Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի տուրքն էլ իրենք վճարեցին

Դեկտեմբեր 07,2002 00:00

Օդի տուրքն էլ իրենք վճարեցին Գերմանիայի ազգային հեռուստատեսության եւ Բոննի քաղաքապետարանի հովանավորությամբ Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցու երգչախումբը վերջերս մեկնել էր Գերմանիա՝ մասնակցելու տարբեր կրոնների ներկայացուցիչների «կրոնական երկխոսությանը»։ «Մեկնելու բոլոր ծախսերն իրենք էին հոգացել, նույնիսկ՝ մեր օդանավակայանում գանձվելիք օդի տուրքն էլ իրենք վճարեցին»,- ասում է երգչախմբի խմբավար Հովհաննես Շահբազյանը։ Իսկ հոգեւոր «երկխոսության» նպատակը, ինչպես ինքը վկայեց, տարբեր կրոնների միջեւ հաշտեցման եզրեր գտնելն էր։ Բացի Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից, միջոցառմանը մասնակցել են նաեւ Բուխարայից, Բելառուսից, Մոնղոլիայից։ Բոննում համերգներով հանդես գալուց եւ տեղի Ռեմիգյուս տաճարում շարականներ, հոգեւոր երաժշտություն, ազգային ժողովրդական երգի մշակումներ հնչեցնելուց հետո երգչախմբի հաջորդ կանգառը եղել է Գերմանիայի Քյոլն քաղաքը։ Այդտեղ էլ, խմբավարի հավաստմամբ, խումբն արժանացել էր հայ եւ գերմանացի հասարակության ջերմ ընդունելությանը։ Սուրբ Սահակ եւ Մեսրոպ եկեղեցիներում մասնակցել էր պատարագի, իսկ ազատ ժամանակ հաճախել էին Բեթհովենի տուն-թանգարան։ Երգչախմբի ղեկավարը նաեւ կարեւորեց Քյոլնում կայացած համերգը, որին ներկա են եղել հայեր եւ գերմանացիներ, Քյոլնի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ «Գերմանացի հասարակությունը հաճույքով էր ունկնդրում մեր հոգեւոր երաժշտությունը»,- պատմում է Հ. Շահբազյանը։ Գերմանիայի տարբեր քաղաքներում ելույթներից հետո խումբը Բոննի քաղաքապետի հրավերով կրկին վերադարձել էր Բոնն, որտեղ էլ ներկայացվել էին միջոցառմանը մասնակից երկրների ազգային ստեղծագործությունները։ Համերգի եզրափակիչ փուլը կայացել էր նոյեմբերի 15-ին՝ Մյունստեր տաճարում։ Ծրագրի առաջին մասում հնչել էին շարականներ, մեղեդիներ, երկրորդ բաժնում՝ ըստ խմբավարի, ավելի հաղթական ստեղծագործություններ։ Ի դեպ, համերգի հանդիսավոր բացման եւ եզրափակման արարողությունները վերապահված են եղել հայկական կողմին։ Նշենք նաեւ, որ նախքան Գերմանիա մեկնելը խումբը հրավեր է ունեցել նաեւ Շվեյցարիայից, Կանադայից եւ Վիեննայից։ «Սակայն գումարային խնդիրներ առաջացան եւ հնարավորություն չունեցանք մեկնելու»,- ասում է երգչախմբի ղեկավարը։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել