Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Դեկտեմբեր 12,2002 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ «ՀԺՄ 10-րդ համագումարը, ինչպես եւ նախորդը, բացվում է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շեմին»,- նկատեց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը։ ՀԺՄ վարչության հաշվետվությունը ներկայացնելով, նա անչափ կարեւորեց քաղաքացիական խաղաղության դերը, ինչը «հասարակությունը ԶԼՄ- ներից է սպասում»։ Նաեւ ցավով ընդգծեց, որ, օտարերկրյա փորձագետների գնահատմամբ, հայկական ԶԼՄ-ներին պակասում է պրոֆեսիոնալիզմն ու էթիկան եւ՝ ոչ միայն։ Ըստ միության նախագահի, այսօր լրագրողը ի վիճակի չէ նորմալ աշխատել իր իրավունքների բացակայության եւ ինֆորմացիայի փակ դաշտի պայմաններում։ Ա. Գեւորգյանը անդրադարձավ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների փակման առիթով լրագրողների պայքարի ոչ դրական արդյունքին, ինչը, նրա կարծիքով, պայմանավորված էր ժուռնալիստական համերաշխության երկփեղկվածությամբ։ ՀԺՄ նախագահը խոսեց նաեւ լրագրողների կողմից բազմիցս բարձրացված այն հարցի մասին, թե արդյո՞ք ներկայումս անհրաժեշտ է ստեղծել մամուլի դատարան կամ էթիկայի հանձնաժողով, որի որոշումները պիտի պարտադիր լինեն բոլոր լրագրողների համար։ Նա անդրադարձավ նաեւ այն խնդրին, որ երբ Գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչությունն էր զբաղվում ոչ պետական մամուլին՝ պետբյուջեից 1 տողով տրվող ֆինանսական օգնության հարցերով, ամեն ինչ կարգին էր։ Իսկ այժմ այդ անում է մշակույթի նախարարությունը (վարչությունը վերածվել է գործակալության, որը գործում է նախարարության ենթակայությամբ), թույլ տալով բազմաթիվ խախտումներ։ Օրինակ, աջակցություն ստացող ոչ պետական լրատվամիջոցների ցանկում այն ներառել է դեռեւս չգրանցված «Բյուզանդական ժառանգություն» ամսագիրը, իսկ վերջերս գրանցված Սպիտակի «Լուսարձակը» դուրս է թողնվել։ Ըստ ՀԺՄ նախագահի, նույնիսկ խոսակցություններ են պտտվում, որ եկող տարվանից դադարեցվելու է ոչ պետական մամուլին տրվող աջակցությունը։ Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ Համազգային թատրոնի ղեկավարությունը՝ ի դեմս Սոս Սարգսյանի, Ժուռնալիստների միության շենքից հեռանալով, չի վճարել իր զբաղեցրած տարածքի վարձը եւ իրենց մինչ օրս պարտք է 600 դոլար։ Նույն կերպ է վարվել նաեւ ՀԺՄ վարչության անդամ Մնացական Հարությունյանը («Անկախ հեռուստաընկերությունների ընկերակցություն»)։ Նրա պարտքը կազմում է 1700 դոլար։ Հայաստանի Ժուռնալիստների միության համագումարում ավելի բուռն էին հատկապես մարզային լրագրողների ելույթները։ Վերջիններս բացառապես դժգոհում էին այն բանից, որ հանրապետական թերթերում ավելի քիչ են լուսաբանվում մարզերի պրոբլեմները եւ մայրաքաղաքային թերթերի ներկայացուցիչները համարյա չեն լինում շրջաններում։ Ցուրտ դահլիճում սառած լրագրողներին աշխուժացրեց գնդապետ Վլադիմիր Նավասարդյանի ելույթը ընդդեմ ռադիո եւ հեռուստաընկերությունների, որոնք, իբր երիտասարդներին մղում են մարմնավաճառության։ Կրոնական թեմաներով հաղորդումներ են եթեր տալիս, որոնց ժամանակ «մի տերտեր միկրոֆոնի մոտ նստած էնպիսի ստեր է ասում, որ ճշմարիտ քրիստոնյան անգամ հիասթափվում է»։ Ընդհանրապես, Վ. Նավասարդյանը դեմ էր դպրոցներում եւ բուհերում դասավանդվող կրոնի պատմություն առարկային, որը, նրա կարծիքով, հակաժողովրդական է եւ հակաէսթետիկական։ Դրա համար էլ պահանջում էր, որ Ժուռնալիստների միությունը եւս դրա դեմն առնի։ Յուրա Խաչատրյանն էլ՝ «Գեղամա աշխարհից», նեղսրտեց, որ «հոգեւոր աղբյուրները մարզերում իսպառ ցամաքել են, քանի որ մարզային իշխանիկներն այնքան սարերի սովոր են, որ հուշտ են լինում թերթերից ու ռադիոյից»։ Նա ասաց, որ մարզային լրագրողների հետ հանրապետության ղեկավարներն ավելի քիչ են հանդիպում, դրա համար էլ հակված չեն վերջիններիս խնդիրները լուծել։ Այդ է պատճառը, որ որոշ մարզեր անգամ տպարանային համակարգ չունեն եւ թերթ տպագրելու համար հաճախ ստիպված են լինում հասնել Երեւան։ Իսկ այ, Էդվարդ Շահիրյանին հատկապես զայրացրել էին մամուլի «հարձակումները» պաշտոնյաների վրա։ «Բա կարելի՞ է էդ խեղճ երեխայի (նկատի ուներ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին) մասին էդպես արտահայտվել։ Թերթերից մեկն էնպիսի բան էր գրել, որ կարդացի՝ փշաքաղվեցի։ Ախր էդ երեխայի աճին ես հո ծանո՞թ եմ ու գիտեմ, որ մեր ազգի տաղանդներից է»,- ասաց նա։ Իսկ նրա մյուս մտահոգիչ հարցը լրագրողական կոչումները վերականգնելն էր. «Օրինակ, ի՞նչ վատ կլինի, որ ռադիոյով վաստակավոր նկարիչների ծննդյան ու մահվան թվերը նշելիս վաստակավոր ժուռնալիստների անուններն էլ տան»։ Մեր թղթակից Ռուզան Մինասյանն էլ փաստեց, որ աշխարհում իսկապես ընդունված է մամուլի գծով դատարանը եւ հայերս այդ հարցում բավականին ետ ենք մնացել։ Նա նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքում նախատեսվում են բարոյական վնասի հատուցման մասին փոփոխություններ։ Առաջիկայում ակնկալվում է, որ ամեն մի տռզած գործատու կամ քվեներ թռցրած ԱԺ պատգամավոր, այդպիսով հաշվեհարդար կփորձի տեսնել մամուլի աշխատողի հետ։ Այնպես որ, ըստ Ռ. Մինասյանի, Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները ուղղված են լինելու հենց իր՝ մամուլի դեմ։ Ուստի նա կոչ արեց լրագրողներին միախումբ լինել, որպեսզի առաջիկա ընտրություններին բոլոր անհաջող քաղաքական գործիչներն իրենց ձախորդությունների մեղքը չբարդեն մամուլի վրա։ Ինչեւէ, համագումարն ավարտեց իր աշխատանքը։ Լավ էր, որ գոնե ՀԺՄ նախագահի թեկնածության հարցում լրագրողներն իսկապես միասնական կարծիք ունեին. միության նախագահ վերընտրվեց Աստղիկ Գեւորգյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել