Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂԲԱԼԻԻՑ ԱՆՄԽԻԹԱՐՆ ԷԼ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է

Դեկտեմբեր 12,2002 00:00

ՈՂԲԱԼԻԻՑ ԱՆՄԽԻԹԱՐՆ ԷԼ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքի 8-ամյա դպրոցը հիմնադրվել է 1928 թ. եւ համարվում է հանրապետության ամենահին կրթօջախներից մեկը։ Դպրոցի տնօրեն Բարիդոն Գեւորգյանի խոսքերով, շենքը «սովետի օրոք» ամեն տարի մասնակի նորոգվում էր, վերջինը՝ 1987 թվականին։ Ողբալի վիճակում հայտնված կառույցը այս տարի ֆինանսավորվեց պետբյուջեից՝ 4,6 մլն դրամ։ Հատկացված գումարով փոխվեց տանիքը, առաջին հարկի դասասենյակների հատակը տախտակապատվեց, լուսամուտները, դռները փոխվեցին։ Անելիքներ դեռ շատ կան, մինչդեռ գումարը սպառվել է, իսկ դպրոցական շենքը ողբալիից հազիվ բերվել է անմխիթար վիճակի։ Բարվոքի հասնելու համար անհրաժեշտ է նույնչափ գումար կոսմետիկ հարդարման աշխատանքներ իրականացնելու համար։ Տնօրենը լավատես է, հույս ունի, որ կամ բյուջետային հատկացումներ կլինեն, կամ էլ արտագնա աշխատանքի մեկնած հարյուրավոր գյուղացիներից մեկը կհովանավորի։ Երբ 1975 թվականին շահագործման է հանձնվել նորակառույց միջնակարգ դպրոցը, այդ ժամանակ գյուղն ունեցել է 1300 աշակերտ, որոնք էլ բաժանվել են երկու դպրոցների միջեւ, ըստ որում, ութամյա դպրոցում մնացել է 450 աշակերտ։ Տարեցտարի նվազել է աշակերտների թիվը եւ այսօր ութամյա դպրոցն ունի 300 աշակերտ, իսկ միջնակարգում ուսուցանում են ընդամենը 600-ը։ Ըստ տնօրենի, թվաքանակի նվազումը որոշ չափով պայմանավորված է ծնելիության նվազմամբ, իսկ ամենահիմնական պատճառը արտագաղթն է, քանի որ գյուղից հեռանում են հիմնականում երիտասարդ ընտանիքները։ 2000 տնտեսություն ունեցող գյուղի 200 ընտանիքներ դրսում են՝ Տյումենում, Բրատսկում, Սիբիրում, Բաշկիրիայում, Թաթարիայում, ստացել են քաղաքացիություն, դարձել հիմնական բնակիչներ։ Գյուղի տղամարդկանց 60%-ից ավելին ներկայումս զբաղված է սեզոնային արտագնա աշխատանքով՝ ընտանիքի հոգսը թողնելով կնոջ ուսերին։ Մեկնող տղամարդկանց «սեզոնային» աշխատանքը հաճախ երկարաձգվում է 2-3 տարի, որից հետո էլ ընտանիքի տղամարդը կամ վերադառնում է, կամ չէ։ Ըստ տեղեկությունների, քիչ չէ նաեւ դրսում, մանավանդ Սիբիրում գտնվող այն ընտանիքների թիվը, որը ֆինանսական միջոց չունի վերադառնալու։ Ի դեպ, ինչպես տեղեկացանք, նրանց մեջ զինակոչային տարիքի բավականին տղաներ կան, որոնք արտագաղթել են դեռեւս 90-ականներին եւ վախենում են վերադառնալ։ Թերեւս, կարծում ենք, հարցի լուծումը կառավարական մակարդակով հնարավորություն կտա շատ երիտասարդների վերադառնալ եւ ընտանիք կազմել։ Ինչ վերաբերում է գյուղում մնացած փոքրաթիվ տղամարդկանց, ապա նրանք հիմնականում զբաղված են հողագործությամբ ու անասնապահությամբ, պրպտում են տարբերակներ՝ հողից ստանալու առավելագույնը։ Այսպես, մասնագիտությամբ տնտեսագետ, գործնականում հողագործ Արծրունը գտնում է, որ այդ գյուղում կարելի է զարգացնել այգեգործությունը, քանի որ բալի, կեռասի, տանձի աննախադեպ բերք է հավաքում։ Այստեղ «ցուրտ ու մութ» տարիներին կատարվեցին մասսայական ծառահատումներ, մշակում էին միայն կարտոֆիլ։ Մինչդեռ հնարավոր է տնտեսությունը զարգացնել, նոր ծառատնկում անցկացնել, կազմակերպել մուրաբաների, չրի արտադրություն, որը էժան աշխատուժի ու հումքի պարագայում եւ եկամտաբեր է, եւ լայն պահանջարկ ունի ինչպես մեզ մոտ, այնպես էլ արտասահմանյան շուկայում։ Իսկ արտագնա աշխատանքը տնտեսագետը չի ընդունում, համարելով դա անձի խնդիր, իսկ ինքը գերադասում է թեկուզ դժվարությամբ ստեղծել, բայց իր երկրում։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել