ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ Դժվար բացատրելի են Ռոբերտ Քոչարյանի նախընտրությունները: Իրեն սատարող կուսակցությունների հավաքներից նա ողջույնի ուղերձ էր հղել մեկ ՀԺԱՄ-ին, երկրորդն էլ երեկ «Հզոր Հայրենիք» կուսակցության 4-րդ համագումարն էր: Երկու ողջունվածներն էլ համեմատաբար նորելուկ կազմակերպություններ են: «Հզոր Հայրենիքն» ունի ընդամենը 5 տարվա կենսագրություն եւ ինքն իրեն բնութագրում է որպես «աջ կենտրոնամետ» ուղղվածություն ունեցող: Կուսակցության հայտարարված թվաքանակը 10 հազարից ավելին է: «Հզոր Հայրենիքի» նախագահ Վարդան Վարդապետյանը համագումարի զեկուցման մեջ պարծանքով նշեց, թե իրենք կարողացել են չտրոհվել (թեեւ պառակտման վարակն իշխանամետ կուսակցություններ չի էլ ներմուծվում՝ այն բացառապես ընդդիմադիրների համար է): Պարծանքի այլ առարկաներ էին, թե քաղաքական ուժերը սկսել են հաշվի նստել իրենց հետ, եւ «ՀՀ»-ն ունի բոլոր հնարավորություններն «ամենայն լրջությամբ» ընտրապայքարի մեջ մտնելու համար: Ռոբերտ Քոչարյանի քվեատուն դառնալով՝ կուսակցությունն ակնկալում է լուծել սեփական կարգավիճակին առնչվող հարցերն առաջիկա 5 տարում: «Եկել ենք այն եզրակացության, որ համագումարի կողմից ազգանպաստ եւ պետականության ամրապնդմանն ուղղված ճիշտ որոշումը կլինի՝ կուսակցության ողջ քաղաքական, կազմակերպչական եւ կադրային ռեսուրսներով սատարել գործող նախագահին»,- հայտարարեց Վարդան Վարդապետյանը: Նաեւ նշեց. «Չենք ուզում այս պահին քննարկման առարկա դարձնել մնացած թեկնածուների հարցը. մեր կուսակցությունը միտված է ոչ թե պայքարել անցյալի դեմ, այլ աշխատել ապագայի համար (այսինքն, արդեն որոշել են, որ նախագահի այլ թեկնածուներն անցյալ են, իսկ Քոչարյանն ապառնի՞.- Ա. Ի.): Բազմադարյա փորձը վկայում է, որ հինը սեւացնելով չենք հասնի ոչնչի: Անհրաժեշտ է արժեւորել անցյալը, դասեր քաղել կատարվածից, համատեղ գործերով հաստատել նորը՝ ճշմարիտը»: Իր այս դիրքորոշմամբ «Հզոր Հայրենիքն», իհարկե, առանձնանում է Քոչարյանին այլ սատարողներից: Փոքր-ինչ տարօրինակ, թեեւ ոչ անսովոր կլիներ, եթե անցյալը միայն սեւ գույնով ներկողների սայլին լծվեր նաեւ այս կուսակցությունը, որի նախագահը նաեւ նախկին իշխանության օրոք՝ վերջին 10 տարիներին, անփոփոխ եղել է մայրաքաղաքի ղեկավարներից մեկը, իսկ փոխնախագահ Ստեփան Մարգարյանը (ճիշտ է, այն ժամանակ նրա ազգանունը Ղարագեբակյան էր) ՀՀՇ վարչության անդամներից էր: Մի տարօրինակ հանգամանք էլ արձանագրվեց. թեեւ «Հզոր Հայրենիքի» ստեղծման գաղափարը ժամանակին վերագրվում էր Սերժ Սարգսյանին՝ Վարդան Վարդապետյանը երեկ հայտարարեց, թե նախագահը պիտի ստանձնի «ուժային կառույցների ապաքաղաքականացման պատասխանատվությունը»: «Հզոր Հայրենիքի» գործիչները չէին թաքցնում, թե ցանկանում են տեղեր գրավել ապագա խորհրդարանում, սակայն, ինչպես նկատեց պրն Վարդապետյանը՝ չեն մոռանում, որ «արդեն ուրվագծվում է անհավասար պայքարի հեռանկարը»: Այս կուսակցությունը վերջին տարիներին իր ներկայացուցիչներն ուներ ընտրական հանձնաժողովներում, եւ «ՀՀ» նախագահը զեկուցման մեջ չթաքցրեց նեղսրտածությունը. «Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններն ամեն ինչ անում են միշտ իշխելու, իրենց խորհրդարանական մանդատները մշտապես ամրակայելու համար: Նրանք անգամ օրենսդրական դաշտն են վերաձեւում իրենց մանդատների համազգեստով՝ ընտրություններում իրենց համար ապահովելով որոշակի երաշխիքներ, որի վառ օրինակներից մեկը մյուս քաղաքական ուժերին ընտրական հանձնաժողովներում տեղերից զրկելն էր»: Եթե «ՀՀ»-ն այս անգամ հաջողի անցնել 5%-ի արգելքը՝ հարկ կլինի հիշեցնել երեկ ազդարարված խոստումը, թե իրենք վարվելու են այլ կերպ եւ խորհրդարանում ստեղծելու են «հանդուրժողականության մթնոլորտ, քաղաքակիրթ, քաղաքական երկխոսությունների ճանապարհով թշնամանքի վերացում»: Վարդան Վարդապետյանը նաեւ նշեց. «Այսօր քաղաքական անհեռատեսություն կլինի ընդդիմության դեմ ոչ քաղաքակիրթ եղանակների օգտագործումը: Մենք՝ որպես քաղաքական ուժ, կոչ ենք անում իշխանական բոլոր կառույցներին ու կուսակցություններին՝ նպաստել, որ Հայաստանում ընթանա արդար ընտրապայքար»: «ՀՀ»-ի նախագահը լուրջ անհանգստություն հայտնեց երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի առնչությամբ. «Մարդկանց մեջ ապագայի նկատմամբ հավատի կորուստը, հասարակության անպաշտպանվածության զգացումը հսկայական վնաս է հասցնում պետականության եւ անկախության գաղափարին»: Եվ ինչպես եւ «Հզոր Հայրենիքի» դաշնակցի՝ «Արժանապատիվ ապագա» կուսակցության պարագայում էր, մեզ մնում է տարակուսել, որ այս ամենն արձանագրելով հանդերձ՝ նրանք պատրաստվում են աջակցել այս իրավիճակի թիվ 1 պատասխանատուին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ