«Անդրադառնալով Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ օրակարգի հարուստ խճանկարին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին, գոհունակությամբ ենք արձանագրում երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան: Ստորագրված քաղաքական երկխոսության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիրն իր ուրույն դերը կունենա և կօգնի մեզ առաջ մղել մեր օրակարգը»,- Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի հետ փաստաթղթի ստորագրմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց բոլոր այն ուղղությունները, որտեղ Հայաստանն ունի հաջողված փորձ և պատրաստակամություն՝ առաջ մղելու օրակարգեր նաև այլ ուղղություններով՝ տնտեսություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, արդարադատություն, նորարարություն, զբոսաշրջություն և այլն։ Արարատ Միրզոյանը փաստեց, որ սլովենական փորձը և մասնակցությունը շատ կարևոր են եղել ՀՀ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մեջ։ Ընդգծեց, որ Հայաստան-Եվրոպական միություն ուղղությամբ եւս Հայաստանը վայելում է Սլովենիայի լիակատար աջակցությունը՝ բոլոր հնարավոր նախաձեռնություններում։
«Մենք խոսել ենք նաեւ տարածաշրջանային իրողությունների մասին, ներկայացրել եմ խաղաղության օրակարգը մեր հարևանների հետ, եթե մոտ հարևանությամբ նայենք՝ ոչ անմիջական սահմանով, նաև Ռուսաստանի հետ մեր՝ այս պահին եղած գործընթացները, համագործակցության զարգացումը, և որտեղ ևս ունենք Սլովենիայի աջակցությունը… Մեր երկու ժողովուրդները տարբեր նմանություններ ունեն, դրանցից մեկն այն է, որ մեղրը և մեղուները կարևոր են և՛ Սլովենիայի, և՛ Հայաստանի համար։ Հայաստանում խոսք կա՝ մեղվի պես աշխատել, ինչը նշանակում է՝ շատ աշխատել, ուստի շարունակենք մեղվի պես աշխատել մեր օրակարգի առաջմղման համար»,- ասաց ԱԳՄԱ նախարարը։
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































