Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հանրային ծառայողն ունի ընդդիմադիր տրամադրվածություն, ԱԱԾ-ն ազգուտակին մի լավ զննում-քննում է, «պապկաներն» էլ դնում է ղեկավարի առջև»․ Ագնեսա Խամոյան

Հոկտեմբեր 05,2026 15:27 Share
Աջակցեք aravot.am-ին

«Պարոն Քալաշյան, չնայած այս իշխանություններն ամբողջությամբ ոչնչացրել են հանրային ծառայության ինստիտուտը, բայց մենք՝ որպես պատասխանատու ընդդիմություն, պետք է կողմ քվեարկենք ձեր ներկայացրած նախագծին»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Տոների եւ հիշատակների մասին օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ձեր պատասխանները պարոն Վարդևանյանի հարցերին ինձ ապշեցրեցին։ Ձեզ հարցնում ասում են՝ դուք ինչո՞ւ եք մասնակցել իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքին, դուք ասում եք՝ որպես քաղաքացի՝ իմ որոշումն է եղել։ Մյուս կողմից ասում եք, որ հանրային ծառայող եմ, քաղաքական չեզոքություն պետք է ունենամ։ Ուզում եմ հասկանալ՝ բանաձևը ո՞րն է, այսինքն՝ երբ հանրային ծառայողը մասնակցում է իշխող ուժի հանրահավաքին, լայքում է իշխող ուժի ներկայացուցիչների գրառումներ, գրառումներ է անում դրանց մասին, դա իր՝ որպես քաղաքացու դիրքորոշումն է, բայց երբ հանրային ծառայողը մասնակցում է ընդդիմադիրի հանրահավաքի, հետո ԱԱԾ կողմից տեսանկարահանվում է, ներկայացվում է իր անմիջական ղեկավարին։ Ես ուզում եմ հասկանալ՝ սահմանումը ո՞րն է»,- հարցրեց Խամոյանը։

Վաչե Քալաշյանն ասաց, որ հանրային ծառայողը, անկախ իր ունեցած քաղաքական նախապատվություններից, պետք է առաջնորդվի մի բանով՝ իրեն վերապահված գործառույթների պատշաճ իրականացմամբ։ «Երբ խոսում ենք չեզոքության մասին, պետք է հասկանանք, որ այդ չեզոքությունը վերաբերում է նրա օպերացիոնալ դերակատարությանը, այլ ոչ թե նրան՝ որպես քաղաքացու»,- նշեց նա։

Քալաշյանի խոսքով՝ ուժայի կառույցներում նույնիսկ օրենքով արգելված է որեւէ կուսակցության անդամ լինելը, բայց քաղաքացիական ծառայության, հանրային ծառայության դեպքում նման արգելք չկա։ Քաղծառայողը կարող է նույնիսկ կուսակցական լինել, այդ թվում՝ ընդդիմադիր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ագնեսա Խամոյանն այս հարցերն ուղղեց նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Արուսյակ Ջուլհակյանին․ «Տիկին Ջուլհակյան, խնդիրը հետևյալն է՝ երբ հանրային ծառայողն ունի ընդդիմադիր տրամադրվածություն, դրա անունը դնում եք քաղաքական չեզոքության զսպվածության խախտում։ Եվ դա անմիջական ղեկավարի ձեռքին մահակ է դառնում։ Ամբողջ ազգուտակին ԱԱԾ-ն մի լավ զննում է, քննում է, «պապկաներն» էլ դնում է ղեկավարի առջև։ Իսկ երբ հանրային ծառայողը նույն գործողություններն անում է, քաջալերվում է իր մասնակցությունն իշխող ուժի կազմակերպած հանրահավաքին, քաջալերվում է իր սոցիալական ցանցերում դիրքորոշում արտահայտվելը, դրա անունը դուք դրել եք՝ քաղաքացիական դիրքորոշում։ Բանաձևը գտել եք, ոնց ձեզ ձեռնտու է, այնպես էլ իրավիճակը մեկնաբանում եք»։

Արուսյակ Ջուլհակյան

«Երբ ես տեսնում եմ հանրային ծառայող, որն անում է գրառում մեր օգտին, ես դիմում եմ համապատասխան մարմին եւ տեղեկացնում եմ այդ մասին, ասում, որ՝ սա չի կարելի, քաղաքական զսպվածության խախտում է։ Հետևաբար, դա ինձ ասելն անիմաստ է, ես միշտ եմ դա անում։ Եթե ուզում եք ունենալ լիակատար խոսքի ազատություն, մի զբաղեցրեք հանրային ծառայողի պաշտոն, որը ենթակա է քաղաքական զսպվածության։ Ուզո՞ւմ եք խոսել, դուրս եկեք գործից, ինչքան ուզում եք խոսեք»,- պատասխանեց Արուսյակ Ջուլհակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել