«ՔՊ ցուցակի 90 տոկոսը եւ ավելին բաղկացած էր հանրային ծառայողներից, բայց դուք չեք երևացել։ Դուք գնացել, հավաքին մասնակցել եք, ձեր աջակցությունն եք ցուցաբերել ՔՊ-ին։ Ձեր գրասենյակի աշխատակիցները, այլ հանրային ծառայողներ տեսնում են, որ իրենց ղեկավարը գնում մասնակցում է ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքին։ Դա ի՞նչ էֆեկտ պետք է փոխանցի»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Տոների եւ հիշատակների մասին օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը (լուսանկարում)։
Նա նշեց, որ դրա պատասխանը տվել է Սահմանադրական դատարանն իր որոշմամբ՝ սա կուսակցականացման մասին է։ «Եվ ես ունեմ առաջարկ՝ առնվազն պետք է նշված նախագծի հիմնավորումներում ավելացվի, որ Հանրային ծառայողի օր սահմանելով՝ պետք է ոչ միայն բառերով ընդգծվի հանրային ծառայողի կարևորությունը, այլ պետք է նախատեսվի, որ հունիսի 23-ը հանրային ծառայողի անկախության երաշխիքները, վարչական ռեսուրսի չարաշահման գործիք չդառնալու խորհուրդ պետք է ունենա»,- ասաց նա։
Վաչե Քալաշյանն ի պատասխան ասաց, որ Հանրային ծառայության մասին օրենքով դա արդեն ամրագրվել է։ «Հանրային ծառայության մասին օրենքով հանրային պաշտոն զբաղեցնողը քաղաքական չեզոքությամբ և ոչ մասնագիտական քաղաքական միջամտությունից պաշտպանված պետական ծառայող է»,- նշեց նա։
«Ինչ վերաբերում է աշխատանքից հետո կայացած միտինգին որպես քաղաքացու մասնակցությանը, ապա դրա էֆեկտն ու ազդեցությունը դուք եք գնահատում, բայց իմ գնահատմամբ դա իմ՝ որպես քաղաքացու դիրքորոշումն է»,- հավելեց Վաչե Քալաշյանը։
Կարդացեք նաև
Արամ Վարդևանյանն արձագանքեց․ «Ձեր պատասխանում դուք վերահաստատեցիք այն մտահոգությունը, որն ունենում ենք, որն արդեն միայն մենք չենք ընդգծում, միջազգային կառույցների կողմից էլ է ընդգծվում։ Դուք խոսում եք հանրային ծառայության քաղաքական չեզոքության մասին, բայց ինքներդ լինելով բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ մասնակցում եք հավաքի։ Դրանով դուք խոսում եք՝ չեզոքության մասի՞ն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Իր ելույթում Արամ Վարդևանյանն ասաց, որ հանրային ծառայողները պետք է գտնվեն հասարակության հարգանքի ամենաբարձր նշաձողի վրա և միաժամանակ պետք է լինեն պաշտպանված։ «Հանրային ծառայողների պաշտպանությանը միտված ամենակարևորագույն երաշխիքը պետք է լինի վարչական ռեսուրսի չարաշահման իրական կանխարգելիչ մեխանիզմը։ Պետք է լինի այնպիսի իրական միջավայր, որ հանրային ծառայությունը չվերածվի կուսակցականացման։ Չեն կարող կուսակցությունը և պետական իշխանությունը նույնանալ։ Եթե այս նախագծի հիմնավորումներում նշված երաշխիքները տեղ չեն գտնում, ապա որոշակի իմաստով այս օրենքի նախագիծը վերածվում է հռչակագրային, դեկլարատիվ բնույթի»,- ասաց նա։ Ըստ Վարդևանյանի՝ հանրային ծառայությունն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Դրա մասին են խոսում նաև միջազգային համապատասխան կառույցների զեկույցները։
«Պնդումն առ այն, որ եթե չլիներ վարչական ռեսուրսի չարաշահումը, եթե չլինեին սելեկտիվ քաղաքական հետապնդումներ, ապա իրականում պատկերը կարող էր այլ լինել, ճիշտ է։ Եվ այս սելեկտիվ հետապնդումները հանդիսանում են քաղաքական հետապնդումներից մեկը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ ՀՀ Տոների եւ հիշատակների մասին օրենքում լրացում կատարելու նախագծով նախատեսվում է Հայաստանում հունիսի 23-ը նշել որպես Հանրային ծառայողի օր։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































