ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանում ևս մեկ անգամ Նյու Յորքի միջազգային ամբիոնը վերածեց իրանա-իսլամական ինքնատիպ գաղափարական խոսույթի հնչեցման հարթակի, ինչպես նաև ազգային իմաստնության, բարեկրթության ու արժանապատիվ ուժի դրսևորման ասպարեզի։ Նախագահի ելույթը, ակնհայտորեն հակադրվելով Միացյալ Նահանգների նախագահի և սիոնիստական ռեժիմի ղեկավարի դիրքորոշումներին ու կոշտ հռետորաբանությանը, դուրս էր սովորական քաղաքական տարաձայնության շրջանակից և արտացոլում էր երկու էապես տարբեր մտավոր, բարոյական ու քաղաքակրթական մոտեցումների բախումը։
1.Միաստվածական պատգամն ու արժանապատվության դիվանագիտությունը
Ելույթը «Գթասիրտ և Ողորմած Աստծո անունով» սկսելը՝ համակցված մարդկային արժանապատվության հանդեպ մեծարանքով, սոսկ արարողակարգային կամ ձևական քայլ չէր, այլև Իրանի հնագույն քաղաքակրթության աշխարհայացքային կառուցվածքի և հիմնարար արժեքների հստակ արտահայտությունը։
Իրանա-իսլամական մշակույթի ընկալմամբ «ուժը», եթե զուրկ է բարոյականությունից ու արդարությունից, դուրս է գալիս վերահսկելիության սահմաններից՝ վերածվելով ավերածությունների պատճառ հանդիսացող գործիքի։ Իրանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչած հստակ ուղերձը, ըստ էության, պատերազմի մերժում էր, միջազգային համերաշխության կոչ և արժանապատվության վրա հիմնված խաղաղության պաշտպանություն՝ այնպիսի խաղաղության, որը խարսխված կլինի ոչ թե թուլության, այլ ուժի, իմաստության և բանականության վրա։
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով Աստծո հանդեպ հավատքի և սեփական պատմական փորձառության վրա, երբեք չի լքել բանակցությունների սեղանն ու դիվանագիտական տրամաբանությունը և չի էլ լքի։ Իրանի ժողովուրդը ճգնաժամային բոլոր ժամանակաշրջաններում ապացուցել է, որ «օրենքի և արդարության վերահաստատման նպատակով բանակցելու» և «գերիշխանությանն ու հարկադրանքին ենթարկվելու» միջև սկզբունքային տարբերություն կա։
2.Խաղաղ նպատակներին ծառայող գիտությունը՝ ի հակադրություն զանգվածային ոչնչացման գործիքակազմի
Սեփական ներուժի վրա հիմնված տեխնոլոգիական զարգացումը և, մասնավորապես, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում ձեռքբերված գիտելիքը Իրանի ժողովրդի անվիճելի իրավունքն է և մարդկության բարօրության, բարեկեցության ու համակողմանի զարգացմանը ծառայող միջոց է։
Մշակութային ու քաղաքակրթական այն ավանդույթում, որտեղ Ֆիրդուսու և Սաադիի նման մեծ մտածողներն ու գրողները մարդկությունը պատկերում են որպես մեկ ամբողջության ու մարմնի փոխկապակցված անդամներ, գիտությունը դիտվում է որպես մարդու կյանքը բարելավելու և հասարակության առաջընթացին ծառայելու միջոց։
Զանգվածային ոչնչացման զենքերի նկատմամբ Իրանի մերժողական դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն դրանց կրոնական արգելքով և այդ մասին հրապարակված ֆեթվայով, այլև իրանական քաղաքակրթության բարոյական ու մարդասիրական արժեքներով։ Իրանի ժողովրդի ուժը ոչ թե անմարդկային կործանարար միջոցների կիրառման, այլ քաջության, ճնշմանն ու անարդարությանը չհնազանդվելու և սեփական ազգային ու իսլամական ինքնությանը հավատարիմ մնալու մեջ է։
3.Մարդկային արժանապատվության պաշտպանությունը և երկակի չափանիշների բացահայտումը
Այն ժամանակ, երբ պատերազմներից հոգնած աշխարհը ականատես է լինում Գազայում և Պաղեստինում տեղի ունեցող ողբերգական հանցագործություններին ու մանկասպանությանը, Իրանի նախագահի ձայնը դարձավ աշխարհի ազատատենչ և արթուն խղճի արձագանքը։
Գազայի անմեղ ու անպաշտպան երեխաների կողքին կանգնելու Իրանի կողմից հնչեցված կոչը ի ցույց է դնում մի կողմից մարդու իրավունքների պաշտպանության կեղծ հավակնություններ դրսևորող արևմտյան ուժերի, իսկ մյուս կողմից հենց նույն այդ ուժերի կողմից սիոնիստական ռեժիմի ռազմական մեքենային ցուցաբերվող անվերապահ աջակցության ողջ անհեթեթությունն ու հակասականությունը։
4.Մշակութակենտրոն մոտեցումն ընդդեմ գերիշխանական վարքագծի
Երկու կողմերի խոսույթների համեմատական վերլուծությունը առավել քան երբևէ հստակեցրեց «քաղաքակրթության» և «սպառնալիքի» միջև սահմանը։
Իրանի խոսույթը կառուցված էր զուսպ և արժանապատիվ հռետորաբանության, փոխադարձ հարգանքի, երկխոսության պատրաստակամության և ճնշված ժողովուրդների իրավունքների պաշտպանության շեշտադրումների վրա։
Մյուս կողմի հռետորաբանությունը, ընդհակառակը, աչքի էր ընկնում կոշտ ու առճակատող տոնով, վերադասության զգացումով, անկախ պետություններին ուղղված սպառնալիքներով և ուժի կիրառումն արդարացնելու փորձերով։
Այս հակադրությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ քաղաքակրթական արժեքները դրսևորվում են ոչ թե ուժի ցուցադրմամբ կամ կոշտ հռետորաբանությամբ, այլ խոսքի մշակույթով, բարոյական հետևողականությամբ և արդարության հանդեպ հավատարմությամբ։
Իրանի ժողովուրդը, հենվելով յուր բազմադարյա պատմամշակութային ժառանգության և իսլամական արժեքների վրա, իրական ուժը տեսնում է արժանապատվությունը պահպանելու, բռնաճնշումների առջև չընկրկելու և անարդարության դեմ հաստատակամ դիրք գրավելու մեջ։
Դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդ,
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական



















































