Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԱՍԵԼ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԱՍԵԼ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ Այն, ինչ մտքում է Թուղթն ու գիրը ԱԻՄ-ում շատ են սիրում. ամեն ասուլիսի բավականին «լուրջ գրականություն» են բաժանում, հաճախ ասուլիսը հանգում է նրան, որ պարզապես ընթերցվում են բաժանված թղթերը եւ ԱԻՄ-ի նախագահի հերոսական անցյալից ու զարմանալիորեն անկեղծ ու անբարդույթ ինքնահավանությունից «բժժած» լրագրողները թողնում են ԱԻՄ-ի գրասենյակը։ Երեկվա ասուլիսը ոչ մի առումով բացառություն չէր։ Օրն էլ նախատոնական՝ Անկախության տարեդարձի նախօրեն էր, եւ պատկերացրեք այս ֆոնին Պարույր Հայրիկյանի հավերժ նախագահ դեմքը, ձայնի ծանոթ ելեւէջները, երբ կրկին ու կրկին ասում է, որ լրագրողներն ականջներին օղ անեն՝ ԱԻՄ-ն ունի իր նախագահը, դա Պարույր Հայրիկյանն է։ Բայց ԱԻՄ-ն այնքան բարի է եւ այնքան է կարեւորում հայրիկյանությունը, որ թույլ է տվել վերջին խոսքի իրավունք։ Իսկ Հայրիկյանը դեռ չի ասել վերջին խոսքը՝ այսինքն չի ասել այն, ինչ իր մտքում է՝ «Այո, ուզում եմ առաջադրվել նախագահ»։ Բայց մի՞թե ամեն ինչ է բառերով ասվում։ Ցերեկվա լույսի պես պարզ է՝ Հայրիկյանը ամբողջությամբ հենց միայն իրեն այդպես է զգում՝ նա- խա-գահ։ Իսկ բառերով առայժմ սա. «Որպես ԱԻՄ-ի համագումարի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու, ես, բնականաբար, ուշի ուշով հետեւում եմ գործընթացներին»։ Եզրակացությո՞ւնը՝ նույնիսկ չորս թեկնածուների առկայության դեպքում (մեկն անվիճելիորեն Պարույր Հայրիկյանն է) երկրորդ փուլն անխուսափելի է, իսկ այս դեպքում, առավել քան երբեւէ, Ռ. Քոչարյանի վերընտրվելու հնարավորությունները հավասարվում են 0-ի, քանի որ «երկրորդ փուլում բոլորը ընդդիմադիր թեկնածուի եւ ոչ թե գործող նախագահի շուրջը համախմբվելու միտում կունենան»։ Պարույր Հայրիկյանը մի քանի խոսք էլ ընդդիմադիր 16-ի միավորման համար էր գրի առել. անպայման պետք է վերաճել նախընտրական դաշինքի, պետք է հասկանալ, որ այդ դաշինքը նպատակային է եւ հարկավոր է խուսափել գաղափարախոսական եւ պատմահամեմատական բանավեճից, համաձայնության գալ կոալիցիոն, անցումային կառավարության վերաբերյալ, պայմանավորվել, որ միասնական նախագահը ընդամենը անցումային շրջանի համար է (թերեւս ոմանց աչքի առաջ հառնեց Արշակ Սադոյանի հավերժ տառապալի կերպարը), հստակեցնել, որ հիմնական նպատակներն են իշխանափոխությունը եւ քաղաքական կյանքի ժողովրդավարացումը։ Եթե 16-ի միավորումը հետեւի Հայրիկյանի խորհուրդներին, ԱԻՄ նախագահը վստահեցնում է, որ կարող է հասնել հաջողության։ Իսկ եթե ոչ՝ Աստված իրենց հետ։ Հայրիկյանը իրենն ասել է։ Նախորդ մամուլի ասուլիսի ընթացքում պրն Հայրիկյանն առաջարկում էր նաեւ ազգային-ազատական ուժերի դաշինք ստեղծել, այս անգամ նման հարց չշոշափվեց անգամ։ Նախորդ ասուլիսում Հայրիկյանը նույնիսկ կարծես դեմ չէր դառնալ 16-ի միավորման անդամ, թեպետ իրեն ոչ ոք այնտեղ չի սպասում, այս անգամ նման ցանկության իսպառ բացակայություն գրանցվեց։ Պարույր Հայրիկյանի ասուլիսին կարծես ներկա չէր Հանրային հեռուստատեսությունը, որը, ըստ ԱԻՄ նախագահի, ժամանակ չունի նման ասուլիսների մասնակցել, քանի որ ծառայում է մեկ նպատակի՝ նպաստել Ռ. Քոչարյանի՝ իշխանության ղեկին մնալուն։ Իշխանափոխությանը պրն Հայրիկյանը կարող է ըմբռնումով մոտենալ, թեկուզ միայն այն պատճառով, որ այդպիսով «հնարավոր կլինի ազատվել Տիգրան Նաղդալյանի նման իշխանապաշտ մարդուց»։ Իսկ այսօրվա իշխանությունները (դարձյալ ըստ Հայրիկյանի) ազգային մտածողության առումով ոչնչով չեն տարբերվում նախորդներից։ Սեպտեմբերի 21-ի առիթով շնորհավորելով լրագրողներին, պրն Հայրիկյանն ասաց, ինչ սովորաբար ասում է ամեն տարի այս օրերին՝ Անկախության տոնի իմաստը խեղաթյուրված է, Անկախության օրը պետք է լիներ ոչ թե սեպտեմբերի 21-ը, այլ գոնե մայիսի 28-ը կամ օգոստոսի 23-ը, իսկ սեպտեմբերի 21-ը ճիշտ կլիներ կոչել «Ինքնորոշման օր»։ Վերջում պրն Հայրիկյանն ամփոփեց. «Տոների խորհուրդը սերունդներին անցյալի բարձրագույն արժեքներին հաղորդակից դարձնելն է։ Դա, իհարկե, չեն կարող անել նրանք, ովքեր պատկերացում իսկ չունեն Սեպտեմբերի 21-ի էության մասին, ովքեր առանց տատամսելու ազգային հերոսի կոչում են տվել այս տոնի դեմ պայքարողների առաջնորդին»։ Վերջին շրջանում «ազգային հերոսներն» այնքան են բազմացել, որ դժվարացանք հասկանալ, թե ում նկատի ունի ԱԻՄ-ի կողմից նախագահի թեկնածուն։ Թերեւս հարցն այս մասով թողնենք առկախ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել