Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գրչագրություն

Փետրվար 09,2002 00:00

Գրչագրություն Իրավունք ունի գրադուլ հայտարարելու այն գրողը, որն իր անունով աստղ չունի տիեզերքում, որպեսզի նրա տակին բախտավոր աստղի տակ ծնվի մի սկսնակ։ Եթե գրողի գրիչը սուր է, նա պետք է գրչածայրը բթացնի՝ ջնջելով ընդգրկելիք հատուկ անունները. դրա իմաստը պիտի լիներ հետսոցիալիստական հումանիզմ։ Նկարիչների միության էմբլեման դարձել է վրձինների խուրձը՝ մի-մի նվիրատվությունը նրա բազմանդամներից։ Ոտանավորը խփում է գնդակին, որը ֆուտբոլի դաշտից թռչում-հասնում է բասկետբոլի դաշտը եւ անցնում է ցանցապատ զամբյուղի միջով։ Երկու մարզաձեւերի դաշտի տեր դատավորները, եղյալ-չեղյալի վեճի շարունակությամբ, իրականացնում են երրորդ մարզաձեւը՝ բռնցքամարտի բարեկամական հանդիպումը։ Մի քանդակագործ այսքանը կարդալուց պահանջ ներկայացրեց, որ Նկարիչների միության էմբլեմայի մեջ ընդգրկվի Արագածի մեկ քառորդը։ Ագուտագավան Նիցշեի եւ Շոպենհաուերի ռեֆլեքսների համադրությունն է իր նոնկոնֆորմիստական դիտողականությամբ եւ հոռետեսական նախատրամադրվածությամբ։ Նա իր սեփական վաղաժամ գերհասունության զոհն է։ Մարդու համար ճշմարտությունները պետք է բացահայտվեն աստիճանաբար՝ ըստ իր տարիքային ամրակազմության։ Նմանատիպ աստիճանավորումը վերաբերում է եւ գերերկրային իմացությանը, մարդու համար։ Մի շարք խելագարությունների պատճառ է դառնում իմացության ողջախոհ ռիթմի խախտումը՝ խելագարություն, որի գռեհիկ մեկնաբանությունը վերագրվում է առհասարակ ձեր իմացությանը։ Կանտյան բարոյական իմպերատիվի ամրապնդումից հետո միայն կարելի է մերձենալ ֆրեյդիզմի ըստ էության միակողմանի ու վտանգավոր ուսմունքին, առավել եւս դրա գռեհկացրած մշակումներին, մինչդեռ հրատարակչական մերկանտիլիզմը ավերածություններ է գործում հատկապես պատանիների սոցիալ-բարոյական ոլորտում։ Թարգմանության բնագավառում եւս կայանում են խոտորումներ։ Եվրոպական մի շարք լեզուների թարգմանությունների մեջ «Ես դուռն եմ» (հացը, ջուրը, լույսը) հայերիս անհանդուրժողականության միջով թարգմանվել է՝ «Ես եմ դուռը» (հացը եւ այլն)։ Շեշտափոխությունն իր հետ բերում է ազգային ինքնորոշման համար անհրաժեշտ դիմադարձությունը քրիստոնեության մյուս ճյուղավորումների հանդեպ։ Ձեռքի հետ արած գործը հազիվ թե արժանանա անձեռակերտ լինելու գնահատականին։ Բայց եւ այնպես, ոչ մեկը իրավունք չունի արվեստագետին զրկելու անտաղանդ լինելու իրավունքից։ Գրչագրությունն այն է, որ գրիչը ստիպում է գրել նաեւ այն, ինչ կարող է հետաքրքրել ուրիշներին։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել