» ավստրալիական ֆիլմը՝ Եան Հարլենի բեմադրությամբ։ Մի այլ բաժին նվիրված է աֆղանական եւ սկանդինավյան ֆիլմերին։ «Շրջանակից հեռու» բաժնում քննարկվում են հագուստի եւ կինոբեմի ձեւավորումների հարցերը՝ ընտրված ֆիլմերի դիտումով։ Եվ, իհարկե, «Խաղաղության որոնումներ» խոսուն բաժինը, ուր ցուցադրվում են «Մեծ թյուրիմացություն» (Ֆրանսիա, Ժան Ռենուար), «Թշնամին դարպասների ետեւում» (Ամերիկա, Ժան Ժաք Անոյ), «Գերմանիա, Զրո թվական» (Իտալիա, 1947, Ռոբերտո Ռոսիլինի), «Կոմիսար» (Խորհրդային Միություն, 1967-1988, Ալեքսանդր Սկալդոֆ) եւ Անդրեյ Տարկովսկու «Նվիրաբերում» (Շվեդիա-Ֆրանսիա, 1986թ.) ֆիլմերը։ Փառատոնի ընթացքում ամեն օր տպագրվում է «Նոր կինո» օրաթերթ-բյուլետենը, նաեւ ֆիլմերի լիակատար ցանկը, որոնք վաճառվում են տոմսարկղերում։ Ավտոբուսները հարյուրավոր դիտորդներին տեղափոխում են մի կինոդահլիճից մյուսը։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել