Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է 13 ՏԱՐԻ 9 ԱՄԻՍ

Մարտ 28,2002 00:00

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է 13 ՏԱՐԻ 9 ԱՄԻՍ «Հայաստանում աղքատությունը շատ բարդ է, միանգամայն տարբեր, ասենք, աֆրիկյան երկրների աղքատությունից»,- ասում է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Ժոյել Բուտրոն։ Ինչքան էլ մեր աղքատությունը բարդ ու բացառիկ է, բայց մեր երկիրը մասնակցելով Մոնթերեյում կայացած «Զարգացման ֆինանսավորում» միջազգային համաժողովին, միացել է ֆորումի կոնսենսուսային փաստաթղթին եւ ըստ այդմ պարտավորվել աղքատությունը կրճատել, նվազեցնել, ի վերջո վերացնել (կամ ինչպես Կարեն Ճշմարիտյանը ձեւակերպեց, մարդու բարեկեցությունը վերջնականապես հաստատել 2015-ին։ Մոնթերեյին նախորդել է ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի ընդունումը, իսկ կհաջորդի սեպտեմբերին Յոհաննեսբուրգում ավելի բարձր մակարդակով անցկացվելիք «Կայուն զարգացում» համաժողովը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը որոշ ժամանակ առաջ իր արած հայտարարությունը ԶԼՄ- ների ոչ ադեկվատ արձագանքը հիշեցրեց եւ անթաքույց հպարտությամբ ասաց, որ Մոնթերեյի համաժողովում հիմնականը ԱՄՆ նախկին պրեզիդենտ Ջ. Քարտերի առաջադրած «պարտնյորության» գաղափարն է, այսինքն, երբ դոնոր կազմակերպությունը կամ երկիրը օգնություն տրամադրելիս հաշվի են առնում աղքատ կամ զարգացող երկրի պահանջները։ Եթե Հայաստանը նման օգնություններից ընդամենը 10 տարի օգտվելով է եկել այս եզրակացությանը, ապա շատ այլ պետություններ 40-50 տարվա նույնանման փորձից հետո են արձանագրում, որ գումարներ ստանում եւ ծախսում են, սակայն այդպես էլ դուրս չեն գալիս տնտեսական ճգնաժամից։ Այդ պատճառով Մոնթերեյում դրված է եղել ոչ միայն զարգացող երկրների ֆինանսավորման ավելացման, այլեւ դրա նպատակային ծախսման հարցը։ Համաժողովում ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Եվրամիության երկրները պարտավորվել են իրենց ՀՆԱ-ի որոշակի տոկոսային բաժին հատկացնել զարգացող երկրներին։ Ընդ որում, ԱՄՆ նախագահն առաջարկել է 5 մլրդ դոլարով ավելացնել իրենց բյուջեով արդեն իսկ նախատեսված այդ ամենամյա հատկացումները։ «Համաձայնություն հետագա զարգացման համար» կլոր սեղանի ժամանակ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը խոսել է այն մասին, որ երկրները իրենց ներսում պետք է լուծեն իրենց խնդիրները եւ դրսում մեղավորներ չփնտրեն։ Այս առումով նշանակալից է, որ նույնիսկ այս գաղափարը ողջունելով, Մոնթերեյում, ինչպես Վ. Խաչատրյանն ասաց. «Աղքատ երկրներն ավելի շատ են ուզում, քան կարող էին տալ հարուստ երկրները»։ ՄԱԿ-ի համակարգող Ժոյել Բուտրոն նկատեց, որ պաշտոնական աջակցության ծավալները գնալով կրճատվում են, մինչդեռ աշխարհն աննախադեպ հարստություն է կուտակել։ (Աշխարհ ասելով այս դեպքում նկատի ունենք աշխարհի զարգացած մասը)։ Ի դեպ, այդ օգնությունները ստանալու համար, ինչպես մեր պատվիրակության անդամներն են նշում, պարտադիր պայմաններ չկան, անգամ երբ նշվում է օգնության ակնկալիք ունեցող երկրում կոռուպցիայի դեմ պայքարի, ներքին ֆինանսատնտեսական ռեսուրսների մոբիլիզացիայի, բնապահպանական եւ տնտեսական խնդիրների ներդաշնակության անհրաժեշտությունը։ Երկիրն իր վրա է վերցնում պատասխանատվության բաժինը, փակելու կամ ոչ «այն ծակերը, որտեղից գումարները դուրս են հոսում»։ Մի հանգամանք, որը հաճախ, ինչպես տեսնում ենք, չի արդարացվում։ Այսինքն առաջանում է հստակ Ազգային ծրագրի անհրաժեշտությունը։ Մոնթերեյում կարծես թե այդ համաձայնությանը եկել են՝ այսպես կոչված, կոնսենսուսի փաստաթղթով։ Տեսնենք, մեր կարծիքը հաշվի առնելով, մեզ ֆինանսապես օգնելու դեպքում էլ ինչպե՞ս է կառավարությունը բացատրելու այդ օգնությունների անարդյունավետությունը, արդյո՞ք չեն գտնվի նոր «ծակեր», որոնցով դրանք դուրս կհոսեն եւ երկիրն էլի կմնա տնտեսական ճգնաժամի մեջ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել