Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարության հետքերով

Մարտ 29,2002 00:00

Հայտարարության հետքերով Երեկ «Առավոտում» հրապարակվել էր «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մարգարիտ Ստեփանյանի երկու հայտարարությունը, որոնք ավելի շատ ուղղված էին ՀՀ Գլխավոր դատախազությանը: Մ.Ստեփանյանը պահանջել էր պարզել իր մատնանշած համարներով բջջային հեռախոսներից իրեն պարբերաբար զանգահարող-սպառնացողների անձն ու գործ հարուցել այդ փաստի առիթով, նաեւ գործ հարուցել ՆԳՆ փոխնախարար Հովհաննես Վարյանի դեմ՝ ինչպես լրագրողն է վստահեցնում, վերջինիս հրամանով իրեն դատարանի դահլիճ չթողնելու, ուստիեւ՝ լրագրողի իր պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար: Անդրադառնանք նախ առաջին հայտարարությանը: Երեկ խմբագրություն զանգահարող Արմեն Կոստանյան անունով մի քաղաքացի եւ նշեց, թե ինքը կարդացել է հրապարակումը եւ զարմացել, որովհետեւ Մ.Ստեփանյանի մատնանշած երեք համարներից մեկն էլ իրենն է, բայց ինքն իր բջջայինը ոչ մեկին երբեք չի զիջել, ինքն էլ որեւէ մեկին, առավել եւս՝ Մ.Ստեփանյան անունով, որին, ի դեպ, չի էլ ճանաչում, չի զանգել, չի սպառնացել: Ա.Կոստանյանը՝ պատասխանելով մեր հարցին, հավաստեց, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, կուսակցական չէ եւ իրավապահ համակարգի հետ որեւէ առնչություն չունի, չի աշխատում: Նա խնդրեց պարզել այդ հարցն ու ճշտում տալ: Բայց մեր զարմանքը մեծ եղավ, երբ պարզեցինք, որ լրագրողի նշած համարներից մեկն էլ պատկանում է դարձյալ Կոստանյան ազգանունով մեկին, որի անունը Հայկ է: Վերջինիս մենք ինքներս զանգեցինք եւ պարզվեց, որ նա 50 տարեկան է, աշխատում է «Առկա» ՍՊԸ-ում եւ ազգակցական որեւէ կապ չունի վերը հիշատակված Արմեն Կոստանյանի հետ. պարզապես ազգանվանակիցներ են: Համենայն դեպս, նա այդպես վստահեցրեց եւ ավելացրեց, որ ինքն էլ նման մարդ չի ճանաչում, չի զանգել, իր հեռախոսից ուրիշ ոչ ոք չի օգտվել, երբեք կուսակցական չի եղել, իրավապահ համակարգի հետ առնչություն չունի: Այդ ամենը հեշտությամբ կարելի է ճշտել, բայց դա արդեն դատախազությանն առնչվող խնդիր է: Լրագրողի երկրորդ հայտարարության առնչությամբ՝ ՆԳՆ փոխնախարար Հովհաննես Վարյանը պատասխանեց մեր հարցին, թե ինքն իրո՞ք հրաման է տվել Մ.Ստեփանյանին դատական նիստերի դահլիճ չթողնել եւ ինչո՞ւ, եւ հայտարարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Դա հաստատեցին նաեւ դատարանի մուտքն ու դահլիճին հարող տարածքը հսկող ոստիկանները: Նա վստահեցրեց, թե լրագրողների համար նիստին մասնակցելու իմաստով որեւէ արգելք չկա՝ ոչ ժամի, ոչ այլ պատճառաբանությամբ: Մեր այն դիտարկումը, թե միգուցե ոստիկաններն իրե՞նց նախաձեռնությամբ են արգելել լրագրողին մասնակցել ՔՊԻՎ նախկին պետ Մ.Սաղաթելյանի դատին, փոխնախարարն ու մյուս ոստիկանները բացառեցին: Մինչդեռ Մ.Ստեփանյանը պնդում է, որ իրեն մարտի 27-ի նիստին թույլ չեն տվել մասնակցել հենց ոստիկանները՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ինքը ցույց է տվել լրագրողի իր վկայականը: Ավելին. քաղաքական գործիչներից մի քանիսը դիմել, խնդրել են ոստիկաններին՝ նրան թույլ տալ վերեւ բարձրանալ, իսկ ոստիկանության մայորներից մեկը լրագրողին բացատրել է, թե նախորդ նիստին նա վիրավորել է «Հայոց աշխարհի» խմբագիր Գ.Մկրտչյանին: Սա էլ, իհարկե հարկ կլինի ճշտել: Իսկ մինչ այդ, ՆԳՆ փոխնախարար պարոն Վարյանը կարծիք հայտնեց, թե դատախազությունն անպայման այդ հայտարարությամբ կզբաղվի, իրենից էլ, անշուշտ, բացատրություն կպահանջի, ինչին փոխնախարարը պատրաստ է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել