Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԱԼԻԶ»-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Նոյեմբեր 19,2002 00:00

«ԱՆԱԼԻԶ»-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ 2001թ.՝ 2000 թվականին կատարված ուսումնասիրությունների հիման վրա, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հրատարակեց Հայաստանում մարդկանց թրաֆիքինգին (անօրինական փոխադրումներ եւ վաճառք) վերաբերող հետազոտություններ եւ դրանց վերլուծությունը։ Հիշեցնենք, որ սույն հետազոտությունը անց էր կացվել 59 տուժած կանանց եւ դեռահասների շրջանում, որոնց մեծամասնությունը գիտակցաբար էր դիմել այդ քայլին։ Պատճառը մեկն է՝ անելանելի սոցիալական վիճակ։ Այդ նախաձեռնությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպությունն առաջարկում էր մեր երկրի կառավարությանը՝ մտահոգվել ստեղծված իրավիճակով եւ անհապաղ կանխող միջոցառումներ ձեռք առնել։ Մարդկանց թրաֆիքինգին վերաբերող ԱՄՆ դեսպանատան երեկ կազմակերպած կլոր սեղանի ժամանակ, որտեղ, ի դեպ, 2001-ին այս թեմայով արտասանած իրենց ճառերը վերընթերցեցին հետազոտության մասնակիցները, հաջողվեց պարզել, որ մեկամյա մտահոգության արդյունքում մեր երկրի կառավարությունը պաշտոնապես հասցրել է գրանցել այդ խնդրով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի գոյությունը։ Վերջինս էլ իր հերթին երեք ուղղություն է մշակել՝ ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որը թույլ կտա պայքարել այդ երեւույթի դեմ, ժողովրդին իրազեկման միջոցով թրաֆիքինգի կանխարգելման միջոցառումներ իրականացնել, բժշկական եւ հոգեբանական օգնություն տրամադրել արդեն, այսպես կոչված, զոհերին։ Բայց սա դեռ բոլորը չէ. ըստ հանձնաժողովի համակարգող Լալա Ասլանյանի՝ դեռ երեւույթի «անալիզ» պետք է արվի՝ պատճառահետեւանքային կողմերը պետք է քննակվեն, դեռ որդեգրած ուղղությունների գործունեության ծրագրեր պետք է մշակվեն: Ու մինչ ՀՀ կառավարությունն՝ ի դեմս միջգերատեսչական հանձնաժողովի, կհաջողի իրականացնել եւ ընկալել այդ «անալիզը», ցավոք, երեւույթն առավել խորանում է մեր հասարակությունում եւ նոր, առավել վառ դրսեւորումներով է ներկայանում։ Եվ՝ «Ուշ լինի՝ նուշ լինի» սկզբունքը բնավ չի արդարացվում։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել