Լրահոս
Օրվա լրահոսը

Տասով մեկ՝ հօգուտ…

Փետրվար 22,2002 00:00

Տասով մեկ՝ հօգուտ… Հետխորհրդային շրջանում Հայաստանում ձեւավորված ավանդատուների մի խմբի՝ Հայխնայբանկի ավանդատուների համար ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունն օրենքի նախագիծ է առաջարկել։ Այն ենթադրում է Ռուսաստանի օրինակով՝ ըստ սոցիալական խմբերի, այդ՝ արդեն պետական ձեւակերպված պարտքը տարեցտարի մարել։ Ի լրումն այս ամենի, ֆինանսների նախարարի գլխավորությամբ աշխատող հատուկ հանձնաժողովին եւս «Օրինաց երկիրը» գումարները հաշվարկելու առաջարկ է ներկայացրել՝ 10 սովետական ռուբլու դիմաց վճարել 1 դոլար։ Ընդհանուր հաշվով այս առաջարկի համաձայն վերջնական գումարը կազմում է 1 մլրդ դոլար։ ՀԿԿ պատգամավոր Պերճ Բոշնաղյանն էլ իր եւ ՀԿԿ-ի կողմից հանձնաժողովին առաջարկել է յուրաքանչյուր տարվա համար գործակիցներ սահմանել։ Ըստ այդ գործակցային առաջարկի՝ վերջնական գումարը 6 մլրդ դոլար է կազմում։ Նման առաջարկությունները ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական ծառայության ղեկավար Հայկ Դավթյանին հավանաբար շատ էին հանդուգն թվացել։ Քանզի ի պատասխան մեր հարցման, նա անմիջապես պոռթկաց. «Մարդիկ չեն հասկացել ինչի մասին է խոսքը. եթե բյուջեն տարեկան 300-400 մլն դոլար է, ի՞նչ 1 կամ 6 միլիարդի մասին կարող է խոսք լինել»։ Որպեսզի այս պոռթկումը ընթերցողին շփոթության մեջ չգցի, հիշեցնենք, որ ցանկացած պարագայում, նաեւ ըստ առաջարկված նախագծի, գումարը պետք է փուլ առ փուլ վերադարձվի։ Այսինքն, ըստ տարիքային կամ սոցիալական խմբի՝ յուրաքանչյուր տարի բյուջեից որոշակի հատկացումներ պետք է կատարվեն։ Եթե գումարն անգամ 50 միլիոն դոլար էլ լինի՝ դարձյալ միանգամից չի վճարվելու։ Ի դեպ, պարզվում է, պարտատերը՝ պետությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, պաշտպանում է «հարյուրին՝ մեկ» սկզբունքը։ Բայց յուրաքանչյուր 100 ռուբլու դիմաց՝ 1 դոլար։ Այսինքն, եթե մարդն ունեցել է 10000 ռուբլի, պետք է ստանա 100 դոլար։ Պետության կողմից հերթական անգամ բնակիչներին արհամարհելու տեսանկյունից՝ միանգամայն ընդունելի եւ հնարավորինս էժան տարբերակ է։ Սակայն սրանք դեռ առաջարկներ են. քննարկումներն առջեւում են։ Ու հենց այդտեղ է, որ բախվելու են պատգամավորների սեփական եւ պետական շահերը։ Քանզի տարին նախընտրական է, պատգամավորները ըստ ամենայնի կպաշտպանեն իրենց առաջարկները. թող որ դրանք չընդունվեն, հոգ չէ։ Կարեւորը՝ խոսք ու զրույցն է այն մասին, որ… Հետո կրքերը կհանդարտվեն եւ հավանաբար «քննարկումների արդյունքում ընդհանուր հայտարարի գալով»՝ մի բան կորոշվի։ Այս ամենից ավանդատուները երկու բան կստանան՝ կշահեն (ինչը, դատելով փաստերից՝ քիչ հավանական է) կամ էլ հերթական հիասթափությունը կապրեն (ինչին արդեն մեր ազգը հասցրել է հարմարվել)։ Երկու դեպքում էլ կստացվի տասով՝ մեկ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել