Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԽՈՊԱՆԸ ՉԷ

Դեկտեմբեր 12,2002 00:00

ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԽՈՊԱՆԸ ՉԷ Այն լավագույն ձեւերից է ապօրինի միգրացիան կանխելու։ Հետեւաբար ենթակա է պետության կողմից կարգավորման. գտնում է ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը։ – Անօրինական միգրացիայի դեմ պայքարը կոմպլեքս մոտեցում է պահանջում։ Անլեգալ միգրացիան տարբեր փուլերում տարբեր ձեւերով է դրսեւորվում։ Եթե դրա «ծննդյան» փուլն է, այսինքն ուզում է նոր-նոր ի հայտ գալ, ուրեմն ելքի երկրներում (ինչպիսին Հայաստանն է), որպեսզի դրա դեմ պայքարեն, պետք է կանխարգելիչ միջոցառում ծավալվի։ 2-րդ փուլում, երբ անօրինական միգրացիան ի հայտ է եկել առանձին անձանց տեսքով՝ մուտքի երկրներում, պետք է փորձել այդ մարդկանց քաղաքակիրթ ձեւերով վերադարձնել ելքի երկիր։ Դրա համար սկսում ենք մուտքի երկրների իշխանությունների հետ բանակցել եւ համաձայնագրեր կնքել, որտեղ ֆիքսվեն վերադարձի մասին պայմանագրերը։ Այդտեղ նաեւ պետք է նշվեն մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանող կետեր, ասենք, երբ մեր քաղաքացին այնտեղ սեփականություն ունի, ամուսնացել է եւ այլն։ 3-րդ փուլում, եթե մենք ուզում ենք խնդիրն ամբողջությամբ լուծել եւ անշրջելիորեն, ապա պետք է վերադարձը զուգորդենք ռեինտեգրացիային ուղղված ծրագրերով։ Այսինքն, որպեսզի անձը ռեցիկլացիայի չենթարկվի՝ գալուց հետո նորից գնա այնտեղ, պետք է փորձենք այստեղ նրա համար ամրանալու պայմաններ ստեղծել։ – Անօրինական միգրացիան կանխելու միջոցներից չէ՞ աշխատանքային միգրացիան, այսինքն՝ իրավական դաշտ ստեղծել արտերկիր աշխատանքի մեկնելու համար։ – Այո, եւ շատ կարեւոր։ Որովհետեւ մարդիկ աշխատանք գտնելու նպատակով են ստիպված հայտնվում դրսում։ Եվ դա պետք է փորձենք իրականացնել։ Բայց խնդիրը շատ բարդ է, որովհետեւ կարեւոր է, որ մուտքի երկրները շահագրգռություն եւ հետաքրքրություն դրսեւորեն իրենց մոտ օրինական աշխատուժ ընդունելու հարցում։ Օրինակ, Արեւմտյան Եվրոպայի երկրներում շատ խիստ սահմանափակումներ կան դրսից եկող անձանց աշխատանք տրամադրելու հարցում։ Նրանք փորձում են իրենց աշխատաշուկան պահպանել իրենց քաղաքացիների համար, որովհետեւ դրսից եկողը իրենց քաղաքացուն կարող է դարձնել պոտենցիալ գործազուրկ։ Սահմանափակումների նման պայմաններում եվրոպական երկրների հետ փորձել համաձայնությունների գալ՝ շատ դժվար է եւ ոչ իրատեսական, բայց դրա հետ մեկտեղ կան բնագավառներ, որ շատ արագ զարգանում են, ինչպես, օրինակ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառը։ Դյուրացվել են այդ մասնագետների մուտքը եւ աշխատանքի ընդունվելը որոշ երկրներում։ Գերմանիան, մասնավորապես, գրին քարտի հնարավորություն է տալիս այդ մասնագիտություններին տիրապետող անձանց։ Այդ 50 հազար տեղից իրենք լրացրել են 15-18 հազարը, մեծամասամբ՝ Հնդկաստանից, մի մասը՝ Ռուսաստանից։ Աշխատանքային միգրացիայի պայմանագրեր կարելի է կնքել ոչ բարձր որակավորում պահանջող մասնագիտությունների գծով եւ այն երկրների հետ, որտեղ աշխատուժի ներգրավման կարիք կա, այն երկրների հետ, որոնք մեծ տարածքներ, մեծ ռեսուրսներ ունեն, որոնց տնտեսությունը շատ արագ է զարգանում՝ Ավստրալիա, Կանադա եւ այլն։ – Համաձայնության որեւէ կոնկրետ օրինակ կա՞ արդեն։ – Հիմա փորձում ենք նմանատիպ համաձայնություն ձեռք բերել Իսպանիայի եւ Պորտուգալիայի հետ, որտեղ սեզոնային բնույթի աշխատանքներում շատ են ներգրավում դրսեկների։ Սեզոնային աշխատանքի հնարավորություն այսօր կա Իսպանիայում եւ Պորտուգալիայում։ Իռլանդիայում նաեւ, թերեւս, որովհետեւ այնտեղ տնտեսության շատ բուռն զարգացում կա։ Ավելին, Իռլանդիայում դյուրացրել են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների, այլեւ բանվորական մասնագետների մուտքը երկիր։ Կարելի է փորձել նաեւ Իռլանդիայի հետ։ Այսինքն, դու պետք է ինդիկատորներն ունենաս տվյալ երկրի տնտեսության առանձին ճյուղերի, միգրացիոն ռեժիմի, դեմոգրաֆիկ վիճակի վերաբերյալ։ Այսինքն, սա շատ լուրջ, բարդ պրոցես է եւ ոչ մի ընդհանուր բան չունի խորհրդային տարիների խոպանի բրիգադների հետ։ Ցավոք, տեսական դատողություններից այն կողմ դեռեւս չենք անցել։ Մինչեւ հիմա որեւէ երկրի հետ այս առումով կոնկրետ պայմանավորվածություն չունենք։ Աշխատուժի արտահանումն էլ ենթակա է շուկայի օրենքներին, մրցակցության։ Աշխատուժի շուկան գլոբալիզացիայի պայմաններում ունի շատ լավ ձեւավորված երկիր-դերակատարներ՝ Թուրքիա, Հնդկաստան, Ֆիլիպիններ, Մալայզիա, Շրի Լանկա, Կորեա, որոնք մասնագիտացել են որոշ մասնագիտությունների գծով որպես աշխատուժի հիմնական արտահանողներ կամ որոշ տարածաշրջաններում են նստած։ Եվ շատ դժվար է այդ շուկա մուտք գործել։ Մեր վարչությունից 500-ից ավելի նամակներ են ուղարկվել որոշ երկրների ե՛ւ կառավարությունների, ե՛ւ գործատուների, ե՛ւ զբաղվածության միջնորդ ծառայությունների՝ մեզ մոտ արտահանման ենթակա աշխատուժի մասին։ Ստացել ենք պատասխաններ 20-25%-ից, այդ 25-ի էլ 10%-ն է, որ քիչ թե շատ դրական է տրամադրված քննարկման։ Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով հրավիրեցինք այս ոլորտի կարեւոր փորձագետ Թոմազո Աչիկոզոյին, որը Ֆիլիպինների համանման ծառայության ղեկավարն է եղել։ Այդ երկրում արտագնա աշխատանքի կազմակերպման՝ աշխարհում լավագույն համակարգն է գործում։ Արտգործնախարարությունում առանձին փոխնախարար կա միայն այս հարցով։ Յուրաքանչյուր նստավայր երկրում դեսպանություններն ունեն թիմ, որը ղեկավարում է դեսպանը, իսկ աշխատակիցները զբաղված են այդ երկրի շուկան ուսումնասիրելով։ Նաեւ խիստ ուշադրության ու հսկողության տակ են պահում այդ երկրում աշխատող ֆիլիպինցիներին։ Թ. Աչիկոզոն այս համակարգի հիմնադիրներից է եղել եւ նա խորհուրդ տվեց ներգրավել կոնսուլական ու միջպետական բոլոր հնարավորությունները եւ արձագանքել որեւէ երկրում տնտեսական բուռն զարգացման կոնկրետ դեպքերին։ Գրեթե լրտեսական գործունեություն է մտադրությունների փուլում պարզել, որ մի երկրում մետրոյի շինարարություն է լինելու։ Պիտի առաջինը իմանաս՝ առաջինը աշխատուժ առաջարկելու համար։ Սակայն տեղեկացված լինելուց առաջ պետությունը գործին առնչվող իր բոլոր օղակներով պիտի գիտակցի, որ արտագնա աշխատանքը կարող է տնտեսության կարեւորագույն օղակներից լինել։ Հաճախ շատ մարմիններ գտնում են, որ մարդկանց միգրացիային պետությունը չպետք է մասնակցի։ Ֆիլիպիններում, օրինակ, աշխատանքային միգրանտներին ազգային հերոսի նման են վերաբերվում, որովհետեւ 600 հազար աշխատանքային միգրանտների տարեկան տրանսֆերտները 15 մլրդ դոլար են կազմում, որը սպառվում է երկրի ներսում։ Մենք դեռ այդ մասին օրենքի նախագիծը կառավարությունով չենք անցկացրել, որովհետեւ հաճախ աշխատանքային արտագաղթը որոշ մարմիններ հակադրում են ներգաղթին։ Մինչդեռ դրանք տարբեր խնդիրներ են եւ առաջինը երկրորդին միայն կարող է օգնել։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել