Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆՈՋ ՀԱՅԱՑՔ

Փետրվար 09,2002 00:00

ԿՆՈՋ ՀԱՅԱՑՔ ԱԺՄ բեկումնային համագումարում Վարդուհի Իշխանյանի խոսքն ամենասուր ելույթներից էր։ Նա դեռ այն ժամանակ հայտարարեց, որ կատարվածը որոշ գործիչների հարմարվողականության եւ իշխանասիրության հետեւանքն է, ինչի հետ տեւական ժամանակ չէր համաձայնում նրա ամուսինը՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ – ՀԺԱՄ գործիչների այժմ արվող խոստովանությունները, թե իրենց համար խորթ չէ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կարելի՞ է ընդունել որպես ապացույց, որ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺՄ-ում, ածանցվում էր իշխանությունների կողքին տեղ գրավելու ոմանց ցանկությունից։ – Հիմնական պատճառը տարբեր ընտրություններում անհաջողություններն էին (թեեւ գտնում եմ, թե անհաջող չէին՝ այնուամենայնիվ, ԱԺՄ պատգամավորները ամենաերկարակյացն են)։ Բայց շատերն ավելի մեծ ձգտումներ ունեին: Իսկ հիմա, ինձ թվում է, նրանք ուրիշ ճար չունեն, քան ներկա նախագահի թեկնածությունը պաշտպանելը։ Եվ եթե ասում են, թե թեկնածու ունեն, բայց հետո կասեն՝ պարզից պարզ է, որ նկատի ունեն Ռ.Քոչարյանին, ուղղակի ավելի թանկ են ուզում իրենց վաճառել։ Հիմա շատերը չեն ասում, թե պաշտպանելու են նրան, որ իրենց կանչեն, առեւտրի պայմաններ առաջարկեն։ – Իսկ նրանք այդպիսին դարձա՞ն, թե՞… – Այս տարիների ընթացքում շատերը չդիմացան փորձություններին։ Թույլ մարդիկ դուրս մնացին ասպարեզից եւ, ինձ թվում է, մյուս ընտրություններին սրանց մասին չենք էլ հիշելու։ Նրանք կմոռացվեն-կգնան։ – Իսկ ընդհանրապես, գուցե մենք ավելի՞ն ենք պահանջում մեր քաղաքական գործիչներից, ենթադրելով, որ նրանց մղումները գերազանցապես պիտի թելադրված լինեն սկզբունքներով կամ գաղափարներով։ Գուցե այսուհանդերձ շատ ավելի վճռորոշ են մարդկային ձգտումները՝ լուծել կենցաղի խնդիրներ։ – Ես քաղաքական գործիչներին վատ չեմ վերաբերվում, նրանց բոլոր թերությունները տեսնելով հանդերձ։ Շատ կարգին, սկզբունքային մարդիկ կան նրանց մեջ։ Ուղղակի նրանց գործունեությունը բոլորի աչքի առջեւ է, եւ նրանցից իրոք շատ բան են սպասում, թե պիտի ինչ-որ բան փոխեն։ Նրանք ուղղակի հասարակության հայելին են։ Թե չէ՝ շատ ավելի վատ բաներ են կատարվում մտավորականների շրջանում (ապացույցը թեկուզ գրողների համագումարն էր), ցանկացած գիտահետազոտական ինստիտուտում, համալսարանի ամբիոններում, լրագրողների շրջանակում՝ բոլո՛ր ասպարեզներում։ Հայաստանի ընդհանուր մթնոլորտն է դարձել այդպիսին։ – Նո՞ր է դարձել։ – Առաջ էլ կար, բայց հիվանդություններն այժմ ավելի են խորացել, իմ կարծիքով։ – Մի առիթով այսպիսի համոզմունք հայտնեցիք, թե մինչ մամուլի ուշադրությունը սեւեռված է հիմնականում քաղաքական գործիչների վրա՝ որեւէ կուսակցության չպատկանող զանազան դեմքեր, մնալով ստվերում՝ ավելի մեծ ավերածություններ են գործում։ – Այս համոզվածությունն ունեի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանում, երբ խոսում էին, թե նա կամ այնինչը տուն է սարքում Փարիզում կամ չգիտեմ որտեղ։ Ես համոզված եմ՝ «Ղարաբաղ» կոմիտեի վերնախավը, կարող է, շա՜տ ուրիշ թերություններ է ունեցել, ասենք, ժողովրդավարության ասպարեզում, բայց այդպիսի բաներ, համենայն դեպս, մինչեւ 1995-ը չեմ կարծում, թե արել են։ Ավելի շատ նրանց միջին օղակներն են արել՝ սուսուփուս օգտվելով առիթից։ Եվ իսկապես հսկայական այդ թալանը, որի մասին խոսում է Արշակը՝ գուցե չափազանցելով, արել են հիմնականում այդ միջին օղակները՝ քծնանքով, ձեռք բերելով տարբեր վերին պաշտոնյաների վստահությունը։ Չեմ ուզում բացառել, կարող է, ավելի վերեւներն էլ են արել։ Բայց մյուսներն ավելի՛ են օգտվել եւ, ինձ թվում է, հիմա էլ են նրանք ավելի շատ օգտվում։ Մարդիկ կան, որոնք Լեւոնի իշխանությունից մինչեւ հիմա մնացել են, բոլորը գիտեն դրանց մասին։ Բայց չգիտես ինչի՝ նրանք մնում են ջրի երեսին։ Եթե սկսեք հետեւել, թե հիմնականում ովքեր են առանձնատների տերերը՝ կհամոզվեք, որ ավելի շատ վարչությունների պետեր են, փոխնախարարներ… – Ձեր այս համոզվածությանը չի՞ հակասում այն, որ 1995-ից առաջ էլ էին ԱԺՄ-ականները երկրի առաջին դեմքերին ուղղում մեղադրանքներ՝ թալանի եւ չարաշահումների վերաբերյալ։ – Նրանք, այնուամենայնիվ, ավելի շատ ոչ թե դրա մասին էին խոսում (միգուցե՝ բացառությամբ Արշակի), այլ ավելի շատ սկզբունքային եւ քաղաքական հարցեր էին առաջադրում՝ սովորակա՞ն ազգ, թե՞ համաշխարհային, խորհրդարանակա՞ն կառավարում, թե՞ նախագահական։ Ճիշտ է, բավական սուր էր առճակատումը, քանի որ, ի վերջո, միասին էին սկսել, բայց տարբեր էին տեսնում Հայաստանի ապագան՝ մեկը տեսնում էր Սիրիայի նման երկիր, մյուսը՝ Նոյեմբերյանում իրենց գյուղի նման, մյուսն՝ ավելի համաշխարհային, եվրոպական երկրների հետ մրցող պետություն։ – Եվ ինչի՞ նման է այժմ Հայաստանը։ – Չեմ ուզում ասել։ Ինչ-որ ստացվեց, շատ վատ է։ – Եվ հիմա, երբ բացահայտվեց նաեւ ԱԺՄ-ի զանազան գործիչների «երազանքների» սահմանը, Դուք էլի վստահ եք, որ եթե այդ թիմը գար իշխանության՝ Հայաստանը կարողանալու էր մրցել եվրոպական երկրների հե՞տ։ – Գիտեք ինչ՝ բոլորի հետ միասին։ Կարծում եմ, որ առաջնորդով շատ բան է պայմանավորված։ Շարժման սկզբից շատ մեծ ոգեւորություն կար, եւ ժողովուրդն իսկապես սկսել էր առողջանալ։ Ի վերջո, ինչ-որ բանի մարդիկ պիտի հավատան, որ կարողանան երկիրն այդ վիճակից հանել։ – Սակայն ոգեւորությունը, որպես կանոն, արագ է անցնում։ – Ոչ, եթե հաջողությունների ես հասնում՝ չի անցնում։ Օրինակ, երբ Վազգեն Մանուկյանը դարձավ ՊՆ նախարար, փոխվեց պատերազմի ելքը, հաղթանակներ եղան։ Եվ այդ ժամանակ ՊՆ-ն բազմակուսակցական էր՝ ե՛ւ դաշնակցականներ կային, ե՛ւ ՀՀՇ-ականներ, ե՛ւ ԱԻՄ-ականներ։ Բոլոր կուսակցությունների մեջ լավն էլ կա, վատն էլ։ Բայց այս թույնի մթնոլորտում, երբ հանդուրժողականություն չկա՝ ոչ մի բանի չես հասնի։ Ի վերջո, միշտ, երբ մեկին ասում ես՝ դու վա՛տն ես, կաշառակե՛ր ես, ավազա՛կ ես, մի օր էլ կասի՝ տո լավ էլ այդպիսին կդառնամ (ինչպես եթե երեխային անընդհատ ասես, որ ինքը վատն է՝ երբեք նորմալ մարդ չի դառնա)։ Ինչ-որ տեղ այդ մեղադրանքներն էլ փչացրին իշխանությանը։ Չեմ ուզում արդարացնել՝ նրանք շատ վնաս տվեցին, վարկաբեկեցին ընտրությունների, ժողովրդավարության, շուկայական տնտեսության գաղափարները։ Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանն ամենաշատը դա չի ներվում՝ հավատի կորուստը։ Նույն բանն էլ հիմա է կատարվում։ ՀՀՇ-ն ատում է ՀՅԴ-ին, ՀՅԴ-ն՝ ՀՀՇ-ին… այդ ատելության մեջ խորանում են մարդկանց վատ գծերը։ – Կարծում եք, թե քաղաքական մթնոլորտում թույնն ավելի շա՞տ է։ Իմ կարծիքով, ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները միշտ էլ առանձնապես բարեկիրթ չեն եղել։ – Շա՛տ է ավելացել այս տարիների ընթացքում։ Այն ժամանակ թույն կար միայն ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Հիմա թույն կա ե՛ւ իշխանության ներսում՝ միմյանց նկատմամբ, ե՛ւ ընդդիմության ներսում։ Հետո՝ բոլորի հավակնություններն են շատ մեծացել, քանի որ իշխանական նշաձողը շատ իջավ եւ հիմա ամեն մեկին թվում է, թե ինքն էլ կարող է դառնալ նախարար, վարչապետ, նախագահ։ Թեկնածուների քանակը շուտով երեւի կհասնի 2 միլիոնի։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել