Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Մայիս 07,2002 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երկրորդ տուրի հանդիպումները։ Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հանդիպեց «Դինամո-2000»-ին։ Դինամոյականները միայն առաջին 20 րոպեներին կարողացան արժանի դիմադրություն ցույց տալ հանրապետության թիվ մեկ թիմին։ «Փյունիկը», հստակ կատարելով արգենտինացի մարզիչ Օսկար Լոպեսի հրահանգները, շուտով ամբողջովին տիրեց նախաձեռնությանը, որը կարճ ժամանակ անց վերածվեց նյութականի։ 24-րդ րոպեին հաշիվը բացեց Արման Քարամյանը։ Արմանն աչքի ընկավ նաեւ հանդիպման վերջնամասում։ Գոլի հեղինակ դարձան նաեւ Արտավազդ Քարամյանն ու Վարդան Մինասյանը։ Հաղթելով 4։0 խոշոր հաշվով՝ «Փյունիկը» երկրորդ տուրից ստանձնեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դերը։ Գոլերով առատ ստացվեց «Զվարթնոց»-«Լեռնագործ» խաղը, որում 3։1 հաշվով հաղթեց առաջինը։ Իսկ ահա «Բանանց»-«Սպարտակ» հանդիպման ելքը վճռեց սպարտակցիների խփած միակ գոլը։ Ասենք, որ այս խաղն անցավ համառ ու անզիջում պայքարում, որում, ցավոք, ֆուտբոլիստները հաճախ անցնում էին թույլատրելիի սահմանը։ Եվ պատահական չէ, որ գլխավոր մրցավար Կ. Նալբանդյանը ստիպված եղավ հինգ անգամ դեղին քարտ ցույց տալ խաղացողներին։ Սկզբունքային էր «Շիրակ»-«Միկա» դիմակայությունը, որում գյումրեցիները կարողացան գավաթի խաղարկությունում կրած պարտության դիմաց «վրեժխնդիր» լինել աշտարակցիներից՝ 2։0։ «Արարատն» ու «Արցախը» նույնպես 2։0 հաշվով կարեւոր հաղթանակ տարան՝ համապատասխանաբար «Լոռիի» եւ «Կոտայքի» նկատմամբ։ Նայելով տպագրված մրցաշարային աղյուսակին՝ տեսնում ենք, որ թիմերը հիմնականում դասավորված են իրենց ուժերին եւ կարողություններին համապատասխան: Թերեւս «Արցախն» է, որ հայտնվել է 5-8-րդ տեղերը զբաղեցնող այն ակումբներից առաջ, որոնք լիովին կարող են պայքարել մեդալների համար: Այսպիսով, երկու տուրից հետո արդեն կարելի է կազմել ֆուտբոլի ՀՀ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը, որը հետեւյալ տեսքն ունի։ 1. Փյունիկ 2 2 0 0 7-1 6 2. Շիրակ 2 2 0 0 6-0 6 3. Սպարտակ 2 2 0 0 3-0 6 4. Արցախ 2 1 1 0 3-1 4 5. Զվարթնոց 2 1 0 1 3-2 3 6. Արարատ 2 1 0 1 2-2 3 7. Միկա 2 1 0 1 1-2 3 8. Դինամո 2 1 0 1 3-5 3 9. Լեռնագործ 2 0 1 1 2-4 1 10. Բանանց 2 0 0 2 1-4 0 11. Կոտայք 2 0 0 2 1-5 0 12. Լոռի 2 0 0 2 0-6 0 Լավագույն ռմբարկուի համար պայքարը գլխավորում է «Փյունիկի» հարձակվող Արման Քարամյանը, որն իր հաշվարկում արդեն գրանցել է 3 գոլ։ Արամ Հակոբյանը («Սպարտակ») եւ Անդրանիկ Բարիկյանը («Շիրակ») դարձել են 2-ական գոլի հեղինակ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել