Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՐԿԵՆՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ-2

Մայիս 11,2002 00:00

ՓՐԿԵՆՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ-2 Տարվա մեջ հայերս ունենք առնվազն 5 հիմնական կրոնական տոն: Դրանցից է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Սա մի մարդ էր, որից 33 տարի պահանջվեց խաչվելու համար: Անցյալ տարի հայերս նշեցինք այս մարդու կյանքի, գործունեության եւ մահվան հանդեպ մեր հավատարմության 1700-ամյակը: Այսինքն, քրիստոնեություն ընդունելու օրից երկիրը պատրաստ է ապրել ըստ Քրիստոսի: Անցյալ տարի յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ բացել է Աստվածաշունչը, մասնավորապես՝ Նոր Կտակարանը: Ռոբերտ Քոչարյանն, անշուշտ, այդ հայերից է: Յուրաքանչյուր տարվա ընթացքում այս մարդը բոլոր հայաստանցիներից ավելի հաճախ է հանդիպում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Նա նաեւ տարին առնվազն 5 անգամ մտնում է Մայր Աթոռ կամ այսուհետեւ հնարավոր է նաեւ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հաստատ լսում է հատկապես հարկատուների սրտին մոտ հետեւյալ խոսքերը. «Եւ թող մեզ զպարտիս մեր, որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց» (ի դեպ, այս նույն աղոթքում է ասվում «զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր»): Քրիստոսը Պոնտացի Պիղատոսի պալատում իրեն ծեծողների մասին ասում է. «Հայր, ներիր նրանց, վասնզի նրանք չգիտեն, թե ինչ են անում»: Այս բառերի հանդեպ աշխարհիկ հարազատություն ունենալու ռեալ ճանապարհ է նաեւ Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան»: Բնավ պարտադիր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կարդացած լինի այս վեպը: Բայց նա այսօր ներողամտության խնդիր ունի: Այսինքն, հույս ունի, որ բոլորը պետք է ներեն իր մեղքերը: Հաջորդ տարի լեգիտիմ ճանապարհով նախագահ դառնալու հույս ունեցող այս մարդը չի կարող պարծենալ, թե այս չորս տարվա ընթացքում ինքն արել է ամեն ինչ, որպեսզի երեք միլիոն մարդ (ասենք թե) նրան ներեն: Հասարակության մի ստվար զանգված նրան նախագահ պետք է ընտրի ոչ թե 40 հազար աշխատատեղի խոստումը գերազանցելու կամ երկրում տարեկան 9,6 տոկոս տնտեսական աճ արձանագրելու համար: Դրա համար Ռոբերտ Քոչարյանից պետք է պահանջվի նախ երկրում գտնել այն մարդուն, ով իր աշխատատեղի կամ տնտեսական աճի շնորհիվ սկսել է մի քիչ լավ ապրել: Այդ մարդուն գտնելը գրեթե անհնարին գործ է մեկի համար, ով չորս տարվա ընթացքում երկրում տղամարդ չգտավ: Ուրեմն, Քոչարյանին դեռ պետք է ներեն իր սեռի ներկայացուցիչները: Հետո (ասենք թե) 44 հազար աշխատավորները: Նրանք ապրուստի մինիմում չունենալու ողբերգությունից հետո վայելում են մինիմումն ունենալու անհարմարավետությունը: Այսինքն, նախ ինչ-որ մեկի «մունաթի» տակ են, որը Քոչարյանին երբեք չի ների այն բանի համար, որ վերջինիս ստեղծած աշխատատեղի ներկայացուցիչը հոգու խորքում իր տնօրենին անիծում է ծայրահեղ ցածր աշխատավարձի համար: Երկրորդ, Քոչարյանի աշխատավորը նրան պետք է ների նաեւ երկրից հեռացած իր հարազատի անունից, որն այդպես էլ չտեսավ աշխատավարձի անհարմարավետությամբ աչքի ընկնող աշխատատեղը: Ռոբերտ Քոչարյանին պետք է ների, ասենք, Մեղրիի Լիճք գյուղի ոչխար պահող վարորդ Խորենը, որն ամուսնացել է Քոչարյանի նախագահ դառնալու նախօրեին եւ երկու երեխա ունենալու խոստմանը հակառակ՝ ունեցել է մեկ երեխա, քանի որ հետագա տարիներին մեկ տասնյակից ավելի ոչխարներին փոխել է մեկ կովի հետ, իսկ մի քանի ամիս հետո այս կովի վաճառքից ստացած գումարով, հարազատներին կես բերան տեղեկացնելով, հեռացել երկրից: Միայն վերջերս է Խորենը Ռուսաստանից արտաքսվել իր հայրենիք, որտեղ պետք է նախագահ ընտրի: Խորենի հարազատները, անկասկած, ավելի վաղ են ներել նախագահին՝ երկրից չհեռանալով: Նրան պետք է ների նաեւ Եղեգնաձոր քաղաքից Մերին: Նա Թուրքիայից վերադարձել է ոչ նախընտրական արշավին ակտիվորեն մասնակցելու համար: Նա գնացել էր հարեւան երկիր առեւտուր անելու, գայթակղվել Ստամբուլի անառակների աշխատած գումարով եւ մնացել այնտեղ: Վերադարձել է իմաստնացած. «Թուրքերին քեզանով չես զարմացնի»: Ադաթներով մեծացած Մերին հույս ունի, որ անառակի իր աշխատատեղով կբավարարի շարքային փողոցայինով զարմացող մեր պաշտոնյաներին. «Դրանք իրենց որդիներին եւ մեզ՝ անառակներիս, գումար են տալիս նույն բավականությամբ»: Ի դեպ, Մերիի երկու որդին չգիտեն, որ իրենց մայրն արդեն Հայաստանում է: Քոչարյանին պետք է ներեն նաեւ Ազգային ժողովի պատգամավոր հանրապետականները, նախկին դեմիրճյանականները, նախկին աժմ-ականներն ու կոմունիստները, նախկին անկախ պատգամավորներն ու բոլոր իշխանությունների «Օրինաց երկիր»-ականներն ու Հմայակ Հովհաննիսյանը կամ Ֆիլարետ Բերիկյանը: Չէ՞ որ երկրի նախագահի վարած քաղաքականության շնորհիվ բոլոր այս նախկինները իշխանամետից ու ընդդիմադիրից վերածվեցին պարզապես քծնողի: Ընդ որում, սրանք Քոչարյանին չեն ների հենց այն պատճառով, որ վերջինիս հերիքեց իրենց քծնելու ընդունակությունը մինչեւ վերջ բացելու տաղանդը: Նրանք Քոչարյանին չեն ների նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անշնորհքությունը կատարելագործելու հետեւողականությունը: Վերջինս իրեն շրջապատում էր պարզապես քծնողներով: Քոչարյանը սրանց դարձրեց բոլոր իշխանությունների գործիք, այսինքն՝ ազգային իրողություն: Եվ հիմա գյումրեցի Սամվելն ու «Օրինաց երկրի» Սերգո ջանը քծնելու են ոչ թե լավ ապրելու հույսով, Տիգրան Թորոսյանը կառավարության տնտեսական քաղաքականությունը գովաբանելու է ոչ թե դրանում համոզված լինելով, Հովհաննես Հովհաննիսյանը Ստրասբուրգում մեզ փրկելու է ագրեսոր կոչվելուց ոչ թե այն պատճառով, որ մենք իսկապես ագրեսոր չենք, վարչապետ Անդոն ՆԺդեհին մեզ պարտադրելու խնդիր ունի ոչ թե մեր կյանքը ավելի երջանիկ դարձնելու հույսով, այլ որովհետեւ, ըստ նրանց, Ռոբերտ Քոչարյանից հետո իրենք պարտավոր են ոչինչ չանել: Սրանք այնքան են վախենում այդ մարդուց, որ նրան մենակ են թողել իրենց սպանիչ գոյությամբ: Քոչարյանը հո չի կարող ասել, որ կոմպլեմենտար համակրանքի պիոներ Արթուր Բաղդասարյանն իր ընկերն է: Արթուր Բաղդասարյանը մարդ է, որի կարծիքով երկրի տնտեսական ճգնաժամի եւ Ռոբերտ Քոչարյանի հանճարեղ, աստվածային եւ հեռանկարային կերպարի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Բոլոր այս մարդիկ Ռոբերտ Քոչարյանին դարձրին հրեշ: Եվ նա պետք է հուսա ներողամտությունն այս մարդկանց, որոնք երկրի քաղաքացու համար ոչինչ չանելուց բացի՝ այլ բանի ընդունակ չեն: Այս մարդիկ նախագահին հանրապետության մարզեր ուղեկցելիս նրա հետ եկեղեցի են մտնում: Շարքային քաղաքացիների ներկայությամբ հիացած հետեւում են հակահայերեն բառապաշարով նրա մտքի թռիչքներին: Եվ ամենասարսափելին՝ նախագահը ոչ մի քաղաքացու դեռեւս չի ասել, որ վերջինիս պրոբլեմը լուծելու համար է սրանց հետեւից գցած ման գալիս երկրի բնակավայրերով: Այսպիսով, հստակ է, որ նախագահը չի կարող ակնկալել նշված մարդկանց ներողամտությունը: Նա իր ձեռքերը կարող է լվանալ նաեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանից: Սա Քոչարյանի համար հրաշալի Պիղատոս կմարմնավորի: Հիշենք սրա կեցվածքը հոկտեմբերի 27-ից հետո ընկած առաջին վեց ամիսներին: Ու՞մ հայտնի չէ, որ Ազգային ժողովի գրականագետ նախագահը այնքան թույլ մարդ է, որ իր ընկերոջ ձեռքը չի սեղմի այնքան ժամանակ, մինչեւ չիմանա, որ Ռոբերտ Քոչարյանն էլ կսեղմեր նրա ձեռքը: Այս պայմաններում ի՞նչ պետք է անի նախագահը: Բնականաբար, զգուշորեն կարող է շրջանառության մեջ գցել Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լուրը: Կամ ասենք, բոլոր քաղաքական գործիչներին կարող է լարել իր դեմ: Մի խոսքով, ամեն ինչ պետք է անի նկատելիորեն միայնակ մնալու համար: Գաղտնիք չէ, որ Քոչարյանի դեմ իրենց ատամներն են սրելու, ասենք, նույն Արմենը, Թորոսյան Տիկոն, Եղիազարյան Գուրգենը, կամ Ագրոարդյունաբերողների Հմայակը, կամ, ասենք, հայ ժողովրդի հոգու հանրապետական կտոր Ֆիլարետը: Բայց սա մյուս կողմից նախագահի օգտին է, սա համարյա նրանց ներողամտությունն է նախագահի հանդեպ: Բոլոր դեպքերում մենակ մնացած նախագահը կշարժի 1700-ամյա քրիստոնյա հասարակության գութը: Գութը սպանում է հիշողությունը: Հասարակությունը հաճույքով կմոռանա բոլորից լքված Ռոբերտ Քոչարյանի մեղքերը: Այդպես էր հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո եւ այդպես էր հետագա երեք-չորս ամսվա ընթացքում: Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը լքված լինելու կարիք ունի: Հասարակությունը պետք է խղճա նրան: Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյան լինելու հույսեր փայփայում Աստվածաշնչի այնպիսի մի անտաղանդ գիտակ, ինչպիսին Արտաշես Գեղամյանն է: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել