Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այժմ՝ 17 ձերբակալվածներ

Հունվար 08,2003 00:00

Մինչ այժմ՝ 17 ձերբակալվածներ Հնազանդորեն գնալով այն ուղղությամբ, որը Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ մատնացույց էին արել իշխանամետ գործիչները, Գլխավոր դատախազությունը դեռեւս չի հայտնաբերել որեւէ կասկածյալի՝ չնայած կատարված մի շարք ձերբակալություններին: Այս սպանությանը հետեւած մեկնաբանություններում զարմանալի իրողություններ արձանագրվեցին՝ քստմնելի ահաբեկչությունը խստորեն դատապարտելու հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ-ն, երբ այս կուսակցության գործիչներն ահաբեկչությունը համարում են քաղաքական պայքարի ընդունելի մի ձեւ: Կամ՝ հանդուրժողականության մասին կոչեր էին անում մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են անհանդուրժողականության արմատավորմանը, եւ մահախոսականն էլ էին դարձնում առիթ ընդդիմության դեմ հարձակումներ գործելու համար: Թեեւ նրանցից շատերն էին դատապարտել ընդդիմությանը 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո «ում է ձեռնտու» վարկածով առաջնորդվելու եւ կատարվածի շուրջ քաղաքական շահարկումների համար՝ ըստ էության, ճիշտ նույն գործելակերպն այժմ դրսեւորում են նաեւ իրենք՝ պնդելով միայն մեկ վարկած, մեղադրելով իշխանության քաղաքական հակառակորդներին: Ոմանք անգամ, հիշեցնելով հնչած տեռորի կոչերը, թափանցիկ ակնարկներ էին անում «Սոցիալիստական Հայաստան» միավորման հասցեին: Հետաքննական մարմիններն էլ, ինչպես միշտ, տեղի տվեցին քաղաքական պատվերի առջեւ: Մինչ այժմ բոլոր ձերբակալվածներն այդ ընդդիմադիր միավորման կամ նրան հարող կազմակերպությունների անդամներ են: Թվարկենք՝ ձերբակալվել եւ հետո ազատ են արձակվել «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունից Աբովյանի կազմակերպության ղեկավար Արտակ Վարդանյանը, նրա եղբայրը եւ Երեւանի Ավան համայնքի մասնաճյուղի անդամ Աշոտ Մարտիրոսյանը, «Արաբո» ջոկատի 8 անդամներ, որոնք հարում էին «Հայրենիք եւ պատիվ»-ին, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության ղեկավարի օգնական Ալբերտ Մխիթարյանը, «Մեծն Տիգրան» ջոկատի 3 անդամներ: Հունվարի 4-ին ձերբակալվեց նաեւ «Հայրենիք եւ պատիվ» հասարակական կազմակերպության անդամ Սարգիս Կարապետյանը, որը դեռեւս մնում է կալանավորված, ինչպես նաեւ՝ դեկտեմբերի 31-ից 10-օրյա վարչական կալանքի ենթարկված Սոցուժերի միության խորհրդի անդամ Ազատ Արշակյանը /չշփոթել ՔԴՄ հիմնադիր Ազատ Արշակյանի հետ/ ու «Փառապանծ մարտիկներ» կազմակերպության նախագահ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ Գրիգորի Սարգսյանը: Նրանց ներկայացված մեղադրանքները ոչ մի կապ չունեն Տիգրան Նաղդալյանի սպանության հետ՝ վերջին երկուսը դատապարտվել են գարնանն իշխանափոխության կոչեր անելու համար, իսկ ՀԱԲ-ի նախկին անդամ Սարգիս Կարապետյանի բնակարանում հայտնաբերվել են ապօրինի զենքեր: Սակայն Ալբերտ Մխիթարյանը, որը ձերբակալվել էր իր բնակարանում կատարված խուզարկությունից հետո /հայտնաբերվել էր միայն դաշույն/, կալանքից ազատ արձակվելուց հետո «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե իրեն հարցաքննել են Նաղդալյանի հետ ունեցած հնարավոր առնչությունների կապակցությամբ: Ի դեպ, վարչական կալանքի ենթարկված Ազատ Արշակյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ պահանջել է հանդիպում Երեւանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսի հետ: Չհաստատված տեղեկություններ կան նաեւ այլ, ասենք՝ «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատի 8 անդամների, ձերբակալության մասին: Այս ամենի առնչությամբ «Սոցիալիստական Հայաստան» միավորման խոսնակ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Գայանե Մարկոսյանն ասաց. «Ըստ երեւույթին, այս վարկածը «տեղավորվում» է այն թեժ քարոզարշավի շրջանակներում, որ սկսվել էր «Սոցիալիստական Հայաստանի» դեմ, մեզ վերագրելով տեռորի՝ համագումարում չհնչած կոչեր: Նաղդալյանի սպանությանն էլ հետեւեցին փորձեր՝ մեղքը բարդել ընդդիմության ու մասնավորապես այն ուժերի վրա, որոնք, ըստ իրենց նախօրոք հայտարարածի, արել են տեռորի կոչեր: Փաստորեն ստացվում է, որ դա սկզբից մինչեւ վերջ մշակված վարկած էր, որն իրականացվում է փուլ առ փուլ: Նաղդալյանի սպանությունն այդ փուլերից մեկն էր: Թեեւ սպանությանը հետեւած մեկնաբանությունները վերաբերում էին ամբողջ ընդդիմությանը, հարվածը հատկապես հասցվեց «Սոցիալիստական Հայաստանի» տարբեր կառույցներին եւ մեզ հարող կազմակերպություններին: Դրանից կարելի է անել որոշ եզրահանգումներ: Բայց դեռ հարկավոր է որոշ ճշտումներ անել՝ մեր եզրահանգումները հրապարակավ հայտնելու համար»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. «Ամենազարմանալին այն է, որ մեղավորների փնտրտուքի մեջ անտեսվում է մի կարեւորագույն վարկած: Իշխանություններն իսպառ մոռացել են այն մասին, որ սպանվել է «27»-ի գործով կարեւոր վկաներից մեկը»,- նաեւ ասաց Գայանե Մարկոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել