Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ծրագիրը տարբերվում է»

Հոկտեմբեր 08,2002 00:00

«Այս ծրագիրը տարբերվում է» Հայաստանի Հանրապետությունում սկսվել եւ իրագործվում է սոցիալական բարեփոխումների ծրագիրը, որի հիմնական առաջնահերթություններից մեկը որպես աջակցություն տրամադրվող միջոցների առավել հասցեական եւ նպատակային օգտագոր ծումն է։ Ծրագիրն իրականացնում է PADCO կազմակերպությունը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից տրվող միջոցների հաշվին եւ կոչված է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ բարեփոխելու Հայաստանի ազգաբնակչության բարօրության համար անհրաժեշտ սոցիալական եւ առողջապահական ծրագրերը։ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսը այդ ծրագրի շրջանակներում կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին էր։ Ընդհանրապես, արտասահմանյան ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ հասարակության որոշակի հատված բացասական եւ կանխակալ վերաբերմունք ունի, թե այդ ծրագրերի իրագործման անվան տակ միջոցները յուրացվում են եւ ծախսվում ոչ նպատակային։ Ըստ Լոռու նախածրագրերի ղեկավար Արմեն Բեժանյանի, նշյալ ծրագիրը այլ միջազգային բարեգործական ծրագրերից տարբերվում է նրանով, որ վերջինիս առաքելությունը կոնկրետ անձանց կամ հաստատություններին ֆինանսական, բժշկական սարքավորումների կամ համակարգչային միջոցների տրամադրումը չէ. «Նման ներդրումներ, իհարկե, արվում են, բայց համակարգի փոփոխությանը զուգահեռ։ Այսինքն, եթե անհրաժեշտություն կա, որ սոցիալական ապահովության քաղաքականությունը փոխվի, ապա դրա հետ կապված պետք է որոշակի ինֆորմացիոն մեխանիզմներ, կառավարման համակարգեր, ծառայությունների կազմակերպման սկզբունքներ փոխվեն։ Այդ դեպքում, եթե անհրաժեշտություն է լինում, մեր ծրագիրը կատարում է զուտ գույքային եւ նյութական ներդրումներ։ Այդ նյութական միջոցները պարզապես օժանդակում են համակարգի փոփոխությանը, հետեւապես խոսք չի կարող լինել այդ գումարները սոցիալական ծառայություններին տրամադրելու մասին, որպեսզի նպաստներ կամ օգնություններ բաժանեն»։ Ա. Բեժանյանը նաեւ նշեց, որ Վանաձորի թիվ 1 եւ 4 պոլիկլինիկաներին «Քեյր Լիֆթ» կազմակերպության օգնությամբ տրամադրել են բժշկական սարքավորումներ, որոնք հետագայում կծառայեցվեն ընտանեկան բժշկության կամ ընդհանուր պրակտիկայի խմբերի համար։ Ըստ Ա. Բեժանյանի, ծրագիրն աշխատում է ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ եւս, որի շրջանակներում անցկացվել են բժիշկների վերապատրաստման դասընթացներ։ Վանաձորի թիվ 1 եւ 4 պոլիկլինիկաների 21 բժիշկներ ընդգրկվել են վերապատրաստման դասընթացներում, որոնք նպատակ ունեն զարգացնել ընտանեկան բժշկի որակավորման համար անհրաժեշտ մասնագիտական ունակությունները։ Մամուլի ասուլիսում պարզաբանումներ եղան նաեւ անհատական համարանիշերի համակարգի ներդրման վերաբերյալ, որին սոցիալական բարեփոխումների համատեքստում կարեւոր դեր է հատկացված։ Ըստ ծրագրի ղեկավարների, Անհատական համարանիշը (ԱՀ) կյանքի ընթացքում քաղաքացուն մեկ անգամ տրվող եզակի տասանիշ թիվ է, որը ձեւավորվում է քաղաքացու ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի, սեռի, հերթական համարի եւ հսկիչ նիշի հիման վրա։ Այն միակն է լինելու քաղաքացու ողջ կյանքում։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել