Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՈՒՀԵՏ «ՄԻԱՅՆ ԼԱՎ ԼՈՒՐԵ՞Ր»

Մարտ 29,2002 00:00

ԱՅՍՈՒՀԵՏ «ՄԻԱՅՆ ԼԱՎ ԼՈՒՐԵ՞Ր» «Ստուգե՛ք փաթեթի պահպանվածությունը»,- առաջարկեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը 37 դեցիմետրային կապուղու հավակնորդներին, եւ նրանք մեկ առ մեկ սկսեցին ներկայացնել մրցութային իրենց առաջարկները։ «Շարմը» լավատես է Բժշկական ինստիտուտի KBH-ի թիմի հենքի վրա ձեւավորված այս ընկերությունը, որի հետագա գործունեության մեջ էլ ռուսական KBH-ը շարունակեց մնալ գերակա դիրքում, խոստանում է, որ սեփական ալիքն ունենալու պարագայում իր նպատակն է լինելու «նպաստել ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը եւ ազգային նոր մտածելակերպի ձեւավորմանը։ Նպաստել հասարակության վերելքին եւ գեղագիտական դաստիարակությանը»։ Փորձենք հասկանալ, թե ինչպես է վերոհիշյալ խնդիրները նախկինում լուծել «Շարմը»՝ թվարկելով մի քանի հաղորդումներ, որոնք մինչ այժմ պատրաստել է այս ընկերությունը՝ «220 վոլտ», «Համով զրույց» «KBH ասորտի», «Շարմին հյուր» եւ մի քանի հեռուստախաղեր՝ «Լեգո-մեգո», «Մաֆիա» եւ այլն։ «Շարմի» փոխտնօրեն Հրանտ Թոխատյանը հայտարարեց, թե իրենց հեռուստատեսային քաղաքականության հիմքը մասնավորապես հետեւյալն է. «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով՝ հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»։ Իսկ լրատվական հաղորդումների վերաբերյալ նա ասաց. «Նորությունները մատուցվելու են դասական ոճով՝ առանց ավելորդ մեկնաբանությունների եւ կարծիքների»։ «Շարմը» նաեւ նախատեսում է թողարկել ոչ քաղաքական նորությունների մի առանձին շարք, որը կրելու է «Միայն լավ լուրեր» անվանումը։ Եվ շատ խորհրդանշական էր, երբ «Շարմի» փոխտնօրենը խոստովանեց. «Մենք ուզում ենք ստեղծել զարգացած հանրային հեռուստատեսություն»։ «Շարմի» ներկայացուցիչները չթաքցրին, որ իրենց 18-ժամյա եթերի միայն 15%-ն է նվիրված լինելու լրատվությանը։ Իսկ ծրագրի 65%-ը կազմելու են զվարճալի, ժամանցային եւ նման հաղորդումները, որոնք առավել հոգեհարազատ են իրենց ընկերությանը։ «Շարմը» կարեւոր խնդիր է դիտում հաղորդումների լեզուն, եւ խոստացան, թե հաղորդավարները կտիրապետեն մայրենիին, նյութերը կմատուցվեն անարատ հայերենով։ Մի բան, որ «Շարմի» մինչ այժմ ծավալած գործունեության մեջ գերազանցապես բացակայել է։ Հանձնաժողովի անդամ Հրաչյա Բայադյանը տեղին նկատեց, որ անգամ մրցութային առաջարկները ներկայացնելիս շատ անգամ չէր հնչում այդ անարատ հայերենը։ Հրաչյա Բայադյանի մեկ այլ դիտարկում թերեւս պիտի մտորելու նյութ տա «Շարմ»-ին. եթե նրանց հաղորդումներն իրոք լավատեսական բնույթ պիտի կրեն՝ «ապա չե՞ք կարծում, որ մեծ հաշվով, անկողմնակալության Ձեր հավակնություններն անպայման վնասված կլինեն, քանի որ լավատեսականությունն ակնհայտ կանխակալություն պետք է թելադրի Ձեզ՝ մեկնաբանելիս թե՛ ընկերային կյանքը, թե՛ լրատվությունը, որը մատուցելու եք առանց մեկնաբանությունների, բայց լավատեսորեն»։ Ի դեպ, հանձնաժողովի անդամների հարցերը (մրցույթի բոլոր մասնակիցներին) բավականաչափ սուր էին։ Սակայն ներկայացնենք արձագանքները պրն Բայադյանի դիտարկմանը։ «Շարմի» փոխտնօրենն ասաց, թե հեռուստաընկերությունն իրոք պետք է լինի լավատեսական, իսկ գլխավոր պրոդյուսերը լրացրեց. «Պետք է ամեն ինչը ասել, ինչը լավն է կատարվում՝ այո, սկսված նրանից, որ ծնվեց այսօր այս երեխան, եւ վերջացրած՝ որ նոր մի ցայտաղբյուր բացվեց էս քաղաքում»։ Ցայտաղբյուրների փաստարկը վերջնականապես ջախջախեց այն հույսերը, որ հոռետեսական «Ա1+»-ը կարող է հաղթել լավատեսական «Շարմին»։ «Ա1+»՝ թղթեր պետք չեն «Ինչո՞ւ հատկապես 37-րդ կապուղին»,- հարցրել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը, եւ «Շարմի» գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը մասնավորապես պատասխանել էր. «Գտնում ենք, որ 37 կապուղով հեռարձակվող կա այսօր լրատվական բլոկ։ Եվ գտնում ենք, որ մնացած ժամանակ այդ ալիքը ինչ-որ տեղ գտնվում է ազատ վիճակում։ Եվ այդ իսկ պատճառով էլ դիմվեց 37 դեցիմետրայինին»։ Միայն այն հոլովակը, որ մրցութային իր առաջարկին զուգահեռ ներկայացրեց «Ա1+»-ը, լավագույնս ապացուցեց, թե որքան անարդարացի էր պրն Նազարյանը, երբ մի հարվածով խաչ քաշեց «Ա1+»-ի «Հետգրություն», «Գլխավոր թեմա», «Մեջբերում», «Կիրակի», «Ա1+մամուլ», «Սաբոտաժ», «Ջազ-թայմ», «Ֆուտբոլ+ֆուտբոլ» եւ սեփական այլ հաղորդումների վրա։ Սակայն «Ա1+»-ի գործունեությունը բոլորի աչքի առաջ է եւ առանձնապես կարիք չունի ներկայացման կամ թղթային ստվար բիզնես-պլանների։ Եղածին միայն կարող է հավելվել այն, որ պատրաստվում են բացել նոր հաղորդաշարեր («Թեմա», «Գործարարների ակումբ»), թարգմանչական ստուդիա։ Կայանն առաջիկա տարում թվայնացվելու է։ Նախատեսվում է հայերեն հեռուստատեքստի կիրառումը։ Այս ամենը (եւ ավելին) կլինի, եթե, իհարկե, «Ա1+»-ը չզրկվի արտոնագրից։ Իսկ հանձնաժողովի անդամների տրամադրվածությունն «Ա1+»-ի նկատմամբ առանձնապես դժվար չէր կռահել։ Նրանցից մեկը՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանն, ասենք, վիրավորվեց, որ «Մելտեքսը» հեռուստալրագրության իր դասընթացները համարում է լավագույնը։ Մուշեղ Հովսեփյանը նաեւ վիրավորված էր «Ա1+»-ի եւ հանձնաժողովի միջեւ փոխադարձ անվստահության մթնոլորտից, «որ մենք ինչ-որ ուզում ենք ձեզ փակել, դուք էլ հերոսական ճիգերով ուզում եք դուրս գալ այդ վիճակից։ Ես պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե, ասենք, «Հետգրության» մեջ պրն Արամ Աբրահամյանն ինչո՞ւ է անընդհատ հանձնաժողովին վարկաբեկում»։ Սակայն «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը խոստացավ. «Մենք խոսք ենք տալիս՝ ամսի 2-ից հետո ներողություն կխնդրենք»։ Սա, իհարկե, այն պարագայում, եթե պարզվի, որ անհիմն էր «Ա1+»-ի անհանգստությունը։ «Դոֆին»՝ սեւ ձիուկ Շատերս էինք հետաքրքրությամբ սպասում, թե ո՞վ է ներկայացնելու մրցութային առաջարկն այս ընկերության, որ ի տարբերություն երկու մյուս հավակնորդների՝ բացարձակ անհայտ է Հայաստանի հեռուստաշուկայում։ «Դոֆին թիվի»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Աղամյանը, որը մեղմաձայն կարդաց իրենց ծրագիրը (դրա հեղինակը, իր իսկ խոստովանությամբ՝ ինքը չէր) եւս լրագրության մեջ որեւէ կերպ կարծես չի դրսեւորվել եւ մասնագիտությամբ ֆիզիկոս է։ «Դոֆինի» թղթային շռայլ խոստումներից եւ ծրագրային ընդհանրական ձեւակերպումներից (ասենք, այս կարգի՝ «քարոզել քաղաքացիական համաձայնություն ու հանդուրժողականություն») միակ հիշվողը մեծ-մեծ թվերն էին։ «Դոֆինը» բոլոր հավակնորդներից ամենամեծ գումարն առաջարկեց՝ 3 մլն 200.000 դոլար, որ «ռազմավարական» իր 4 գործընկերները պարտավորվել են ներդնել մինչեւ 2006 թ. հունվարի 1-ը՝ կազմակերպվելիք գովազդային արշավի դիմաց։ Սակայն պրն Բայադյանը նկատեց այդ 4 պայմանագրերի բացարձակ նույնականությունը, ենթադրելով, թե դրանք բոլորն էլ նույն աղբյուրից են։ «Թեկուզ այդպես,- չառարկեց Հասմիկ Աղամյանը։- Ես այստեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»։ Հանձնաժողովի անդամ Կարինե Խոդիկյանն էլ հաշվարկեց, որ եթերային առնվազն 6-7 ժամը լցվելու է գովազդով՝ այդ 4 ընկերությունների ներդրումների դիմաց, ստեղծելով ֆինանսական հուժկու կախվածություն։ Այս ամենին ի պատասխան՝ տիկին Աղամյանն այդպես էլ չներկայացրեց որեւէ լուրջ հակափաստարկ։ Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից հետո հետաքրքրվեցինք, թե որոնք են այդ 4 ընկերությունները։ «Կարծես թե ուղղակի թելի վրա շարված են։ Իմ տպավորությունն է, որ դրանք մի մարդ է,- ասաց պրն Ամալյանը, չցանկանալով բացահայտել ո՛չ իր ենթադրությունը, թե ով է այդ անձը, ո՛չ էլ այդ 4 ընկերությունների անունները։- Պարտադիր չէ, որ հանձնաժողովի համար հստակ լինի, թե ով է կանգնած նրանց հետեւում։ (…) Եթե «Դոֆինը» հաղթի՝ այդ 4 կազմակերպությունների անուններն անպայման կհրապարակվեն։ Բայց մինչ այդ՝ դա կոմերցիոն գաղտնիք է»։ … Ամենազավեշտը պատասխանն էր հանձնաժողովի անդամ Արա Թադեւոսյանի հարցին՝ «Պարզ չդարձավ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Դոֆին թիվին»։ Հասմիկ Աղամյանը մասնավորապես ասաց, թե մամուլից ծանոթ է՝ պարզաբանվել է, որ «Դոֆին» նշանակում է «արքայազն»։ Ու մեկ էլ, երբ հետաքրքրվեցին, թե ինչպես է հեռուստաընկերությունը համալրվելու խոստացված 240 արհեստավարժ աշխատակիցներով, Հասմիկ Աղամյանը մասնավորապես ասաց. «Եթե մենք հաղթենք՝ «Ա1+»-ի աշխատակազմը կա, «Շարմը» կա…»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել