Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ԱՆԱՐԴԱՐԱՑԻ Է, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Մարտ 16,2002 00:00

ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ԱՆԱՐԴԱՐԱՑԻ Է, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մարինոսյանի նկատմամբ ակնհայտ ապօրինություն է տեղի ունեցել։ Նրա լիազորությունները դադարեցվել են օրենքի տառի բացահայտ ոտնահարումով եւ ոտնահարողն էլ, ըստ իս, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եղել։ Ի դեպ, այս կապակցությամբ «Առավոտում» երեք հրապարակում է եղել. «Դատավորի լիազորությունները դադարեցվեցին. հետո՞» (30.06. 2001թ.), «Ո՞վ ձախողեց. ձերբակալվածները ձախողված չէին» (4.07.2001թ.) եւ «Նախկին դատավորը արդարադատություն է փնտրում» (12.09.2001թ.)։ Մ. Մարինոսյանը դիմել է ԱԺ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահին, ՀՀ դատավորների միության նախագահին, ՍԴ նախագահին, Արդարադատության խորհուրդ, ՀՀ նախագահին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Սահմանադրությամբ երաշխավորված հոդվածները չեն գործում։ Հայաստանում յուրաքանչյուր ոք իր իրավունքների դատական պաշտպանության իրավունք չունի եւ յուրաքանչյուր ոք իր ազատություններն ու իրավունքները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք չունի։ Մ. Մարինոսյանը մեր զրույցի ժամանակ ահա թե ինչու հանգել էր այն եզրակացության, որ մեր հանրապետությունում ինքը չի կարող իր իրավունքները վերականգնել։ Իմ այն հարցին, թե ինչո՞ւ է նախկին դատավորը դիմել Սահմանադրական դատարան, երբ ՍԴ դիմող սուբյեկտներ են միայն հանրապետության նախագահը, պատգամավորների առնվազն 1/3-ը, կառավարությունը, Մարինե Մարինոսյանը վկայակոչելով ՀՀ սահմանադրության 100 հոդվածը, հայտնեց, որ ՍԴ-ն է որոշում օրենքների, որոշումների, հանրապետության նախագահի հրամանագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Մ. Մարինոսյանը 1999թ. հունվարի 5-ին հանրապետության նախագահի հրամանագրով է նշանակվել դատավոր։ 2000թ. նոյեմբերի 13-ին հանրապետության նախագահի հրամանագրով են դադարեցվել դատավորի լիազորությունները։ «Քանի որ իմ լիազորությունները դադարեցվել են հանրապետության նախագահի հրամանագրով, կնշանակի հրամանագրի դեմ էլ ես պետք է դիմեի ՍԴ,- շարունակեց նա,- քանի որ իբրեւ քաղաքացի չէի կարող դիմել»։ Իմիջիայլոց, ՍԴ-ն պատասխանելով Մ. Մարինոսյանի դիմումին, վկայակոչել էր Սահմանադրության 100 եւ 101 հոդվածների պահանջները, նշել, որ այն չի կարող հանդիսանալ ՍԴ քննության առարկա։ Արդարադատության խորհուրդը հայտնվեց «ուչաստկովիի» մակարդակում Արդարադատության խորհուրդ են հրավի րում դատավոր Մ. Մարինոսյանին։ Մասնակցում են հանրապետության նախագահը, արդարադատության նախարարն ու նախկին գլխավոր դատախազը։ Բավականին «պերճախոս» է այն միջնորդությունը, որն ընդունվեց ԱԽ անդամների կողմից առանց որեւէ ախ-ի. «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Մարինոսյանի կողմից արդարադատությունն իրականացնելիս թույլ տված օրինախախտումների համար դատավորի լիազորությունները դադարեցնելու համար»։ Սահմանադրության 95 հոդվածի 7-րդ կետով «դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս ԱԽ նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը»։ Վերոնշյալ անձինք՝ նախագահ-նախարար- դատախազ, այդ նիստին չպիտի մասնակցեին։ Մասնակցել են, դրանով իսկ ճնշում գործադրելով ԱԽ անդամների վրա… Երկու քարի արանքում… Նախաքննության ընթացքում 2 «հանցագործներին» ազատեցին, մնացյալին էլ մարզի դատարանի այլ դատավորի վճռով համաներեցին՝ հոդվածը փոխելով։ Մ. Մարինոսյանին «մեղադրում» են, թե նա ձախողել է 7 հանցագործների ձերբակալումը: «Նախ, 7 հանցագործների ձերբակալում չի եղել, ինչպես հայտարարեց մարզի դատախազը։ Գործը գտնվում էր նրանց վարույթում եւ ոչ ոք իրավունք չուներ հայտարարելու «ձախողման» մասին։ Քննիչի կողմից բերված միջնորդությունները բավարարել եմ այն դեպքում, երբ Քրօրենսգրքով նախատեսված է, որ մինչեւ հաջորդ օրը կարող եմ միջնորդությունները բավարարել կամ չբավարարել եւ համապատասխան որոշում կայացնել»,- ասում է Մ. Մարինոսյանը։ 15 միջնորդություն է 4 օրվա ընթացքում բավարարվել։ «Ի սկզբանե ասել էին, որ հանցագործները փախել են Մոսկվա եւ անհապաղ պետք է որոշումներ կայացվեն։ Ինչն արվել է։ Վերջին որոշումը ներկայացվել է հոկտեմբերի 26-ին։ Հոկտեմբերի 27-ի դատական նիստի ժամանակ ինձ են ներկայացվել 7 որոշումների թարգմանությունները՝ առանց բնօրինակի, այն վստահություն չներշնչեց։ Առավել եւս, որ թարգմանություն էր կատարված։ 15 տարի աշխատել եմ պետական նոտար եւ ի պաշտոնե թարգմանություններ եմ հաստատել։ Թարգմանությունները պարտադիր հաստատում է այն նոտարը, որը գիտի, թե թարգմանիչն ով է։ Նրա հաստատումից հետո է նա իր կնիքն ու ստորագրությունը դնում»։ Դատավորի անձնական հաշվառման թերթիկում նշված է, որ նա տիրապետում է ռուսերենի, ֆրանսերենի, գերմաներենի։ Պարզ հարցադրում անեմ. եթե դատավորին ներկայացվեին վերոնշյալ միջնորդությունները ֆրանսերենով կամ գերմաներենով, նա կրկի՞ն իր կնիքն ու ստորագրությունը պիտի դներ… առանց բնօրինակի։ Դատարանի նախագահ Հ. Սարգսյանը տեղեկացվում է այդ մասին։ Տեղեկացվելուց հետո հանձն է առնում թարգմանությամբ զբաղվել։ Հանցագործությունը կատարվել էր 2000թ. հոկտեմբերի 13-ին, իսկ հոկտեմբերի 27-ին «որոշվել էր, որ ես ձախողել եմ հանցագործների ձերբակալումը։ 14-րդ օրը»։ Քրդատօրենսգրքով նախատեսված է, որ ձերբակալելուց հետո անձինք կարող էին պահվել մինչեւ մեկ ամիս համապատասխան փաստաթղթեր ստանալը։ «Իմ լիազորությունները դադարեցվել են իմ հաստատած որոշումների սխալ թարգմանությունը չհաստատելու պատճառով։ Եթե ես հաստատեի այդ որոշումները, սխալ լինելու պատճառով դարձյալ իմ լիազորությունները դադարեցվելու էին»։ Ի՞նչ ստացվեց։ Ստացվեց այն, ինչ եղել է։ Վարչապետին դատի տվեց նախկին նախարարը։ Աշխատանքում վերականգնվելու հարցով։ Չի բացառվում, որ նախկին դատավորը իբրեւ շարքային քաղաքացի դիմի դատարան՝ ընդդեմ հանրապետության նախագահի։ Աշխատանքում վերականգնվելու հարցով։ Սակայն կգտնվի՞ այն դատավորը, որը նախագահի հրամանագրով դատավոր դառնալով կգնա նախագահի դեմ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել