Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՖԵՐԻՍՏԸ»՝ ԳՈՐԾԻՔ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մարտ 30,2002 00:00

«ԱՖԵՐԻՍՏԸ»՝ ԳՈՐԾԻՔ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Այս շաբաթ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, թերեւս, ամենավառ վկայությունն է այն բանի, որ՝ ի հեճուկս իշխանությունների պնդումների, վերջինիս առաջադրված եղադրանքների մի զգալի մասի շինծու լինելուց զատ, նաեւ շատ հստակ քաղաքական ենթատեքստ ունի: Դա փաստարկելու համար, թերեւս, արժե հիշեցնել դատարանում Մուշեղ Սաղաթելյանի դեմ ցուցմունք տված ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանի հայտարարությունը, թե Մ.Սաղաթելյանն այսօր ընտրողաբար է դատապարտվում, մինչդեռ 96-ի սեպտեմբերի դեպքերի գործով կան մարդիկ, ովքեր այդպես էլ «ջրի երես չեն բերվել»: Մեղադրանքի հատկապես այդ դրվագով հարցաքննվածները բոլորն են ցուցմունքներ տվել, որ սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ՆԳՆ-ում իրենց ծեծի ենթարկելուն մասնակից են եղել նախաքննության կողմից այդպես էլ չպարզված անձինք: Որ դատախազության համար դժվար չէ պարզել վերջիններիս ինքնությունը, փաստ է: Փաստ է նաեւ, որ դատախազությունը նման ցանկություն չունի, որովհետեւ հրահանգ չունի եւ իրենց վստահված գործի նպատակն է այլ: Այս կարծիքն օր օրի ամրապնդվում է նաեւ դատաքննության ընթացքում ամենատարբեր տուժողների, ասենք՝ Հովհաննես Դավթյանի, Մկրտիչ Մեղավորյանի, Ֆիլարետ Բերիկյանի ու արդեն հարցաքննված վկայի՝ «Շեյթան» մականունով Հարություն Գրիգորյանի ցուցմունքներով, ովքեր, կամա թե ակամա, «փչացնում» են դատախազության «թխած» գործը: Բայց սա մեր կարծիքն է, իսկ ընթերցողը դա ինքը թող որոշի՝ համադրելով գործով անցնող տուժողների ու վկաների ցուցմունքները: Ո՞վ է իրականում մեղավոր կալանավորի մահվան մեջ Խոսենք նախ 94-ին Երեւանի թիվ 1 մեկուսարանից Գորիսի բանտ տեղափոխվելու ժամանակ փախուստի դիմած, ոստիկան սպանած կալանավորների, ըստ մեղադրանքի՝ Մ.Սաղաթելյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու եւ նրանցից մեկի՝ Ռաֆայել Զորոյանի, մահվան պատճառ դառնալու հանգամանքին: Այս մասով տուժողներից մեկն էլ Վալերի Դորոգոնովն էր: Վերջինիս ցուցմունքների համաձայն՝ փախուստի դիմելուց հետո 7-8 ժամ անց կալանավորներին հետապնդել եւ բռնել են ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ ծեծի են ենթարկել: Միայն դրանից հետո են նրանց բերել այնտեղ, որտեղ եղել է նաեւ այն ժամանակ եւս՝ ՔՊԻՎ պետ Մ.Սաղաթելյանը, որը, ըստ Վ.Դորոգոնովի ցուցմունքի՝ հրամայել է ջուր լցնել նրանց վրա եւ տեղավորել կալանավորներ տեղափոխող մեքենայում, հետո իրեն եւ Ռ.Զորոյանին դաժանորեն ծեծել է, կոտրել վերջինիս մատներն ու նորից հրամայել սառը ջուր լցնել նրանց վրա: Այս ամենից հետո կալանավորներին տեղափոխել են Գորիսի բանտ: Նրանց մերկ վիճակում տեղավորել են «կարցերում», հատակին ու վրաները նորից ջուր լցրել եւ ծեծել 2 օր շարունակ: Միեւնույն ժամանակ, ըստ նույն Դորոգոնովի՝ ծեծի է ենթարկվել նաեւ Ռ.Զորոյանը, որը գտնվել է հարեւան խցում: Այն հարցին, թե մերկ ու թրջված վիճակում իրենք ինչպե՞ս են տաքացել, խուցն ինչո՞վ է տաքացվել, Դորոգոնովը պատասխանեց՝ ոչնչով: Ընդգծենք, որ այդ ամենն արդեն կատարվել է ոչ Մ.Սաղաթելյանի հրամանով, որովհետեւ նա այնտեղ չի եղել: Թե ո՞ւմ հրամանով են Գորիսի բանտում խոշտանգել կալանավորներին եւ ովքե՞ր են դա կատարել, ինչպես վերը նշեցինք, դատախազությունը հարկ չի համարել պարզել, մինչդեռ արդարադատություն իրականացնելու եւ կատարվածի համակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության համար դա անհրաժեշտ էր: Պարզ է, որ վերջինիս հետաքրքիր է եղել միայն Մ.Սաղաթելյանին վերաբերող հատվածը: Դատախազությունը որեւէ կերպ չի հիմնավորել նաեւ, թե արդյո՞ք Ռ.Զորոյանի մահվան՝ ցրտահարության պատճառը եղել է ոչ թե Գորիսի բանտում 2 օր այդ վիճակում անցկացնելն ու ծեծվելը, այլ՝ Մ.Սաղաթելյանի հրամանը: «Շեյթանը» սովորական «աֆերիստ» է Դա հասկացան դատական նիստին նրա հարցաքննությանը ներկաները, թերեւս, նաեւ՝ ոստիկաններն ու դատավորը, ովքեր առանձին դեպքերում լսելով ՆԳՆ գործակալ Հարություն Գրիգորյանի ցուցմունքները, չէին կարողանում զսպել ծիծաղը: Իսկ վերջինս եկել էր իբր վկայելու, որ Մ.Սաղաթելյանը նախագահ Քոչարյանի ու նախարար Սարգսյանի դեմ «ակնհայտ կեղծ մատնություն նախապատրաստելու փորձ» էր արել՝ վերջիններիս՝ «27»-ի կազմակերպման մեջ մեղադրելու համար: Դատաքննությունն, իհարկե, շատ լավ բան է արդարադատություն հաստատելու համար, եթե միայն վերջինս արդար եւ օբյեկտիվ հետեւություններ է անում: Իսկ հետեւությունները Հ.Գրիգորյանի անկեղծ ցուցմունքներն են: Ըստ այդմ, նա Երեւանի թիվ 1 մեկուսարանում իր պատիժը կրելու ընթացքում հասցրել է ՆԳ մարմինների հանձնարարությամբ գտնվել «27»-ի գործով ամբաստանյալ Էդ.Գրիգորյանի, նախկին մեղադրյալներ Ն.Եղիազարյանի եւ Մ.Մովսիսյանի հետ միեւնույն խցում՝ վերջիններիցս օպերատիվ տեղեկություններ հավաքելու նպատակով: Իր ասելով՝ նա տասը նման գրավոր տեղեկություն է փոխանցել մեկուսարանի պետ Ռ.Հովհաննիսյանին եւ օպեր-բաժնի պետ Մ.Միքայելյանին, որոնցից, ի դեպ, 4-ն անհետացել են: Ի դեպ, այս մասին էր իր համար ճակատագրական դարձած ասուլիսում հայտարարել նաեւ Մ.Սաղաթելյանը: Սա հաստատել է նաեւ «օպեր» Մ.Միքայելյանն իր ցուցմունքում՝ ճշտելով, թե դրանք ոչ թե անհետացել են, այլ ինքն այրել է՝ համարելով ոչ կարեւոր / ՞/: Ինչեւէ, մեկուսարանից ազատվելուց հետո «Շեյթանը» հաջորդ օրն իսկ գնացել է «Հանրապետություն» կուսակցություն: Թե ինչու հատկապես այդ կուսակցություն՝ նա ե՛ւ նախաքննության ժամանակ է իրար հակասող ցուցմունքներ տվել, ե՛ւ դատաքննության: Ըստ այդմ, նա այդ կուսակցություն է գնացել, որովհետեւ ՆԳ մարմիններից դժգոհ է եղել, մտավախություն է ունեցել, որ իր անձին վտանգ է սպառնում, որ «27»-ին առնչվող իր տեղեկությունները նրանք լավ չեն օգտագործել եւ բացահայտել են իրեն, իսկ այդ կուսակցության դիրքորոշումը «27»-ի առնչությամբ իրեն հայտնի է եղել եւ ինքն էլ համամիտ է եղել այն կարծիքին, որ «27»-ի գործում կազմակերպիչներ կան: Կարծել է, թե կպատմի իր խցում նստած «27»-ի մեղադրյալներից իմացածն, ու դա կհետաքրքրի նրանց, բացի այդ՝ միեւնույն ժամանակ հույս է ունեցել, որ այնտեղ իրեն ֆինանսապես կօգնեն: Իսկ ֆինանսական վիճակը շտկելու համար «Շեյթանը» շանտաժի միջոցն է ընտրել: Նա նախ, իր ասելով, ստել է, թե նույն խցում եղած ժամանակ Էդ.Գրիգորյանից տեղեկացել է գոյություն ունեցող տեսաերիզի մասին, որն ապացուցում է «27»-ին Մ.Մովսիսյանի, Մ.Մկրտչյանի մասնակցությունը, որ տվյալներ ունի, թե ոճրագործությանը մասնակից են Ալ.Հարությունյանը, Վ.Մանուկյանը, Տ.Նաղդալյանը, Հ.Բաբուխանյանը եւ այլք: Ասածները հավաստի դարձնելու համար՝ Ա.Բազեյանին ասել է, թե Մ.Սաղաթելյանն իրեն ճանաչում է որպես գործակալ: Ա.Բազեյանը նրան առաջարկել է իմացածի մասին գրել: Եկել է Մ.Սաղաթելյանը, որին, ի դեպ, Ա.Բազեյանն ինքն է կանչել, տեսել է «Շեյթանին», նրա գրածը, պատռել է այն ու ասել, թե ինքը կզանգի նրան, տվել է 100 դոլար ու դուրս արել: Հետո սկսվել է դրամաշորթության պրոցեսը: Գործակալը Մ.Սաղաթելյանի հետ 5-6 հանդիպումների ընթացքում վերջինիս հավաստիացրել է, թե զբաղված է իր նշած տեղեկությունների, ձայնագրությունների, Մ.Մովսիսյանի օրագրի փնտրտուքով, բայց «գործի» համար ստիպված է տաքսիներով ման գալ, ուստի իրեն փող է պետք: Նա ամեն անգամ Մ.Սաղաթելյանից փող է խնդրել՝ մեկ հոր գերեզմանի, մեկ՝ թե տվածդ քիչ է եւ այլ պատճառաբանությամբ: Եղել են դեպքեր, երբ Մ.Սաղաթելյանն ինքն է իր նախաձեռնությամբ նրան դրամ տվել: Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող, քանի որ, ըստ գործակալի ցուցմունքի՝ ինքն իրականում նույնիսկ նման տեղեկություններ չուներ, թեեւ՝ դատելով 2001-ի օգոստոսի 29-ին ՆԳՆ-ում տված ցուցմունքից, լավ էլ ունեցել է: Ի վերջո, երբ նա այդպես էլ ոչ մի ձայնագրություն Մ.Սաղաթելյանին չի տվել, երբ վերջինս պարզել է, որ իրեն փոխանցված՝ իբր Մ.Մովսիսյանի օրագիրն էլ շինծու է, Մ.Սաղաթելյանը վերջին հանդիպման ժամանակ «Շեյթանին» ապտակել ու մեքենայից դուրս է արել ու դրա մասին տեղյակ պահել ՆԳՆ-ին: Դատարանում այն հարցին, թե Մ.Սաղաթելյանին հետաքրքրել են «27»-ի մասին կե՞ղծ, թե՞ իրական փաստեր, Հ.Գրիգորյանը պատասխանեց՝ իրական: Իսկ դուք նրան ասե՞լ էիք, որ տրվող փաստաթղթերը կեղծ են, Հ.Գրիգորյանը միամիտ տոնով նկատեց՝ որ ասեի, ինքը ո՞նց փող կտար: Ահա այստեղ «կեղծ մատնություն նախապատրաստելու փորձի» մեղադրանքը հօդս է ցնդում եւ առաջանում է նախաքննական իրար հակասող ցուցմունքներ տված, մի ողջ կուսակցության ղեկավար անդամներին ու Մ.Սաղաթելյանին խաբած ու մոլորության մեջ գցած, Մ.Սաղաթելյանին շանտաժի ենթարկելով ու իր կողմից կեղծված փաստեր հրամցնելու դիմաց դրամ շորթած «աֆերիստի» գործողություններին իրավական գնահատական տալու հարցը: Զարմանալի, բայցեւ՝ հասկանալի է, թե ինչո՞ւ է, ըստ իր իսկ նախաքննական ցուցմունքների՝ իր պահանջով Մ.Սաղաթելյանից փող պոկելու մասին պարզ հայտարարած այդ մարդը մինչ օրս ազատության մեջ: Գուցե նա դեռ գործակա՞լ է: Եվս մեկ կարեւոր հանգամանք. ըստ գործակալի, Մ.Սաղաթելյանն այդ փաստերը, եթե դրանք իրական լինեին, օգտագործելու էր Ռ.Քոչարյանի պաշտոնանկության հարցը ԱԺ-ում բարձրացնելու համար: Իսկ դա, որքան գիտենք՝ օրինականության սահմաններում է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել