Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԱՐԵՆՑՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԷՐ»

Նոյեմբեր 28,2002 00:00

«ՉԱՐԵՆՑՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԷՐ» 1937թ. նոյեմբերի 28-ի առավոտյան Երեւանի բանտային հիվանդանոցում, ժամը 8-8.30-ի սահմաններում մահացավ Եղիշե Չարենցը։ Ըստ պահպանված հուշագրության, նրա վերջին խոսքը եղել է հետեւյալը. «Ես գնում եմ այս աշխարհից որպես Չարենց ու կդառնամ նորեն որպես Չարենց»։ Հայաստանի խորհրդայնացման 17-րդ տարելիցը բացվեց բանաստեղծի մահվան գույժով… Հայաստանի գրողների միության անունից երեկ ծաղկեպսակ դնելով Ե. Չարենցի հուշակոթողին, նախագահ Լեւոն Անանյանը, արժեւորելով բանաստեղծի դերը, ասաց. «Չարենցն առաջնորդ էր, մեր դժվար անկախության ռահվիրան»։ Մահվան 65-ամյա տարելիցի կապակցությամբ հուշակոթողին ծաղիկներ դրեցին բանաստեղծի տուն -թանգարանի աշխատակիցներն ու Չարենցի անվան դպրոցի աշակերտները, մի խումբ չարենցասերներ։ Բանաստեղծի մտքի, նրա գրականության թարգման, բանասիրական գիտությունների դոկտոր Ալմաստ Զաքարյանն ասաց, որ Չարենցին նվիրված իր ուսումնասիրության երկհատորյակը սպասում է տպագրության (50 տարվա աշխատանքի արդյունքը), ինչն, անշուշտ, լսեց ԳՄ նախագահը։ Առհասարակ, չարենցյան ոգուն անհարիր էր այն, որ նրա մահվան տարելիցին հարկ չէին համարել ներկա գտնվել հանրապետության առաջնորդները, մշակույթի առաջնորդները եւ, ինչպես բանաստեղծը կասեր. «Աշխարհն էր լռել նրա դեմ որպես բիրտ բռունցքով խլացած կամ մեռած մարդու լսելիք»։ Նրանք հարկ չէին համարել գտնել նույնիսկ «ձայների կորած մի աշխարհ»։ Չարենցի ֆոնդում պահպանվող 166 թվակիր նամակն իր ներքին բովանդակությամբ լավագույն ապտակը կարող էր լինել նաեւ այսօրվա հասարակական-գրական առաջնորդներին: «Մի՞թե կարող են… հասարակայնությանը ոչ մի բացատրություն չտալով ինձ վերագրվող ոչ թե գրական, այլ կոնկրետ քաղաքական հանցանքի ենթադրական պատճառով, օրը ցերեկով դուրս շպրտել Գրողների միությունից… Ե՞րբ է տեղի ունեցել այս ակտը եւ ո՞ւմ «օրհնանքով»: Զուգադիպությո՞ւն է սա, պատահականությո՞ւն, թե՞ տխուր ընթացք: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել