Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

Նոյեմբեր 02,2002 00:00

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ Երեք հայացք Հարավային Կովկասին Ինչպես են Հարավային Կովկասում ընկալվում «տարածաշրջանային անվտանգություն» եւ «ռեգիոնալիզմ» հասկացությունները: Ինչ նպատակներով են տարածաշրջանի երկրներն ինտեգրվում միջազգային տարբեր կազմակերպություններին: Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնը ներկայացնում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վերլուծաբանների պատրաստած հոդվածաշարի վերջին թեման՝ «Տարածաշրջանային անվտանգության եւ ինտեգրման խնդիրները Հարավային Կովկասում»: Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները Եպրաքսյա Մամիկոնյան – Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն (Հայաստան): Եթե դիտարկենք մեր տարածաշրջանը որպես մեկ ամբողջություն, ապա այն անկասկած կարող է գայթակղիչ լինել խոշոր ներդրողների համար. 15 միլիոն բնակչություն ունեցող շուկան չի կարող ներդրումային հետաքրքրություն չներկայացնել: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կան դեպքեր, երբ տնտեսական համագործակցությանը չեն խանգարում նույնիսկ տարածքային վեճերը, ծագող քաղաքական խնդիրները: Այսպես, Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ կա սկզբունքային տարաձայնություն հարավկուրիլյան չորս կղզիների պատկանելության հարցում: Այն երբեմն հասցնում է ռուս-ճապոնական միջպետական հարաբերությունների լուրջ ճգնաժամի: Սակայն կողմերը ջանում են կանխել քաղաքական խնդիրների ազդեցությունը նրանց միջեւ հաստատված տնտեսական համագործակցության վրա: Եթե մեր երկրների առաջնորդները դրսեւորեն բարի կամք եւ հաշվի առնեն համաշխարհային փորձը, ապա մեր տարածաշրջանը կարող է գործել որպես տնտեսական ընդհանուր մի տարածք: Կրկնեմ, որ 15 միլիոն բնակչությամբ տարածաշրջանը չի վախեցնի խոշոր ներդրողներին նույնիսկ չլուծված (սառեցված) հակամարտությունների առկայության դեպքում: 2000 թվականին Հայաստանն ամրագրեց ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության ադապտացված համաձայնագրին (ԿԱՀ) իր անդամությունը: Սակայն Ռուսաստանի տնտեսական թուլության եւ անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պատճառով նա չի կարող այս փուլում ապահովել ԿԱՀ-ի արդյունավետ գործարկումը, նշանակում է՝ չի կարող ապահովել համաձայնագրին միացած երկրների ռեալ անվտանգությունը: Այն, որ այս համաձայնագրում չկան Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը, վկայում է հետխորհրդային տարածքների աշխարհաքաղաքական իրական «ապամոնտաժման» մասին: Այս տարվա սեպտեմբերին Վրաստանի խորհրդարանն ընդունեց ՆԱՏՕ-ին անդամագրվելու մասին որոշում: Ադրբեջանը փաստորեն դաշնակցական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, որն իր հերթին ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամներից մեկն է: Հանգամանքների այսպիսի դասավորությունը փաստորեն հանգեցնում է տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացմանը: Այս դեպքում Հարավային Կովկասի երեք երկրների շփումները ռազմաքաղաքական համագործակցության եւ անվտանգության ընդհանուր համակարգի ստեղծման հարցերում հնարավոր կլինեն միայն տարածաշրջանում ԱՄՆ եւ Ռուսաստանի դիրքերի մոտեցման պայմանում: Տարածաշրջանային համագործակցության ռազմավարական ծրագրերը մշակելիս անհրաժեշտ է ճշգրտել, թե, ի վերջո, ինչպիսին է լինելու Հարավային Կովկասի անվտանգությունը: Պե՞տք է արդյոք բոլոր երկրները պարտադրաբար անդամագրվեն միեւնույն ռազմաքաղաքական կազմակերպությանը: Անկասկած, անվտանգության, զինաթափման հարցերում, հակաահաբեկչական գործունեության մեջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքերի մոտեցման փաստը հնարավորություն կստեղծի Հարավային Կովկասի անվտանգության համակարգի կառուցման համար, նույնիսկ, եթե Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը այսօր մտնեն ռազմաքաղաքական տարբեր դաշինքների մեջ: Այնուամենայնիվ, մեր կարծիքով, տարածաշրջանի բոլոր երեք երկրները միաժամանակ պետք է կողմնորոշվեն կամ դեպի ԱՊՀ ԿԱՀ-ը, կամ՝ ՆԱՏՕ-ն: Հնարավոր է նաեւ այն տարբերակը, երբ անվտանգության ընդհանուր համակարգը ստեղծելուց հետո Հարավային Կովկասը ասոցիացված հարաբերություններ կհաստատի այդ կազմակերպությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել