Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԳԿ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿԻ ԴԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼԻՍ

Ապրիլ 20,2002 00:00

ՊԳԿ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿԻ ԴԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼԻՍ «Առավոտում» տպագրվեց ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 8-ի թիվ 13 որոշումը, որով թույլատրվել էր պետական գույքի նախարարությանն «իր տնօրինության՝ Երեւանի Վ. Վաղարշյան 12 հասցեում գտնվող ակումբ- ճաշարանային մասնաշենքի 2-րդ հարկի 980 քմ տարածքը վաճառել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Լեւոն Պարտակճյանին»։ Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ կառավարությունը սահմանել էր «գույքի» վաճառքի գինը 21 մլն դրամ։ Եվ կասկածներ հայտնել որոշ հանգամանքների առումով։ Հետեւաբար, եթե կարող էր ինչ-որ մեկը փարատել դրանք, ապա ակնկալում էինք, որ այն կարող էր լինել վերոնշյալ որոշման հեղինակողը՝ կառավարությունը, վարչապետը, լավագույն դեպքում… նրա մամուլի ծառայությունը։ Սակայն «Առավոտ» թերթին սպասվում էր անակնկալ. վարչապետի կողմից կնքած, հաստատած կառավարության ընդունած որոշման կապակցությամբ «պատասխան» է ուղարկում… ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության «մամուլի ծառայությունը»։ Պաշտոնական բլանկի վրա։ Անստորագիր։ «Կխնդրեինք նաեւ նման նյութեր տպագրելուց առաջ դրանց իսկությունը ստուգվեր նախարարությունում» պահանջով։ Սակայն ո՞ր նյութերի մասին է խոսքը. կառավարության որոշմա՞ն, իսկ ի՞նչ կապ ունի ՊԳԿ նախարարությունը կամ «մամուլի ծառայությունը», որպիսին գոյություն չունի եւ որը պաշտոնական փաստաթղթի տակ անգամ չի համարձակվել… ստորագրել։ Ինչո՞ւ եմ պնդում, որ մամուլի «ծառայություն» գոյություն չունի։ Որովհետեւ բլանկի վրա մատնանշած հեռախոսահամարը (52- 18-77) երբ հավաքեցինք, պարզվեց, նախարար Դավիթ Վարդանյանի ընդունարանինն է, այնտեղից էլ մեզ պատասխանեցին, որ նման «ծառայություն» չկա։ Լավ, ի՞նչ էին, այնուամենայնիվ, պատասխանում մեզ՝ կառավարության մամուլի խոսնակի դերը ստանձնած ՊԳԿՆ վերոնշյալ ծառայությունը։ Ակումբ-ճաշարանային մասնաշենքի 2-րդ հարկի 980 քմ տարածքը վաճառվել է «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հիմնադիր եւ 1994թ. հիշյալ տարածքի վարձակալ Լեւոն Պարտակճյանին։ Սակայն կառավարության որոշման մեջ ակնարկ չկա այդ կազմակերպության մասին, ավելին, վարձակալի մասին։ Շարունակենք ընթերցել պատասխանը. «Ինչ վերաբերում է տարածքը Լ. Պարտակճյանին ուղղակի եղանակով վաճառելուն, ապա նշենք, որ նրա վարձակալական պայմանագիրն ուժի մեջ էր մինչեւ 2011 թվականը»։ Կարդանք կառավարության որոշումը դարձյալ. «Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 21 մլն դրամ»։ Վերջին դեպքում հրապարակմանս մեջ բառացի գրել եմ այն, ինչ կա։ Ինչպես տեսնում եք, նորահայտ «մամուլի ծառայությունը» չի բացում փակագծերը, թե արդյոք վարձակալական ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը, արդյոք նախատեսվե՞լ էր, որ պայմանագրի ժամկետը չավարտված ուղղակի վաճառք տեղի կունենա, կա՞, եղե՞լ է իրականում պայմանագիր, ո՞ւր է այն, ինչո՞ւ չի կցվել վերոնշյալ պատասխանին։ Ինչ պարտականություններ է ստանձնել վարձակալը։ «Միայն անցած 2 տարիների ընթացքում պարոն Լ. Պարտակճյանի կողմից հիշյալ տարածքում իրականացվել են 27,4 մլն դրամի ներդրումներ, որից 17,8 մլն դրամը՝ շինարարական-վերանորոգման, 9,6 մլն դրամը՝ ջեռուցման եւ օդափոխման համակարգերի վերականգնման աշխատանքներ», շարունակում ենք ընթերցել պատասխանը։ Իսկ որտեղ է երեւում, որ Ամերիկայի քաղաքացին այդքան ներդրումներ է արել այդ տարածքի համար, օտարերկրացի վարձակալի համար նախատեսվա՞ծ էին վերոնշյալ պայմանագրային պարտավորությունները։ ՊԳԿ նախարարությունը, որն այդպես ջանասիրաբար առարկում է ինձ՝ տեղեկատվություն տարածողիս (իրականում պիտի առարկեր կառավարությանը), ինչո՞ւ չի ուղարկել անդորրագրերը, որով փաստվեր, թե կազմակերպությունը ներդրումներ է արել։ Եվ գումարն էլ հասել է… պետբյուջե։ Ի դեպ, կառավարությունը շենքը վաճառել է, եթե նկատեցիք, Ամերիկայի քաղաքացուն, մինչդեռ պարզվում է, որ ՊԳԿ նախարարությունը վարձակալության պայմանագիր է կնքել, մինչեւ 2011թ., կազմակերպության՝ «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայությունների» հետ։ Հիմա ո՞վ կարող է պատասխանել, թե ո՞ւմ է վաճառվել շենքը. անձի՞ն, թե՞ կազմակերպությանը։ Երկու իրարամերժ փաստաթղթերից դա, համենայնդեպս, չի երեւում։ «Վարձակալը գտնվում էր հիշյալ տարածքում 1994 թվականից»։ Զարմանում եմ. այդ մասին չգիտե՞ր վարչապետը։ Կամ որոշումը նախապատրաստողը։ Ինձ առարկել են, որ նշել եմ, թե վաճառված տարածքի գինն էապես ցածր է առկա շուկայական գներից։ «100-120 քմ տարածք ունեցող 3-4 սենյականոց բնակարանների վաճառքի գները ներկայումս կազմում են 12-14 հազար ԱՄՆ դոլար»,- գտնում են նրանք։ Բայց որտե՞ղ. Նոր Նորքի 9-րդ, 8-րդ, 5-րդ զանգվածներո՞ւմ։ Վերցրեք հայտարարություններն ու կրկին ընթերցեք. Վ. Վաղարշյան փողոցում գտնվող շենքերինը հատկապես։ 40, 50, 60 հազարից պակաս թիվ ձեզ չեն ասի։ Այն էլ 980 քմ տարածքի համար։ Գուցե այդ մոտեցումն է, որ հետեւել է մեկ այլ խայտառակ որոշում գույքը վաճառելու մասին։ ԿԳՆ ենթակայության «Նոր Նորք ուսանողական ավանի» մարզահամալիրի եւ ակումբ-ճաշարանային մասնաշենքի գույքի վաճառքի գինն էլ թեթեւ ձեռքով սահմանվել է… 15 մլն դրամ (համեմատեք վերոնշյալ տարածքի գինն ու վերջին գույքի գինը), այն էլ ուղղակի եղանակով, այն էլ «հավանական գնորդին» (նշված է «Զորախաչ» ՍՊԸ-ին)։ Հետաքրքիր է, «անհավանական գնորդ» գտնվելու դեպքում որքան կարժենար վերոնշյալ գույքի արժեքը։ Վերջին դեպքի համար ակնկալում ենք կառավարության պատասխանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Երեկ օրվա ընթացքում ինձ էր փնտրում նախարարը, ինչո՞ւ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել