Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Փետրվար 16,2002 00:00

ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ Համենայնդեպս, մամուլի ներկայացուցիչները պատրաստ են ընդունել կառավարության մարտահրավերը «Օրենքի այս նախագիծը միջազգային փորձագետներին ներկայացնելն անգամ ամոթ է ու խայտառակություն։ Սա ետդարձ է ժողովրդավարությունից։ Այս օրինագծով փորձ է արվում չորրորդ իշխանությանը տարրալուծել առաջին երեք (օրենսդիր, գործադիր, դատական) իշխանությունների մեջ»,- ահա այսպես միահամուռ կերպով լրագրողները փորձում էին դիմագրավել կառավարության կողմից իրենց «վզին փաթաթվող» նոր օրենքը՝ «Զանգվածային լրատվության մասին»։ Մոտ երկժամյա բուռն քննարկումների ընթացքում արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի հեղինակած օրենքի նախագիծը լրագրողական ծանր հրետանին ջախջախեց, համարելով, որ այդ օրինագիծն իր անհեթեթության մեջ այնքան անթերի է, որ ուղղակի անիմաստ է դրա հիման վրա աշխատելը, առաջարկություններով եւ փոփոխություններով դա քիչ թե շատ խելքի բերելը։ Ընդ որում, ըստ «Իրավունք» թերթի լրագրող Հովհաննես Գալաջյանի, Աշոտ Աբովյանն ընդամենը ձեւակերպել, միս ու արյուն է տվել իրեն ներկայացված կոնցեպցիային, որի միակ նպատակը խոսքի ազատության հնարավորինս խիստ սահմանափակումներն են. «Կոնցեպցիան պարզ է. առավելագույնս մամուլից պաշտպանել չինովնիկությանն ու իշխանությունների կողմից հովանավորվող տնտեսվարող շրջանակներին։ Առավելագույնս հնարավորություն տալ նրանց՝ թերթերի հետ դատական եւ վարչական հաշվեհարդար տեսնել։ Եվ, ի վերջո, հնարավորություն տալ ապահովագրվելու նրանից, ինչից իշխանավորների սիրտը ճաքում է՝ ծաղրանքից, ծաղրանկարներից, անհարմար տեղերում արված լուսանկարներից եւ այլն։ Այս օրենքը հնարավոր չէ բարելավել, հնարավոր չէ չեզոքացնել։ Եթե փորձեն շրջանառության մեջ պահել, մենք պետք է հակաքայլեր անենք։ ԶԼՄ-ների ղեկավարները պիտի դիմեն օրենքով չարգելված ցանկացած քայլի, ընդհուպ՝ միջազգային կառույցներին դիմելը՝ որ Հայաստանում գրաքննություն մտցնելու վորձ է արվում»։ Իսկ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը համարում էր, որ այս օրինագիծը շրջանառությունից չհանելը եւ ԱԺ ուղարկելը նշանակում է, թե կառավարությունը ԶԼՄ-ներին պատերազմ է հայտարարում եւ, որպես կոնկրետ թերթի ղեկավար՝ Ն. Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ընդունելու մարտահրավերը. «Նույնիսկ չպետք է քննարկել՝ հանե՞լ այդ օրենքը, թե՞ ոչ։ Ուղղակի պետք է քննարկել՝ ինչպե՞ս հանել։ Այդ օրինագիծն իր տեսակի մեջ անթերի է՝ ստեղծել այնպիսի շիլաշփոթ, որ ոչ մի լրատվամիջոց չկարողանա գլուխ հանել»։ Իրավաբան Դավիթ Պետրոսյանն ապացուցում էր, որ այս օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի հանդեպ ՀՀ-ի ընդունած միջազգային պարտավորություններին. «Օրենքով ուղղակի գրաքննություն է մտցվում։ Ստացվում է, որ եթե նախարարներից (կամ փոխնախարարներից) մեկը պոռնիկների հետ սաունայում լինի, պիտի թույլտվությունք խնդրենք՝ նկարե՞նք Ձեզ, թե՞ ոչ։ Այո՛, անթերի օրենք է՝ լրատվամիջոցները վերացնելու առումով»։ ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը լավատես էր, թե կառավարությունում ողջամիտ կլինեն, եւ իրենք կհանեն օրինագիծը, չեն ներկայացնի ԱԺ։ «Դա ոտից գլուխ անընդունելի օրենք է»,- Շավարշ Քոչարյանն այս գնահատականից բացի եւս մի՝ «անհեթեթ», որակում է տվել օրինագծին՝ լրատվամիջոցներից մեկում։ Երբ Աշոտ Աբովյանը (նա, ի դեպ, հերոսաբար եւ կայուն միատոնությամբ պաշտպանվում էր վրդովված լրագրողներից՝ որեւէ հակափաստարկ չներկայացնելով եւ անդրդվելիորեն պնդելով, թե օրինագիծը դեռ պիտի քննարկվի եւ շրջանառությունից չի հանվի) «վրդովմունք հայտնեց», որ թերթերում Շ. Քոչարյանի անունից «անհեթեթ» է որակվել օրինագիծը։ Այս վրդովմունքին ի պատասխան, պրն Քոչարյանը պարզաբանեց. «Իմ անունից չի եղել, հենց ի՛մ որակումն է եղել»։ Ի դեպ, մեկ անգամ էլ անդրադառնանք որակումներին։ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրը կարծիք հայտնեց. «Այդ օրենքը ստեղծված է մի ավտոտեսուչի կողմից (համընդհանուր բուռն քրքիջ, որի պատճառը Հ. Ավետիքյանը պարզեց քիչ ավելի ուշ.- Մ. Բ.), որի նպատակը եղել է ոչ թե երթեւեկությունը կարգավորելը, մարդկանց անվտանգությունն ապահովելը, այլ՝ անկյուններում տեղ հարմարեցնելը, որ մարդկանցից փող պոկեն»։ Այս պատկերավոր համեմատությունից րոպեներ հետո, երբ Ա. Աբովյանը հասցրել էր խիստ նեղանալ, պրն Ավետիքյանին տեղեկացրին, որ Աշոտ Աբովյանը մինչ արդարադատության նախարարություն գալը, աշխատել է Պետավտոտեսչությունում։ Երբ Ա. Աբովյանը տեղեկացրեց, որ մարտի 4-5-ին նախատեսվում է եվրոպական փորձագետների հետ քննել սույն օրինագիծը, բարձրացավ համընդհանուր բողոքի ալիք, որի բովանդակությունը մոտավորապես հետեւյալն էր՝ «Լավ է գետինը մտնենք, քան ամբողջ աշխարհը կարդա այս անգրագիտությունը եւ մեր վրա ծիծաղի»։ Իսկ մինչ այդ պրն արդարադատության փոխնախարարը փորձում էր պաշտպանել իր «զավակին». «Կեցցե՛ ազատ խոսքը, բայց դրա հետ մեկտեղ ազատ խոսքը պետք է հավասարակշռված լինի հասարակության մեջ»։ Զավեշտալին այն էր, որ նա փորձում էր արդարանալ, թե ինչո՞ւ է լրատվամիջոցներին օրինագիծը հասել կառավարություն մտնելուց ընդամենը 10-14 օր առաջ։ Եվ արդարացումը հասցեներ չունենալն ու փոստատարի ծանրաբեռնվածությունն էր։ Այդ արդարացումը «Ինտերնետի եւ բարձր տեխնոլոգիաների մեր դարում» շատ խղճուկ էր թվում։ Հատկապես՝ Շավարշ Քոչարյանին. «ԱԺ հասցեն էլ չգիտեի՞ք, թե՞ փոստատար չկար»։ Օրենքի նախագծում, բացի մի շարք ակնհայտ անհեթեթություններից (քանի այս օրենքը չի ընդունվել, կարող ենք հանգիստ հայտնել բոլորի կարծիքը), կան նաեւ «թաքնված» անհեթեթություններ։ Օրինակ, հոդված 6-ի 6-րդ կետն արգելում է առանց անձի համաձայնության նրա լուսանկարի, տեսապատկերի օգտագործմամբ այնպիսի լրատվության տարածումը, որը կարող է վիրավորել նրա պատիվը, արժանապատվությունը, բարի անունը կամ վնաս հասցնել նրա գործարար համբավին։ Որեւէ պարզաբանում, թե լրագրողը որտեղի՞ց պետք է իմանա, թե կոնկրետ անձը ինչքանով է նուրբ, քնքուշ ու խոցելի, ու, ըստ այդմ՝ ի՞նչը կարող է նրան վիրավորել, չի տրվում։ Նույն ձեւով չի հավաստվում նույն հոդվածի 7-րդ կետի ուզածը. «Առանց անձի համաձայնության արգելվում է այնպիսի լրատվության տարածումը, որում նա պատկերված է լրատվական գործունեություն իրականացնողի կողմից կանխամտածված կամ նախապատրաստված իրադրության մեջ»։ Ասենք, լրագրողը տեղեկատվություն է ստացել, որ այսինչ օրը այսինչ տեղում այսինչ նախարարը կաշառք է վերցնելու։ Եվ գնում-դիրքավորվում է՝ նկարահանման համար։ Հենց տեսնում է նախարարին եւ կաշառատուին, մոտենում-հարցնում է՝ կներեք, թույլ կտա՞ք նկարեմ, թե դուք ինչպես եւ ինչքա՜ն գեղեցիկ եք զբաղվում կոռուպցիայով։ Ի դեպ, կոռուպցիայի մասին։ 19-րդ հոդվածի 10-րդ կետով լրագրողներին ուղղակիորեն (իհարկե՝ շղարշված ձեւով) դրդում են կաշառատվության։ Ըստ այդ հոդվածի՝ ցանկացած համայնքապետ (էլ չենք խոսում ավելի խոշոր տրամաչափի պաշտոնյաների մասին) հարցազրույցի համար «հասանելիք հեղինակային հոնորարը» պիտի փոխանցի բյուջե։ Թե ո՞ր տրամաբանությամբ պիտի չինովնիկը հարցազրույցի համար հոնորար ստանա, ոչ ոք չգիտեր։ Սակայն ամենագլոբալն ու վրդովեցուցիչը սույն օրինագծում, ըստ էության, «թսՈՉսՌՑ»-ի՝ վերահսկող մարմնի, ստեղծումը եւ լրատվական գործունեությունը լիցենզավորման ենթարկելու պարտադրանքն է։ Սրանց եւս մեծ անդրադարձ եղավ, եւ միահամուռ անհամաձայնություն հայտնվեց։ Իսկ ընդհանրապես, ինչպես Հ. Գալաջյանի հիշած հին սովետական անեկդոտում էր ասվում՝ «ՁցՑ րՎպվՈ տՐՏՍսՈՊՍՌ վպ տՏՎՏՋպՑ, ՑցՑ րՎպվՈ րՌրՑպՎօ վցՋվՈ»։ Եվ, ըստ էության, բոլորը միակարծիք էին (իհարկե, բացի Աբովյան Աշոտից), որ այս օրինագծՔ վրա պետք է առանց խղճահարության խաչ քաշել ու մոռանալ դրա գոյության մասին՝ ջնջել, սկսել սկզբից։ Թեեւ կարծիքներ կային նաեւ, որ սկզբից սկսելու կարիք էլ չկա։ Օրենք զանգվածային լրատվության մասին մեզ պետք չէ, եղած օրենքը՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին», որը գործում է 1991 թվականից սկսած, բավական է։ Ծայրահեղ դեպքում՝ այն կարելի է մի փոքր շտկել՝ Եվրախորհրդի պահանջներին լիովին բավարարելու, այսինքն՝ ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանն էլ ավելի մեծ տեղ տալու համար։ Հայտարարությունը, որ ընդունեցին ներկաները, արտահայտում էր նրանց միահամուռ դիրքորոշումը՝ հանել օրինագիծը շրջանառությունից։ Տեսնենք կառավարությունը կհանի՞ այդ օրինագիծը, թե՞, ի հեճուկս Շ. Քոչարյանի լավատեսության, կուղարկի ԱԺ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել