Լրահոս
Օրվա լրահոսը

Սբ. Կաթողիկեն ավերված է

Նոյեմբեր 19,2002 00:00

Սբ. Կաթողիկեն ավերված է Ուխտագնացություն Թեղենյաց վանք Հայաստանյայց առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի առաջարկությամբ, թեմի Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը վերջերս կազմակերպել էր իր համայնքի հավատացյալների համար 2002 թ. 8-րդ ուխտագնացությունն՝ այս անգամ Կոտայքի մարզի Թեղենյաց վանք։ Ծաղկունյաց լեռների հարավային լանջին, Բուժական գյուղից 2 կմ հյուսիս, անտառապատ լանջին է գտնվում Թեղենյաց վանքը։ Հայոց աշխարհի եւս մի հիանալի, ցավոք՝ ավերակ, հոգեւոր օջախ։ Թեղենյաց վանքը հիմնվել է վաղ միջնադարում։ 1827թ. վանքը երկրաշարժից հիմնովին ավերվել է։ 1980-ական թվականներին պեղվել է վանքի տարածքը (ղեկավար՝ Գ. Սարգսյան)։ Բացվել են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, հիմնական համալիրից 30 մ արեւելք՝ փոքր խաչաձեւ, եռախորան, գմբեթավոր Ս. Աստվածածին եկեղեցին (6-7-րդ դդ.)։ 11-14-րդ դարերում եղել է կրթության ու գրչության կենտրոն։ Թեղենյաց եւ Մաքենյաց վանքերում պահպանվել է Հայ եկեղեցու ժամասացությունների կանոնակարգը, որը 1166թ. Ներսես Շնորհալին հիմք է ընդունել հայկական վանքերի եւ եկեղեցիների միասնական ժամակարգ մշակելու համար։ Վանքի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում։ Ուշագրավ են Ավագ խորանի ճակատամասի հարթաքանդակները՝ կենտրոնում իր տեսակով եզակի սիրամարգի պատկերով։ 1207թ. իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է շքեղ գավիթը։ Համալիրի հյուսիս-արեւմտյան կողմում առանձին գտնվում է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատունը՝ 13-րդ դար։ Արեւմտյան կողմում վանքի գերեզմանատունն է։ 13-րդ դարում որոշ ժամանակ գործել են Հայաստանի ամենահեղինակավոր աստվածաբան ու գիտնական Վանական Վարդապետը եւ Վարդան Արեւելցին, որ հիմնել է նաեւ Թեղենյաց մենաստանի, Սաղմոսավանքի, Աղջոց վանքի, Խոր Վիրապի, Հառիճավանքի, Խորակերտի դպրոցները։ Տեր հայրը յուրաքանչյուր ուխտագնացությունից առաջ հիշեցնում է ուխտի առաջնահերթ անանձնական նպատակները՝ բարեպաշտական աղոթքներ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, ամբողջ հոգեւորականների անսասանության ու պայծառացման, Կոտայքի թեմի առավել բարգավաճման, Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու համայնքի հոգեւոր առողջացման ու միասնության համար։ Թեղենյաց վանքի Ս. Կաթողիկե եկեղեցում երեկոյան ժամերգություն է կատարում Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։ Գուցե վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ են նորից հնչում այստեղ քաղցրահունչ սաղմոսները։ Տխրելու եւ խորհելու առիթ է, որ բուժականցի մի քանի երիտասարդների համար ժամասացության անհրաժեշտ բոլոր հոգեւոր գրքերով ու խնկարկությամբ կատարվող սաղմոսներն արտառոց բան էին թվում։ Իսկ ուխտավորների համար սաղմոսերգությունները, քարոզը եւ աղոթքը խոնարհված եկեղեցում հնչում էին որպես Աստծուն հաճելի պատարագ ու իրենց հոգիներում անթեղված էր ուխտի իմանալի լույսը։ Ապա քահանան բոլորին խաղաղություն է մաղթում եւ նույնը նրանցից իր հոգու համար ընդունում։ Գիշերամուտ է, ավարտվում է ուխտագնացության եւս մի օր։ Մի մեծ հարցական անպատասխան մնաց։ Կգտնվե՞ն արդյոք աշխարհում հայրենասեր հովանավորներ, որ հրաշալի մի օր վերականգնված ու ծաղկուն տեսնենք հարազատ դարձած վիրավոր Թեղենյաց վանքը։ ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ազատամարտի «Ոգեղեն ուժ» կենտրոնի հիմնադիր-տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել