Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշտվել՝ չի նշանակում սեփականությունը կորցնել

Նոյեմբեր 29,2002 00:00

Հաշտվել՝ չի նշանակում սեփականությունը կորցնել «Շուրջ երեք տարի զրկվել եմ օրենքով ինձ վերապահված բնակության իրավունքից: Դատական քաշքշուկից հոգնած՝ դիմել եմ համատեղ բնակարանում մինչեւ վճռի կատարումը բնակվելու հայցով», – ասում է Ռուզաննա Դավթյանը: «Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատը երկու անգամ բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռները, որոնցով ճանաչվել էին իմ սեփականության իրավունքը մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի 4/6 շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ»,- շարունակեց նա: Նկատի ունենալով, որ հայցվորը վիճելի հասցեի համասեփականատերն է, վերաքննիչ դատարանը գտել է, որ նրան պետք է բնակեցնել վիճելի հասցեում եւ իր այս տեսակետը վճռով պաշտպանել է երրորդ անգամ: Վճռաբեկ պալատը բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռները եւ իր որոշումերը հիմնավոր ցույց տալու նպատակով երբեւէ չի նշել, որ Ռ. Դավթյանը նույնպես վիճելի բնակարանի համասեփականատերն է: «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում՝ դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում»,- նշել է զեկուցող դատավոր Սլավա Սարգսյանը՝ նկատի ունենալով Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 99թ. դեկտեմբերի 15-ի վճիռը: Հղում անելով հիշյալ վճռին, պալատը գրում է. «Օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ Ռ. Դավթյանը կամովին հրաժարվել է բնակարանի նկատմամբ սեփականության, բնակության իրավունքներից եւ հաշտության համաձայնությամբ ընդունել է, որ իր համար Վ. Սարգսյանը գնի մեկ սենյականոց բնակարան կամ նրանից ստանա այդ բնակարանի արժեքը»: Վճռաբեկ պալատն այստեղից եզրակացնում է՝ «այսինքն, Ռ. Դավթյանը հաշտության համաձայնությամբ հրաժարվել է Վ. Սարգսյանի հետ համատեղ ձեռք բերված գույքի սեփականության իրավունքից»: Իրականում՝ առաջին ատյանի դատարանի վճռում ոչ մի խոսք չկա սեփականության, բնակության եւ այլ իրավունքներից Ռուզաննա Դավթյանի հրաժարվելու մասին, գոնե հաշտության համաձայնությունով նա նման պարտավորվածություն չի ստանձնել: Մինչդեռ, նախկին ամուսինը հիշյալ համաձայնությամբ պարտավորվել է. «Ես՝ Վարդան Սարգսյանս, պարտավորվում եմ մինչեւ 2000թ. ապրիլի 2-ը Ռուզաննա Դավթյանի համար Մալաթիա-Սեբաստիա կամ Շենգավիթի թաղամասերից մեկում գնել մեկ սենյականոց բնակարան կամ վճարել բնակարանի արժեքը (այն չափով, որը հարկադրվում է ըստ օրենքի): Հիմք ընդունելով կողմերի հաշտության համաձայնությունը՝ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը 99թ. դեկտեմբերի 15-ի վճռով միայն հաստատել է նրանց համաձայնությունը եւ գործի վարույթը կարճել է: Այդ օրից անցել է երեք տարի, սակայն պատասխանող Վ. Սարգսյանը չի շտապում իր իսկ ստանձնած պարտավորությունը կատարել: Փոխարենը նա զբաղված է դատարանի վճիռները բեկանել տալով, չհաշտվելով իր իրավունքները «ոտնահարված» տեսնելու մտքի հետ: Արդարանալու համար նա դատարանում հայտնել է, որ ելնելով հաշտության համաձայնագրի պայմաններից, բազմիցս բնակարաններ է առաջարկել հայցվոր կողմին, սակայն վերջինս առաջարկված տարբերակներից ոչ մեկին չի համաձայնել: Իրականությունն այն է, որ Վ. Սարգսյանը չհամաձայնելով դատարանի կողմից հիմք ընդունված «Ակցեռն» ՍՊԸ-ի ներկայացրած բնակարանի արժեքին, ըստ որի հիշյալ համայնքներում մեկ սենյականոց բնակարանի արժեքը տատանվում է 3500-4500 ԱՄՆ դոլարի սահմաններում, դիմել էր այլ խաբեությունների: Ինչպես, օրինակ, գոյություն չունեցող «Օրենք եւ իրականություն» իրավաբանական-լրագրողական անկախ թերթի անշարժ գույքի մոնիտորինգի բաժնի» կողմից տեղեկանք ներկայացնելը, ըստ որի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում 2000թ.-ին մեկ սենյականոց բնակարանի արժեքը 1800-2400 ԱՄՆ դոլար է»: Հետաքրքիր է, որ նրա ներկայացրած «Օրենք եւ իրականություն» իրավաբանական-լրագրողական անկախ թերթը» վճռաբեկ դատարանի որոշման մեջ դարձել է անշարժ գույքի գործակալություն, որի ներկայացրած «տեղեկանքը» ընդունելով նոր երեւան եկած հանգամանք՝ վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցությունhttps://www.hetq.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել