Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվեք ստրկամտությունից

Մարտ 23,2002 00:00

Ազատվեք ստրկամտությունից Որեւէ անձնական վիրավորանք չունեմ եւ նկատի չունեմ նաեւ որեւէ կոնկրետ հոդված։ Խոսքս ընդհանրական է եւ ցանկությունս ընդամենը Ձեր թերթի գորշությունը փոխված տեսնելն է։ Ցավում եմ, որ ստվարանում են այն անձանց շարքերը, ովքեր ասում են, որ այդ թերթն այլեւս չարժե կարդալ, քանի որ շատ է մռայլ եւ բամբասանքի մակարդակից չի անցնում։ Հարգելի խմբագիր, մեր պետությանը, մեր հասարակությանը, մեր կյանքն ու քաղաքացիներին մշտապես սեւացնելն ու միայն սեւ գույներով ներկայացնելը ամենեւին էլ համարձակության եւ խոսքի կամ ԶԼՄ-ների ազատության հետ կապ չունեն։ Պարբերաբար մատուցվող կիսաճշմարտությունը, իսկ հաճախ նաեւ բացահայտ սուտը աստիճանաբար հիասթափություն ու զզվանք են ծնում, որոնցից ցանկալի կլիներ ազատեիք Ձեր խմբագրած օրաթերթին։ Որեւէ սուտ տեղեկություն հրապարակելուց հետո, փոխանակ այդ նույն հետեւողականությամբ ու ամենայն լրջությամբ հերքում տալու եւ ներողություն խնդրելու, ընդամենը հեգնանքով լղոզում եք թերթի հրապարակման Ձեր դիրքորոշումը, որը հեռու է արժանապատիվ լինելուց։ Չի կարելի տառապել անսխալականության զգացումով։ Քննադատությունը պետք է լինի օբյեկտիվ ու օգնող եւ ոչ թե ենթադրյալ ու թեւաթափ անող։ Ձեր թերթը, ափսոս, հագեցած է միայն մի քանի մշտական երիտասարդ լրագրողուհիների բամբասանքաոճ հոդվածներով, որոնք, ի զարմանս ամենքի, կյանքի բոլոր բնագավառներում, հաճախ չափազանց պարզունակ եզրահանգումներով, ներկայանում են իբրեւ գիտակներ ու վերլուծաբաններ, չմոռանալով իրենց ճաշակով անպայման դրանք համեմելու նաեւ վիրավորանքներով։ Աստված տա, թող մեր երկիրը օրեցօր շենանա, թող գեղեցիկ առանձնատներն ու կառույցները շատանան այնքան, որ Դուք վերջապես հասկանաք, որ ինչ-որ տներ, ինչ-որ կառույցներ նկարելով՝ չեք կարող շեղել կյանքի բնականոն հունը։ Կարողացեք ազատվել ստրկամտությունից ու աղքատի հոգեբանությունից։ Դուք կարողացեք տեսնել նաեւ շրջապատի նորն ու գեղեցիկը, մեր հարազատ հողին կապող երեւույթներն ու այն անձանց, որոնք նաեւ առանձնատներ, խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ եւ գործարաններ կառուցելով՝ չեն ուզում փախչել այս հանրապետությունից։ Կարողացեք վերջապես անզուսպ ու շիտակ ուրախանալ մեր ձեռքբերումներով, օրինակ, ասենք, մայրաքաղաքի խոշոր թաղամասերը միմյանց միացնող կամուրջի շահագործմամբ եւ ոչ թե ցինիկաբար այն անվանել ընդամենը Ազգային ժողովի երկու պատգամավորների ընտրական օկրուգները միացնող միջոց եւ այլն։ Ձեր հրապարակումները չարաշահումների եւ ապօրինությունների դեմ պայքար ծավալելու հետ որեւէ առնչություն չունեն, քանի որ դրանք գերակշիռ ձեւով ենթադրյալ ու երեւակայական մեկնաբանություններ են եւ հաճախ անձնական հաշիվներ մաքրելու միջոց են դառնում։ Տարակուսանք ու զարմանք է պատճառում Ձեր թերթի որդեգրած տրամաբանությունը, ըստ որի, Հայաստանի որեւէ քաղաքացի եւ մասնավորապես անցյալ թե նոր որեւէ պաշտոնատար անձ իրավունք չունի սեփական տուն, ամառանոց, խանութ, ավտոմեքենա, կահույք եւ էլի նման բաներ ունենալու, իսկ եթե ունի՝ վերջ, ուրեմն այն կառուցված կամ գնված է չարաշահումներով։ Վերջերս այդ առթիվ Ձեր թերթում հնչող եզրահանգումներն ավելի են զավեշտալի դառնում, երբ նշում եք, որ այս կամ այն սեփականությունը, չնայած 10 կամ ավելի տարվա պատմություն ունի, բայց միեւնույն է, այն արդար վաստակ չէ։ Մի՞թե հնարավոր է այդ աստիճան կաղապարված լինել, չէ՞ որ ձեր անձնակազմը, նրանց հեռու եւ մոտիկ հարազատներն ու բարեկամները նույնպես չեն խարխափում աղքատության մեջ եւ Ձեզ հետաքրքրող օբյեկտների սեփականատերեր են։ Եվ, վերջապես, բոլորի թվացյալ հավասարության գազոնային վիճակ ապահովելու կոմունիստական վաղեմի ցանկություններն այլեւս անցյալ են, անիրական եւ ուզենք, թե չուզենք, մյուս պետությունների պես մեր հասարակությունը եւս, մասնավոր սեփականության ձեւն ընտրելով, շերտավորվում է, որը պետք է նկատելի դառնա նաեւ Ձեր կողմից։ Ցանկանում եմ, որպեսզի ձերբազատվեք հիվանդագին երեւակայությունից, որպեսզի կյանքը տեսնեք ավելի ռեալ եւ Ձեր անդրադարձներով կարողանաք ապահովել որակական նորովի մակարդակ։ Բացախոսության սկզբունքով Ձեր թերթում տպագրվելու ակնկալիքով եւ բարի ցանկություններով՝ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ, բժիշկ Խմբագրությունը ուրախ է ստանալ նման նամակներ եւ սիրով տպագրում է դրանք՝ չկիսելով այդ նամակներում արտահայտած տեսակետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել