Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ 140 ՀՈԳԻ

Ապրիլ 03,2002 00:00

ԵՎՍ 140 ՀՈԳԻ Այս անգամ ՀՀ կառավարության շենքի առջեւ հավաքվածները Նոր Արեշի թիվ 1 ծննդատան բուժաշխատողներն էին։ Ըստ հավաքվածների, բուժհիմնարկների օպտիմալացման ծրագրի համաձայն, պատրաստվում են միավորել Նոր Արեշի թիվ 1 եւ Էրեբունու ծննդատները։ Բուժաշխատողների կարծիքով, տեղափոխումն ընդամենը աչքակապություն է, խաբեություն, քանի որ, ըստ նրանց ունեցած տեղեկությունների, Էրեբունու ծննդատունը սեփականաշնորհման ճանապարհին է եւ գտնում են, որ «պետական ծննդատունը միավորել սեփականաշնորհվածին՝ անիմաստ է։ Մեզ՝ աշխատակիցներիս կհամոզեն, կտեղափոխեն, իսկ 1-2 ամսից դուրս կշպրտեն։ Եվս 140 հոգի կհամալրի գործազուրկների բանակը։ Կլինեն ընտանիքներ, որ կբռնեն գաղթի ճանապարհը։ Մեզ հայտնի է, որ Էրեբունու ծննդատունը եւս խնդիրներ ունի։ Աշխատում են հարկադրված գրաֆիկով։ Իրենց մոտ նույնպես կրճատումներ են սպասվում»։ Հավաքվածները մտավախություն էին հայտնում նաեւ, որ նույնիսկ միավորելու դեպքում տեղափոխելու են միայն բուժաշխատողներին, իսկ տեխնիկական, վարչական եւ տնտեսական գծով աշխատողները դուրս են մնալու։ Նոր Արեշի ծննդատան գլխավոր բժիշկ Տարոն Ղազարյանի՝ «Առավոտին» տված պարզաբանման համաձայն, «լուրերն այն մասին, որ պիտի տեղափոխվեն միայն բուժաշխատողները, ճիշտ չէ։ Կտեղափոխվի ծննդատան ողջ անձնակազմը»։ Չնայած հավաքվածներն իրենց հավաքը որպես բողոքի ցույց չորակեցին, այնուամենայնիվ, կառավարությունից դրական պատասխան չստանալու դեպքում գնալու էին նաեւ դրան։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել