Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԵՆԿ ՄՅՈՒԼԼԵՐԸ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՉԻ ԲԱՑՈՒՄ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ՖՐԵՆԿ ՄՅՈՒԼԼԵՐԸ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՉԻ ԲԱՑՈՒՄ Օրերս Երեւանում, Աբովյան փողոցում բացվեց «Ֆրենկ Մյուլլեր» ժամագործական ֆիրմայի ներկայացուցչական խանութը: Ներկա էր աշխարհահռչակ այդ ժամացույցների հեղինակը՝ Ֆ. Մյուլլերը՝ իր որդու եւ ֆիրմայի հայ գործընկերներից մի քանիսի հետ: Շվեյցարիան արդեն դարեր շարունակ համարվում է ժամագործության հայրենիք: Պատմությունը հայտնում է, որ 1541թ. Ժնեւում Ժան Կալվինի՝ թանկարժեք զարդեր կրելու արգելման ռեֆորմից հետո ոսկյա արդուզարդի վարպետները եւ այլ ոսկեգործներ ստիպված էին իրենց համար նոր անկախ արհեստ ընտրել, որը եղավ ժամագործությունը: Այդ պատճառով 16-17-րդ դարերում Շվեյցարիայում ստեղծվեցին տասյակ հարյուրավոր ժամագործական ընկերություններ, որոնցից շատ քչերն են մինչ այսօր պահպանվել: «Ֆրենկ Մյուլլերը» ստեղծվել է 1991թ., սակայն արդեն իսկ բարդ տեխնոլոգիաներով ամենաթանկարժեք ժամացույցներից է: Ֆ. Մյուլլերի այս այցին մեզ հաջողվեց փոքրիկ հարցազրույց վարել: Նա հրաժարվեց պատմել, թե 2003 թվի իր կոլեկցիան ինչ նորույթով է ներկայանալու ժամագործության ասպարեզում. «Ֆրենկ Մյուլլեր» ֆիրման ընդհանրապես ամբողջ աշխարհում հայտնի է իբրեւ նորագույն տեխնոլոգիաներ ներկայացնող, 2003 թվին, իհարկե, կլինեն շատ հետաքրքիր ու նոր տեխնոլոգիաներ, բայց դեռ չեմ կարող այդ մասին խոսել՝ գաղտնիք է, բայց ապրիլին ձեզ հրավիրում եմ Ժնեւ՝ տեսնելու այն նորությունները, որ մենք առաջարկելու ենք եւ որոնք ամբողջ աշխարհում ցնցող նորություն կլինեն, կցուցադրվեն ժամագործական բոլորովին նոր մոտեցումներ»: – Մեզ հայտնի տվյալներով դուք ձեր ժամագործության մեջ, իբրեւ շատ ամուր նյութ, օգտագործում եք մետեորիտները: Ինչպե՞ս եւ ո՞ր մասերի պատրաստման համար եք դա օգտագործում: – Ընդհանրապես ես իմ ժամացույցները արտադրում եմ առանց ոչ մի կոմպրոմիսի՝ ամենալավագույն նյութը, որ գոյություն ունի աշխարհում՝ ես օգտագործում եմ: – Այսինքն չե՞ք հերքում մետեորիտների օգտագործումը, որը կվարցից էլ ամուր է: – Մենք բոլորս էլ մի մասնիկն ենք ամբողջ աշխարհի…8230Չէ, ընդհանրապես չենք օգտագործում մետեորիտներ…8230Ես, ճիշտն ասած, այդպիսի մարկետինգ չեմ արել, թե որն է ավելի լավը՝ հասարակ քա՞րը, թե՞ մետեորիտը, բայց եթե ապագան ցույց տա, որ դա ավելի լավն է, մենք, իհարկե, կօգտագործենք դա: – Դուք հայտնի եք իբրեւ շվեյցարական ժամագործական ավանդույթների լավագույն կրող, ովքե՞ր են եղել ժամագործության պատմությունից ձեզ համար հեղինակություններ: – Ճիշտ է, ես երկար տարիներ ուսումնասիրել եմ ժամագործական արվեստի պատմությունը, սկսած 16-րդ դարից, սակայն, ճիշտն ասած, մի քիչ հոգնեցի եւ որոշեցի ինքս նոր ժամացույցներ ստեղծել՝ պահպանելով բոլոր ավանդույթները: – Շատ ժամագործներ իրենց հայտնությունների թեմաները վերցրել են բնությունից, ինչպես, օրինակ, մի ժամագործի ծղրիդի ձայնն էր զարթուցիչի ձայնը եւ գաղափարը հուշել: Դուք ի՞նչ եք վերցրել բնությունից: – Իհարկե, ես օգտագործում եմ բնության բոլոր բարիքները: Այն բոլոր մասերը, որից պատրաստված են իմ ժամացույցները, վերջիվերջո բնական նյութերից են: Բայց ուզում եմ մի անգամ էլ շեշտել, որ ես շարունակում եմ պատմությունը: Երբ ասում ենք պատմություն, դա ինչ-որ սառած բան չէ, այլ մի բան, որը անընդհատ շարունակվում է, զարգանում եւ ես նույնպես ուզում եմ դա շարունակել, զարգացնել՝ մոդեռնիզացնելով այն: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել