Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակոչ արձան

Սեպտեմբեր 21,2002 00:00

Ինքնակոչ արձան Տաղանդավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանը «Առավոտին» տված հարցազրույցում մի առիթով ասել էր, որ Երեւանի յուրաքանչյուր անկյունում մի-մի «կուկլա» են կանգնեցնում՝ անունը դնելով արձան։ «Առնո Բաբաջանյանի արձանը, թերեւս, կարելի է այդ «կուկլա»-ների թվին դասել։ Առնո Բաբաջանյանի 80-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, անցյալ տարվա սեպտեմբերին, Երեւանի կամերային երաժշտության տան բակում հուշաքար տեղադրվեց, որտեղ պետք է կանգնեցվեր մեծ երաժշտի հուշարձանը։ Ու մինչ ֆոնդի անդամները ձեռնամուխ էին եղել գումարների հայթայթմանը, որպեսզի արձանի կառուցման համար մրցույթ հայտարարեն, մի առավոտ արթնացան եւ անակնկալի եկան՝ Տերյան-Թումանյան բանուկ խաչմերուկում վեր է խոյանում Ա. Բաբաջանյանի արձանը։ Այդ առիթով ֆոնդի նախագահությունը հրավիրել էր լրագրողներին, որպեսզի նրանց հետ կիսի իր վրդովմունքը։ «Ա. Բաբաջանյան» ֆոնդի հայաստանյան բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Առնոյի մոտ ընկերուհի Ջուլիետա Ավետիսյանը փաստը որակեց որպես խուլիգանություն, քանի որ քանդակագործ Դավիթ Բեջանյանը, օգտագործելով իր կապերը քաղաքապետարանում եւ քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ, գնացել է հասարակական կարգուկանոնի բացահայտ խախտման։ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի տնօրեն Ռոբերտ Հակոբյանը դիմել է Նկարիչների միություն, որպեսզի վերջիններս կարծիք հայտնեն գործի մասին։ Նկարիչների միության քանդակագործների բաժնի աշխատակիցների դռնփակ նիստին լրագրողներին արգելեցին (՞) մասնակցել։ Ներկաների մեջ չկար «անկոչ» քանդակի հեղինակը։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մեր հարցադրմանը պատասխանեց, որ դա իրենց չի հետաքրքրում, որքանով գործ ունեն քանդակը արժեւորելու հետ։ Պրն Աղամյանը հրաժարվեց հայտնել քանդակի վերաբերյալ իր կարծիքը, իսկ քանդակագործին բնութագրեց որպես «շատ չճանաչված, բայց նորմալ քանդակագործ»։ Ինչպես տեղեկացրեց Ռ. Հակոբյանը, ինքը Բաբաջանյանի որդու հետ միասին տեսել է այդ քանդակի մակետը, չեն հավանել։ Սակայն ինչ փույթ. մեր ամենաթողության ժամանակներում ո՞վ է իր սխալի համար պատժվում կամ դիտողության արժանանում։ Ջուլիետա Ավետիսյանը ամենեւին էլ սենտիմենտալ չէր, թեեւ չկարողացավ արցունքները զսպել, երբ բնութագրում էր հուշարձանը. «Երբ նայում եմ ձեռքերին, դրանք ինձ հիշեցնում են չար արծվի ճանկեր»։ Ինչպես տեղեկացրեց տիկինը, երեկվանից չեն դադարում ֆոնդի հեռախոսազանգերը։ Զանգահարում են արվեստագետներ, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ եւ բոլորն էլ իրենց վրդովմունքն են արտահայտում, տեղի ունեցածը համարելով ծաղր մեծ կոմպոզիտորի հիշատակի հանդեպ։ Այս խմորը, ինչպես ասում են, դեռ շատ ջուր կվերցնի։ Սպասենք հետագա գործընթացին՝ վերջում վճռական խոսք ասելու պարտավորությամբ։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել