Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՎ ԻՆՉ ԱՆԻ՝ ԻՐԵՆ ԿԱՆԻ»

Փետրվար 23,2002 00:00

«ՈՎ ԻՆՉ ԱՆԻ՝ ԻՐԵՆ ԿԱՆԻ» Կարծում եմ, տնտեսաքաղաքական խոր վերլուծությունների անհրաժեշտություն չկա ապացուցելու, թե «սեպտեմբերի 11-ը» իր նախահիմքում նաեւ էներգակրական շահերի ծագում ունի: Ավանդական վառելիքների պաշարների կտրուկ նվազեցմանը զուգահեռ՝ սաստկանում է նաեւ դրանց տիրապետելու համար մղվող պայքարը: Երկվորյակ երկնաքերների ոչնչացումը նավթով հարուստ երկրների հանգուցակետում ԱՄՆ-ի «նավթասերներին» ուղղված պատասխան հետեւանքներից է: Աներեւակայելի այս ողբերգությունից հետո առաջին գերտերության եւ մնացած աշխարհի բազմակողմանի փոխհարաբերություններում շատ մոտեցումներ վերանայվում են ու փոխվում, իհարկե, բացի դարձյալ վառելիքի ձեռքբերման ուժգնացող մոլուցքի սաստկացումից: Եվ արդյո՞ք Ադրբեջանին օգնություն տրամադրելու արգելքի 907 բանաձեւի կասեցումը կենսական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջանում էներգակիրների յուրացման շղթայի հերթական օղակի՝ Բաքու-Ջեհյան նավթամուղի օգտին գործադրված ջանքերի իրականացման կանխավճարը չէ: Մյուս կողմից էլ պարզվում է, որ կարելի է որտեղ ասես հետապնդել բենլադեններ եւ այդ պատրվակով ռմբահարել ուզած երկիրը, հաստատելով ռմբահարողին հարմար վարչակարգ: Երկիր-բնակավայրը մարդ-արարածին տրված է վայելելու համար, բայց նույն այդ արդեն ագահ դարձած մարդուն կերակրող ընդերքն սկսել է քչություն անել: Սպառող երկրաբնակը ինքնախաբեությամբ կարծել է, թե ոչինչ սպառման ենթակա չէ եւ ձեռքին ընկածն էլ շահագործում է շռայլ, անխնա: Ընդերքն աղքատացնողների միջեւ մշտագո կռիվները ծնում են ուժեղին, այնուհետեւ ավելի ուժեղին եւ վերջապես գերուժեղին, որն էլ իր ձեռքում պահում է տվյալ դեպքում խնդրո առարկա էներգակիրներից ինքնուրույնաբար օգտվելու մյուսներին թողնել-չթողնելու մենաշնորհը: Ավանդական վառելիքների ինքնավերարտադրման համար, եթե գոնե էլեկտրաէներգիա արտադրելուն շարունակելու լինենք տրամադրել էներգակիր, ապա այսուհետ միայն այլընտրանքային աղբյուրները՝ արեւի, հողմային, հիդրո, ծովի մակընթացային, ռադիոակտիվ գերխտանյութերը: Այլընտրանքային աղբյուրները իրենց ակտիվ զարգացմամբ ի զորու են փրկելու ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալուն եռանդով ի սպաս դրվող ավանդական էներգակիրները լիակատար սպառումից, միաժամանակ նվազեցնելով դրանց հայթայթման համար հակամարտությունների հավանականությունը: ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏՅԱՆ Հ. Գ. Միամտություն է կարծել, թե այս բոլորը են գիտակցում աշխարհի հզորները: Այնուհանդերձ, թույլ են տալիս սխալ: Այլապես, ինչպես բացատրել ՀԱԷԿ-ի աշխատանքները միայն իրենց հարմար ժամկետում փակելու Եվրամիության մտադրությունը, անդամակցության պայմանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել