Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացված բնակավայրեր

Հունիս 08,2002 00:00

Վերացված բնակավայրեր Հայաստան-Սփյուռք մեծ համահավաքից ստացած տպավորությամբ Համազգային համահավաքներն անհրաժեշտ եւ խիստ կարեւոր միջոցառում են՝ ներուժն ու կարողությունները միավորելու եւ առավել նպատակաուղղված օգտագործելու առումով։ Համահավաքներում եղան խելամիտ եւ օգտակար ելույթներ, շահավետ առաջարկություններ։ Սակայն մեծամասշտաբ համահավաքը նախատեսված էր անցկացնել երկու օրում, ակնհայտ նկատվում էր շտապողականություն, եւ բնականաբար որոշ խնդիրների քննարկումները կրում էին մակերեսային բնույթ, երբեմն թողնելով շուտասելուկի տպավորություն։ Օրինակ՝ տնտեսական հարցերին նվիրված քննարկումների մասնակիցներին առաջարկությունների համար առաջին համահավաքում տրամադրվում էր մեկ րոպե, իսկ երկրորդում՝ 2-3 րոպե։ Երբ առաջարկությունների համար հերթը հասավ ինձ, ես ստիպված հայտարարեցի, որ պիտի անդրադառնամ հետեւյալ երեք խնդիրներին. 1. Վերացված բնակավայրերի վերականգնմանը: 2. Հանրապետությունում լեռնային պայմաններին հարմարեցված գյուղտեխնիկայի արտադրության գործարան հիմնելուն: 3. Հարավահայաց լեռնալանջերին ջերմոցային տնտեսության զարգացմանը: Խոստացա հնչեցրածս խնդիրների մասին հանդես գալ հանրապետության մամուլում, որը եւ փորձում եմ անել։ 1. Վերացված բնակավայրերի վերականգնման անհրաժեշտությունը եւ ուղիները։ Նաեւ նշեմ, որ Հայաստանում վերացված բնակավայրերի վերականգնման խնդրով սկսել եմ զբաղվել դեռեւս 1970-ական թվականներից։ Իմ ղեկավարությամբ նույնիսկ կազմվել է վերացված բնակավայրերի քարտեզ, որը, իմ կարծիքով, եզակի դեպք է համաշխարհային պրակտիկայում։ Ստորեւ ներկայացնում եմ այդ քարտեզում տրված աղյուսակի մի բաժին, որում ըստ ուղղաձիգ բարձրության ցույց են տրված վերացված բնակավայրերի քանակը եւ նրանցում ժամանակին ապրած բնակչության թիվը։ Վերացված բնակավայրերի թիվը եւ նրանց բնակչության թվաքանակը 1926-1986 թթ. Մենք բազմիցս անդրադարձել ենք վերացված բնակավայրերի խնդրին, պարզաբանել դրանց վերացման պատճառները։ Ավելին՝ հանրապետության ղեկավարությանը հղածս զեկուցագրի հիման վրա կայացվել է ՀԿԿ Կենտկոմի եւ կառավարության 1984թ. 6-ը հուլիսի թիվ 429 «Հայկական ՍՍՀ-ի լեռնային եւ նախալեռնային շրջանների տնտեսական եւ սոցիալական հետագա զարգացման միջոցառումների մասին» որոշումը»։ Ես ուսումնասիրելով Հայաստանի բնատնտեսական հնարավորությունը, հանգել եմ հետեւյալ անհրաժեշտ եզրակացության՝ լեռնային շրջաններում տարածքի առավել արդյունավետ օգտագործումը մեծապես պայմանավորված է բնակավայրերի խտությամբ։ Սովորաբար, որքան մեծ է բնակավայրերի խտությունը՝ այնքան արդյունավետ են օգտագործվում լեռնային տարածքները։ Ահա թե ինչու, մանավանդ հանրապետության օգտագործելի հողերի սակավության պայմաններում, տնտեսական լուրջ անհրաժեշտություն է առաջանում վերականգնել վերացված բնակավայրերը, դրանք ձրի տրամադրելով նաեւ սփյուռքահայերին։ Այս խնդիրը համակողմանի լուծելու նպատակով հարկ կլինի ստեղծել համապատասխան հանձնաժողով։ Հայաստանի համար կենսական նշանակության այս խնդիրը նպատակահարմար կլինի լուծել ազգովին՝ միասնաբար։ Առաջարկում ենք վերացված բնակավայրերը ձրի հատկացնել բոլոր նրանց, ովքեր այդ ցանկությունը կունենան, այդ թվում նաեւ՝ սփյուռքահայերին։ Նշենք, որ այդ բնակավայրերը գտնվում են գեղատեսիլ վայրերում, մեծ մասամբ ունեն խմելու ջրի աղբյուրներ, տարբեր ժամանակաշրջաններին պատկանող հուշարձաններ։ Վերականգնվող բնակավայրերը կարելի է օգտագործել նաեւ որպես զբոսաշրջության հանգրվաններ։ Դրանցում հնարավոր է զարգացնել տնայնագործություն՝ գորգագործություն, ձեռնոցների եւ այլ իրերի արտադրություն, խեցեգործություն, որոնք լայն պահանջարկ կունենան զբոսաշրջիկների շրջանում։ Վերացված բնակավայրերի վերականգման նպատակով անհրաժեշտ կլինի անհապաղ կազմակերպել այդ բնակավայրերի համակողմանի ոաումնասիրություն ու անձնագրավորում եւ պատրաստել համապատասխան որոշման նախագիծ։ 30.5.2002 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. ԱՎԱԳՅԱՆ Հ.Գ. Ինչ վերաբերում է բարձրացրածս երկրորդ եւ երրորդ խնդիրներին, ապա դրանց մասին արդեն հանդես եմ եկել հանրապետության մամուլում եւ զեկույցների ձեւով ներկայացրել եմ հանրապետության ղեկավարներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել