Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք իմ տուն մտնեմ»

Մայիս 24,2002 00:00

«Թույլ տվեք իմ տուն մտնեմ» Եթե մի օր արթնանաք եւ հայտնաբերեք, որ այլեւս չեք կարող ձեր իսկ սեփականությունը հանդիսացող բնակարան մուտք ու ելք գործել՝ չզարմանաք։ Ի դեպ, ձեր բնակարան մուտք ու ելքի արգելքները կարող են տարբեր լինել, անգամ չլսված կամ չտեսնված, բայց դա հեչ էական չէ։ Այ, օրինակ, Երեւանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 14 տան բնակիչների «արգելքը» Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի որոշումն էր՝ բարեկարգել դատարանի շենքն իր տարածքով։ Սա, սակայն, գլուխկոտրուկի վերջը չէ։ Բանն այն է, որ Հ. Ներսիսյան թիվ 14 հասցեում բնակվող մարդիկ Երեւանի քաղաքապետի 2001թ. հունիսի 6-ի որոշմամբ, որով իրենց հետիոտն եւ ավտոմեքենայի մոտեցման ճանապարհը անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է ՀՀ արդարադատության նախարարությանը, դեմ չըմբոստացան, քանզի այդ նույն որոշման 7.3 կետով ամրագրված է. «15-օրյա ժամկետում ապահովել Հ. Ներսիսյան փողոցի թիվ 14 տան բնակիչների հետիոտն ճանապարհի կազմակերպումը՝ սույն որոշմամբ դատարանին հատկացված հողամասի եւ Հ. Ներսիսյան փողոցի թիվ 12 տան միջեւ ընկած տարածքով, իսկ ավտոմեքենայի մոտեցման ճանապարհի կազմակերպումը (3,5մ լայնությամբ) Դավիթ Անհաղթի փողոցի կողմից՝ «Մակ եւ Ջահ» ՍՊԸ-ին հատկացված հողամասի կողքով»։ Հանձնարարականը տրված է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանին։ Թվում է, թե հարցը լուծված է, սակայն շուտով կլրանա մեկ տարին, ինչ վերոնշյալ հասցեում բնակվող Մխսիյանները այս ու այն «պետական դռներն» են ծեծում՝ խնդրելով «թույլ տալ մեր տուն մտնել-դուրս գալ»։ Բանն այն է, որ որոշմամբ հատկացված ճանապարհը, մեղմ ասած, ոչ բարեկարգ վիճակում է։ Հիմա հարցերի հարցն է, թե ո՞վ պետք է այդ ճանապարհները բարեկարգի։ Թաղապետարանի ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Ղ. Ղազարյանը յուրովի մեկնաբանեց. «Որոշման մեջ ասվում է «ապահովել». դա կառուցելը չէ, դա հսկելն է, փաստաթղթեր տալը, պաշտպանելը… Թաղապետարանը պետք է հսկի Սամվել Մխսիյանը՝ կառուցի իր ճանապարհը»։ Սամվել Մխսիյանը, բնականաբար, այդ մոտեցմանը դեմ է. «Ես ոչ ոքից ոչինչ չեմ ուզել. ով որոշել է, ինչ որոշել է՝ այնպես էլ թող իրականացնի»։ «Հարեւաններիս հետ դա վեճի առարկա է դարձել, որեւէ մեկին չեմ կարող բացատրել՝ ինչպես մեր տուն գա, ի՞նչ եմ անելու, եթե շտապօգնություն կամ հրշեջ ծառայությանը դիմելու հարց առաջանա»,- բարկացած բղավում էր «թերթի օգնությանը» դիմած տիկինը ու հավելում. «Այդ ողորմելի չինովնիկներին ասեք, թող իմ սահմանադրական իրավունքները չոտնահարեն՝ ես արդեն հոգնել եմ»։ Ինչը սիրով անում ենք։ Ու մինչ տան բնակիչները նամակներ են գրում ՀՀ նախագահին իրենց «ոտնահարված իրավունքների» մասին ու հերթական հիասթափություններն ապրում՝ դրանք մակագրված տեսնելով քաղաքապետարանի, ապա թաղապետարանի կատարմանը, մեզ քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի մասնագետ Արմեն Արզումանյանից հաջողվեց ճշտել, որ «հարցի առնչությամբ պետք է ստեղծվի հանձնաժողով. կգան տեղում կուսումնասիրեն եւ կկոնկրետացնեն, թե ծախսերն ում վրա է դրվում»։ Շատ տեղին ցանկանում եմ հիշեցնել «Ինձ տեղեկանք տվեք, որ անհրաժեշտ է տեղեկանք» հանրահայտ պատմությունը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031