Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր մարդիկ՝ մեծ երազներ

Դեկտեմբեր 12,2002 00:00

Փոքր մարդիկ՝ մեծ երազներ Երեկ մի խումբ հայ երիտասարդներ՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության երիտասարդական կազմակերպությունը եւ «Ապաթրքացում» ծրագիրը համակարգող «Անթրոց» քաղաքական խումբը, նախաձեռնել էին կլոր սեղան՝ «Հայ-թուրքական հարաբերությունները» բարձրագոչ թեմայով։ Հրահրիչը 2003 թվականին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում կայանալիք զորավարժություններին թուրքական ռազմական ստորաբաժանման մասնակցությունն էր։ «Յուրաքանչյուր ազգ ունի իր զարգացման իրավունքը, եւ այնպես է ստացվել, որ հայերի ու թուրքերի զարգացման իրավունքները ծածկում են նույն դաշտը՝ իրար նկատմամբ զարգացման սպառնալիքներ առաջացնելով»,- իր, այսպես կոչված, զեկույցում կարծիք հայտնեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը։ Իր կանխորոշած անելանելի վիճակից եիտասարդ գործիչը ելք ունի՝ «տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորում», ինչը մեծահոգաբար բաշխեց ներկաներին։ Բացառելով տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր լիդերությունը՝ «բանախոսը» կարծում է, որ «հայերը պետք է Արաքսի վրա վերահսկողությունը պահպանեն»։ Նորաթուխ այս գործչի համոզմամբ. «Մեր երկրի քաղաքական մթնոլորտը շատ բարոյազուրկ է։ Այս նյութապաշտության պայմաններում դժվար է գտնել «հաջողակ» քաղաքական գործիչներ, որոնք կառաջնորդվեն ազգային շահերով»։ Այնուամենայնիվ, խնայելով ազգիս, երիտասարդ պարոնն այսպիսի տեսակետ էլ արտահայտեց. «Թե՛ ընդդիմությունում, թե՛ իշխանությունում կան մարդիկ, ովքեր դա գիտակցում են», բայց արի ու տես, որ «նրանց տեսակարար կշիռը փոքր է, ազդեցությունը՝ սահմանափակ»։ Եվ քանի որ խնդիրը հոլի պես պտտվում էր Թուրքիայի՝ Հայաստանին սպառնալիք ներկայացնելու շուրջ, այն դարձյալ տրամաբանորեն հանգեց Արաքսի վերահսկողությանը։ Ավելին, պարզվում է, դա միանգամայն լուծելի, այն էլ՝ հեշտ լուծելի խնդիր է։ Վերը նշված գործչի կարծիքով, ընդամենը «բավական է, որ այդ շրջանի բնակչությունը 10 հազարից հասնի 30 հազարի»։ Պատկերն ամբողջական դարձնելու համար համեմենք պարոնի եզրափակիչ մտքով. «Համաշխարհային ճնշում գոյություն չունի։ Եթե հայերը դադարեն համակերպված ձեւով ընդունել, որ մենք գրաված տարածքները վերադարձնում ենք՝ Մինսկի խմբի առաջարկներն անմիջապես կփոխվեն»։ Ապա՝ հավի եւ ձվի պատմության պես՝ «խոսք չունեցող պետությունը չի ունենում նաեւ զարգացում»։ Տխուր է, բայց մեր երիտասարդների կարծիքով, փաստորեն, իրականությունը սա է։ Ի հեճուկս մեր իշխանությունների եւ ընդդիմության՝ այսպիսին է մի խումբ երիտասարդների մոտեցումը հայ-թուրքական հարաբերություններին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել