Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ՇԻՎԱՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Հունիս 26,2002 00:00

ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ՇԻՎԱՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ Տնտեսագիտության պատմության մեջ «ԱրմենՏելի» գոյությունը աշխարհում թերեւս ամենասկանդալային, ամենահակասական ու անհասկանալի դեպքն է։ Դրան մենաշնորհ տրամադրող լիցենզիան նույնքան բացառիկ է իրավագիտության պատմության մեջ։ Թե լիցենզիայի, թե ոլորտը կարգավորող օրենքների հարյուր տեսակի մեկնաբանություն կա։ Կախված նրանից, թե ում շահերն ես ուզում պաշտպանել, համապատասխան դրույթ կգտնես։ Մեր շուկայում «ԱրմենՏելի» մասնակցության, ավելի ճիշտ՝ գերիշխանության հինգերորդ տարում անգամ չեն դադարում այս ընկերության շուրջ սկանդալները, բողոքները, ինչպես նաեւ շարունակվում են օրենքների ճիշտ կամ սխալ կիրառման վերաբերյալ դիտարկումները։ Իսկ պրովայդերները կես տարուց ավելի է, ինչ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների բնագավառում կորցրել են իրենց տեղը։ Հիշենք, որ դեռեւս կես տարի առաջ նրանք շահավետ բիզնես էին իրականացնում, դրանով «խփելով» «ԱրմենՏելի» բիզնեսին։ Անհամեմատ էժան գներով տրամադրում էին ինտերնետ-հեռախոսակապ, այսպիսով դեպի իրենց գրավելով «ԱրմենՏելի» հաճախորդներին։ Եվ քանի որ մասնագետների հաշվարկով «ԱրմենՏելի» հիմնական եկամուտը գոյանում է արտասահմանյան զանգերից, ուստի ընկերությունը ցուցաբերում է ամենագործուն միջամտությունը՝ առանց զգուշացման անջատելով պրովայդեր-ընկերությունների հեռախոսակապը։ Հետաքրքիր է, որ նաեւ՝ առանց հիմնավորումների։ Այս խնդրին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է։ Անպատասխան են մնացել նաեւ պարզաբանումներ ստանալու մեր թերթի նախաձեռնությունները։ «Հայհամակարգիչ կենտրոն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վահրամ Մխիթարյանը երեկ հրավիրած իր մամուլի ասուլիսում պնդեց, որ «ԱրմենՏելին» մենաշնորհ է տրված միայն հեռախոսային ծառայությունների մատուցման ոլորտում։ Ուստի պրովայդերների նկատմամբ ձեռնարկած քայլերն անօրինական են։ Իսկ քայլերն, ըստ Վ. Մխիթարյանի, հետեւյալն են. «ԱրմենՏելի» կողմից չեն բավարարվել միջազգային ելքի եւ կապուղիների տրամադրման դիմումները։ Տեխնիկական պայմանների առկայության դեպքում բավարարվել են այլ կազմակերպություններից ավելի ուշ ստացված եւ առավելություն չունեցող դիմումները, մերը՝ ոչ։ Մեր ընկերությանը մատուցվող ծառայությունները, ի տարբերություն այլ կազմակերպությունների, տրամադրվել են սահմանափակ հնարավորություններով»։ Նմանատիպ բողոքներ ունեն նաեւ շատ այլ պրովայդերներ եւ, Վ. Մխիթարյանի տեղեկատվությամբ, այսօր 20-25 ընկերության դիմումի համաձայն դատախազությունում գործեր են հարուցված եւ դատարանում գործեր են քննվում։ Դեռեւս դատաքննության փուլում է նաեւ «Հայհամակարգիչ կենտրոնի» գործը։ Բայց պարոն Մխիթարյանը զարմացած է տրանսպորտի եւ կապի նախարարության կեցվածքից, որ վերջինիս ներկայացուցիչները պաշտպանում են ոչ թե պրովայդերների, այլ «ԱրմենՏելի» շահերը։ Բացի այդ, Վահրամ Մխիթարյանի կարծիքով, «երբ այսքան թվով ձեռնարկություններ չնչին պատճառներով դիմում են դատարան, որպեսզի իրենց հեռախոսակապը միացվի, նշանակում է ոլորտը կարգավորող մարմինը գոյություն չունի։ Այսինքն, ոլորտի կարգավորման ֆունկցիաները յուրացրել է «ԱրմենՏելը»։ Դեռեւս անցյալ տարի բարձր տեխնոլոգիաներին նվիրված էքսպո ցուցահանդեսի ժամանակ արձագանքելով մամուլում բարձրացված «Հայհամակարգչի» խնդիրներին, պատրաստակամություն հայտնեց եւ տեղում հանձնարարականներ տվեց խնդրի լուծման ուղղությամբ, դրան մասնակցելու հնարավորություն ընձեռելով նաեւ Վ. Մխիթարյանին։ Հարցին, թե ինչ է արվել այդ ուղղությամբ, Վահրամ Մխիթարյանը պատասխանեց, որ ճիշտ է, վարչապետը շատ էր ձգտում, որ խնդիրը կարգավորվի, բայց այդպես էլ ոչինչ չի փոխվել դեպի դրականը։ Ընկերության ղեկավարը գտնում է, որ վերջապես քաղաքական լուծում է անհրաժեշտ. «ԱրմենՏելին»՝ որպես բացառիկ իրավունք, պետք է թողնել միայն հեռախոսային մասը։ «ԱրմենՏելի» բացառիկ իրավունքը ուրիշ ոչ մի այլ բանի չի վերաբերում (օպտիկական կաբել, հեռահաղորդակցության ցանց, ինտերնետ եւ այլն)։ Մնացածը պետք է տարանջատել այլ ձեռնարկությունների»։ «Ինտերնետ» բառն, ի դեպ, լիցենզիայում հանդիպում է միայն մեկ տեղ, այն էլ ոչ բացառիկ իրավունքների ցանցում»,- նկատում է Վ. Մխիթարյանն ու արձանագրում, որ այս վիճակից ոլորտի 25 ձեռնարկությունները մնացել են շիվար։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել