Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ՈՐԵՎԷ ՌԵԱԿՑԻԱ ՉԴՐՍԵՎՈՐԵՑ

Ապրիլ 03,2002 00:00

ՍԱՍՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ՈՐԵՎԷ ՌԵԱԿՑԻԱ ՉԴՐՍԵՎՈՐԵՑ Այց բանտային հիվանդանոց Փոխգնդապետ, «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանակիր, «Մարտի 22» քրգործով 14 տարի ազատազրկման դատապարտված Սասուն Աղաջանյանին վերջին անգամ տեսել էի ԼՂՀ Ստեփանակերտի դատարանում՝ անցյալ տարվա փետրվարի 15-ին։ Սասունին դատական նիստերի դահլիճ բերել-տանելը մենք չէինք տեսնում, ինչպես մնացյալ ամբաստանյալների պարագայում էր լինում։ Նա նստած էր մնում տեղում անգամ ընդմիջումների ժամանակ։ Դատաքննության ողջ փուլում որեւէ ռեակցիա չէր ցույց տալիս, իսկ որպեսզի «մնա» տեղում, հենվում էր (կամ՝ հենում էին) երկու կողմերում կիպ իրեն նստած խցընկերներին։ Սասուն Աղաջանյանը անցյալ տարվա մայիսի 12-ից գտնվում է Հայաստանում, բանտային հիվանդանոցում։ Նրա հարազատներից ստանալով ահազանգ՝ երեկ այցելել եմ բանտային հիվանդանոց, հանդիպել Սասունին, զրուցել բանտային հիվանդանոցում իր ամենօրյա բուժման հսկողությունը ստանձնած բժիշկների, հոգեբույժ պրն Ահարոնյանի, թերապեւտ պրն Հեքիմյանի, վիրաբույժ պրն Դավթյանի հետ։ Ողջ այդ ընթացքում ինձ հետ է եղել բանտային հիվանդանոցի պետը՝ գնդապետ Սամվել Ղազարյանը։ Սասունը գտնվում էր մշտական խնամքի եւ ուշադրության ներքո։ Նրա հիվանդասենյակում էր գտնվում եւս մեկ դատապարտյալ՝ Շիրին անունով։ Սասունը մեզ «դիմավորեց» մահճակալին գամված, կաթիլայինի տակ։ Որեւէ ռեակցիա չդրսեւորեց։ Անգամ՝ հայացքով։ Կարծես չի լսում, անտարբեր էր իր շուրջը կատարվող երեւույթների նկատմամբ։ Ղարաբաղի եւ այստեղի Սասունի տարբերությունն այն էր, որ բավականաչափ նիհարել է։ Ի դեպ, «քաշի պրոգրեսիվ նվազումը» չթաքցրին բժիշկները, որոնք քաշի ամենամսյա դինամիկան նույնպես ունեին։ ԼՂՀ Շուշիի մեկուսարանում Սասունը եղել է 49 կգ, այնուհետեւ բանտային հիվանդանոցում նրա քաշը տատանվել է 47, 47,5, 47,4, 42,7 կգ-ի միջեւ։ Հիմա նա 40 կգ է։ Նրանք, ովքեր երբեւիցե ծանոթ են եղել Սասունին, կարող են փաստել, որ նա մի «բուռ» է դարձել։ Բանտային հիվանդանոցի պետը՝ պրն Ս. Ղազարյանը, տեղեկացրեց, որ պարբերաբար Սասունի առողջական վիճակով հետաքրքրվում են ԼՂՀ ՆԳ նախարարն ու փոխնախարարը, ԼՂՀ Շուշիի մեկուսարանի պետ պրն Աբրահամյանը։ ԲՀ պետ պրն Ղազարյանը տեղեկացրեց, որ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին հսկողական դատախազին գրություն է ուղարկել՝ Ս. Աղաջանյանի բուժումը կազմակերպելու համար «ախտորոշումը ճշտելու» թույլտվություն տալ, ինչին 2 օր անց պատասխանել են՝ չառարկմամբ։ «Կոնտակտը մատչելի չէ, արտաքին ազդակներին պատասխան չի տալիս, հանձնարարությունները չի կատարում». ահա Սասունի ներկա վիճակը։ 29.08.2001թ. ԲՀ պետը դիմել է առողջապահության փոխնախարարին Ս. Աղաջանյանին համալիր զննության ենթարկելու։ Մինչ այդ «Կարմիր խաչի» մասնագետների խորհրդով Սասունը դիագնոստիկ կենտրոնում ենթարկվել էր գործիքային քննության։ Ստուգվել էր գլխուղեղը, վահանաձեւ գեղձը։ Ըստ արդյունքների՝ «որեւէ օրգանի ֆունկցիայի հետ կապ չունի» նրա վիճակը։ Անցյալ նոյեմբերից դատապարտյալ, հիվանդ Ս. Աղաջանյանի վիճակն այնքան է վատացել, որ կիրառվել է հարկադիր սնուցում՝ զոնդի միջոցով։ Ըստ պրոֆեսոր Դանիելյանի, դոցենտ Թումանյանի, նյարդահոգեբանական դիսպանսերի տնօրեն Գեւորգյանի, հոգեբույժ Մուրադյանի, ՌԴ ակադեմիկոս, պրոֆեսոր Նազարեթյանի, պրոֆեսոր Առաքելովի 5.12.01 քննությամբ Սասունի վերջնական ախտորոշումը չի տրված։ Բայց… ֆիքսվել է, որ նա «հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում, այլ ամիսներ շարունակ իրավիճակով պայմանավորված, գիտակցված եւ կամավոր սննդից հրաժարվելը, անշարժությունը եւ կոնտակտի մեջ չմտնելը հանգեցրել են դատապարտյալի ուժերի աստիճանական սպառման, օրգանիզմի հյուծման եւ կախենիայի»։ Այնուհանդերձ, նրան խնամող բժշկի վկայմամբ, տարիների փորձ ունենալով, ինքը նման կամային հիվանդի չի տեսել. «Մեծ կամքի տեր է»։ Բանտային հիվանդանոցի պետի կարծիքով, արհեստական եղանակով սնուցումը մտահոգիչ է եւ չնայած Սասունը որեւէ շփման մեջ չի մտնում, իրենք շարունակում են համոզել, բացատրել նրան, որ դուրս գա այդ վիճակից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել