Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է

Հունվար 31,2003 00:00

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի այցերը լուսաբանելն արդեն վտանգավոր է դառնում՝ ամեն պահի կարող են ոտնատակ տալ նրան տեսնել ու ողջագուրվել փափագողները: Ոտնատակ լինելու վախը երեկ ապրեցինք բազմիցս՝ Արտաշատի գյուղերում Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումների ուղեկից սոսկալի հրմշտոցի ընթացքում: Եվ մի պահ ուժգին էր ցանկությունը՝ թողնել այս ամենը եւ գնալ որեւէ այլ թեկնածուի այց լուսաբանելու, որտեղ փողոցները չեն փակում, տղամարդիկ ու կանայք հուզմունքից չեն արտասվում ու ճչում՝ լսելով Դեմիրճյանի անունը, չեն ձգտում անպայման համբուրել իրենց նախընտրելիին, որին անվանում են կա՛մ թագավոր, կա՛մ թագավորի տղա, իրենց երեխաներին չեն մեկնում, որ Դեմիրճյանը դառնա նրանց կնքահայրը (այդպես եղավ Վերին Արտաշատ գյուղում) եւ վերջապես՝ խանդավառության հրմշտոցի մեջ չեն պոկոտում լրագրողների վերարկուները: Ում այս նկարագրությունը թվա չափազանցություն՝ թող գոնե մեկ անգամ մասնակցի Դեմիրճյանի հետ որեւէ հանդիպման: Ի վերջո հաշիվը կորցրինք էլ, թե քանի անգամ փակեցին փողոցները, բայց առաջինն Այնթափի գյուղացիներն էին: «Ապրե՛նք միասին, մեռնե՜նք միասին»,- Դեմիրճյանի ձեռքերը բռնած՝ գոռում էր մի տարեց տղամարդ: «Մենք մեր ձայնը քեզ ենք տալիս,- ոգեւորված բղավում էր միջին տարիքի մի կին:- Միացե՛ք իրար, ժողովրդին էս փոսից հանե՛ք՝ ինչքա՞ն կարող ենք այսպես ապրել: Աշխատանք ենք ուզում եւ ոչ թե ներկայիս աղքատավարձը»: ԱԺԴ փոխնախագահը հետաքրքրվեց՝ «Էդ ի՞նչ է, Ձեզ բաժին չի՞ հասել 40 հազար աշխատատեղերից»: Պատասխանը բացասական էր: Փողոցը փակեցին եւ հաց ու աղ մատուցեցին նաեւ Մրգավետ գյուղում, որ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գյուղն է: «Տելեվիզրը առավոտից իրիկուն Քոչարյանին ա գովաբանում: Մենք առաջընթաց չունենք: Լինսի հիմնադրամի փողերի կեսն ուտում են, կիսով էլ 1-2 կմ ասֆալտ են փռում,- բարձրախոսով բացականչեց մի տղամարդ:- Ողջունում ենք «16»-ի դաշինքը: Նրանցից ումն էլ ուզենաք պրեզիդենտ ընտրեք՝ մենք 80% ձայն ենք տալու նրան»: Բյուրավան գյուղի բնակիչների հետ, ըստ արտաշատցիների պնդումների, վաղօրոք նախապատրաստական աշխատանքներ էր տարել մարզի հարկային տեսչության պետը, որ մարդիկ դուրս չգան հանդիպման: Այնուամենայնիվ, այստեղ էլ մի գառ զոհաբերվեց: Ընդհանուր առմամբ, մատաղ արված գառների քանակը երեկ հասավ 37-ի: Ի գիտություն նախագահի որոշ թեկնածուների՝ հայտնենք, որ ո՛չ Դեմիրճյանը, ո՛չ նրա ուղեկիցները չեն ճաշակում այդ գառների խաշլաման: Այդ օրը տոն է լինում միայն տվյալ գյուղի բնակիչների համար: Միջանկյալ հանդիպում եղավ Արեւշատում, որտեղ 1998-ին Կարեն Դեմիրճյանը 11 թեկնածուների մեջ 1-ին փուլում ստացել էր ձայների 75%-ը, իսկ 2-րդ փուլում՝ 78: «Դեմիրճյանին ընտրեցինք՝ նախագահ դարձավ Քոչարյանը: Չհասկացանք՝ ինչի՞ էդպես եղավ,- ասաց մեզ մի արեւշատցի կին:- Գոնե նորից հուսախաբ չլինենք: Մեր տանջանքից, չարչարանքից, էսքան ոգեւորությունից հետո գոնե նորմալ ձեւով անցնի ընտրությունը»: Այս գյուղում էլ թույլ չէին տվել, որ կենտրոնում հավաքվեն, որպեսզի նրանց չմիանան նաեւ Աբովյանի գյուղացիները, ընդ որում՝ այս խնդրով զբաղվել էր անձամբ Արարատի փոխմարզպետը՝ Ռոբերտ Քոչարյանի Արարատի շտաբի պետ Սամվել Գալստյանը: Բնակիչ Նաիրա Կարապետյանը ելույթում ասաց. «Չնայած իշխանության կողմից գործադրված բոլոր ջանքերին, ստեղծած խոչընդոտներին, կայացավ ժողովրդի ցանկալի հանդիպումը»: Որպես խոչընդոտներ հարուցողի՝ նշեց Արարատի մարզպետի անունը եւ հիշեցրեց Քոչարյանի արտահայտությունը, թե քննադատողները՝ չկարողանալով հասնել իրեն, ցանկանում են իրեն իջեցնել ներքեւ, եւ ասաց. «Եթե ինքն այդքան բարձունքում է՝ թող խափանի կատարվող այս խուլիգանությունները, եւ ընտրություններն ընթանան արդար»: Մեջբերենք նաեւ, թե ինչպես էին այս ամենին արձագանքում Ստեփան Դեմիրճյանն ու նրա աջակիցները: «Մենք ձեր հույսերը չենք խաթարի»,- Խարբերդում խոստանում էր Արշակ Սադոյանը: «Փետրվարի 19-ն այս իշխանության վերջին գիշերն է լինելու»,- վստահեցնում էր ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանը: Իսկ Ստեփան Դեմիրճյանն ամեն տեղ նշում էր, որ մարդկանց ջերմ վերաբերմունքն իրեն ուժ է տալիս ու պարտավորեցնում: Հարկ է նաեւ մանրամասնել, թե իշխանություններն ինչպես էին պատրաստվել այս հանդիպումներին: Արամայիս Բարսեղյանը, որ ՀԺԿ տարածքային կազմակերպության քարտուղարն է, պատմեց. «Երբ բաժանում էինք Դեմիրճյանի բուկլետները, բոլոր տներում մեզ ասում էին, թե իրենց զգուշացրել են, որ դուրս չգան հանդիպման: Շատերն իրոք վախեցել են: Առավել ընդգծված է դա Արտաշատում: Աշխատել էին ամեն ինչ անել, որպեսզի հանդիպումը ձախողվի (չնայած այս մտահոգությանը՝ Արտաշատում հանդիպման ժամանակ հրապարակը լեփ-լեցուն էր.- Ա. Ի.): Արտաշատում Քոչարյանի նախընտրական շտաբի բոլոր նիստերին մասնակցում է Հովիկ Աբրահամյանը եւ ինքն էլ ղեկավարում է այս բոլոր գործընթացները»: Եվ այս կառավարությունը դեռ մի ժամանակ հայտարարում էր, թե Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գործի ու ծրագրերի շարունակողն է: Ուրեմն, ինչպե՞ս բացատրել կառավարության անդամ նախարարների եւ տեղերում լիազոր ներկայացուցիչների՝ մարզպետների գործունեությունը, հարուցած խոչընդոտները Դեմիրճյանի որդու ընտրարշավի դեմ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Հրապարակման մեջ մեծ մասամբ չենք նշել մեր զրուցակիցների անուն-ազգանունները՝ հաշվի առնելով այն, ինչ պատահեց աղետի գոտի Ստեփան Դեմիրճյանի այցի վերաբերյալ մեր հրապարակումից հետո: Այս մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել