Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հաղթանակն արժանապատի՞վ էր

Մարտ 11,2003 00:00

Իսկ հաղթանակն արժանապատի՞վ էր Ընդդիմությանն անընդհատ կշտամբում են, թե պետք է կարողանալ արժանապատվորեն պարտվել: Սակայն նախ պետք էր արժանապատիվ հաղթանակ տանել, այլ ոչ այնպիսի, որն առաջացնում է բազմաթիվ հարցեր: ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2-րդ փուլում ընտրություններին մասնակցել է 1 մլն 596 հազար 204 քաղաքացի, որոնցից 503 հազար136-ը քվեարկել է հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, իսկ 1 մլն 45 հազար 801-ը՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Եթե որպես անհերքելի ճշմարտություն ընդունենք այս թվերը եւ մի կողմ թողնենք բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգերը՝ էլի լիովին անհասկանալի կլինի, թե ինչ ռեսուրսի հաշվին Քոչարյանը կարողացավ կրկնապատկել առաջին փուլում իր ստացած 700808 ձայները: Ասենք թե՝ 1-ին փուլում էլ որեւէ կեղծիք չէր եղել եւ իրոք այսքան մարդու համար նախընտրելի թեկնածուն Քոչարյանն էր: Բայց չէ՞ որ մնացածն իրենց ձայները տվել էին այլ, հիմնականում ընդդիմության թեկնածուներին: Եվ 2-րդ փուլից առաջ գրեթե բոլոր այդ թեկնածուները կանգնեցին ընդդիմության առավել շատ ձայներ ստացած թեկնածուի կողքին: «Գրեթե» իհարկե, Արտաշես Գեղամյանն էր, որը հաջողությամբ կատարեց ընդդիմության ճամբարի ձայները տրոհելու վերուստ վերապահված դերը: Սակայն հայտնի է նաեւ, որ նրա ընտրազանգվածը բողոքավոր եւ արմատական ընդդիմադիր էր: Եվ եթե Գեղամյանի օգտին քվեարկած 250142 ընտրողները մասնակցել են 2-րդ փուլին՝ հատուկենտ բացառություններից զատ, որոնց հասցրել էին ցուցադրել Քոչարյանի քաղաքական գովազդների ընթացքում՝ որեւէ մեկն իր ձայնը չէր տա գործող նախագահին: Ուրեմն, ի՞նչ ռեսուրսի հաշվին պիտի իր ձայները կրկնապատկեր Ռոբերտ Քոչարյանը: Ընտրության 2-րդ փուլին մասնակցածներն, իհարկե, 132705-ով ավելի են առաջին փուլին մասնակցած 1 մլն 463 հազար 499 ընտրողներից: Ենթադրենք, նրանք միահամուռ իրենց ձայները տվել են Քոչարյանին: Միեւնույն է՝ էլի չի ստացվում 1 մլն 45 հազար 801 թիվը, քանզի անգամ 132705 նոր ընտրողները գումարվելով գործող նախագահի հին 700808 ընտրողներին, դառնում են 833513: Իսկ գուցե ե՛ւ Արամ Կարապետյանի 41795, ե՛ւ Վազգեն Մանուկյանի 12904, ե՛ւ Ռուբեն Ավագյանի 5788, ե՛ւ Արամ Գասպարի Սարգսյանի 3034, ե՛ւ անգամ Գառնիկ Մարգարյանի 854 ընտրողները 2-րդ փուլում միաձայն քվեարկել են Քոչարյանի օգտի՞ն: Երեւի իրենց թեկնածուների ջգրո՛ւ: Իսկ քանի որ այս ամենը, շատ մեղմ ասած, այնքան էլ տրամաբանական չէ, շարունակում է համոզիչ մնալ հայտնի բացատրությունը, թե ընտրությունն ուղղակի կեղծվել է: Եվ մի բան էլ: Իշխանության խոսնակները սկսել են ազդարարել, թե ընտրախախտումները մատի փաթաթան դարձնելով եւ նախագահի լեգիտիմությունը կասկածի տալ դնելով՝ ընդդիմությունը առիթ է տալիս, որ Հայաստանի վրա արտաքին ուժերը գործադրեն ճնշումներ, ստիպեն ստորագրել Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաթեթը, բացել Մեղրիով անցնող ճանապարհը եւ այլն: Շատ հետաքրքիր է՝ իսկ Ղարաբաղի, Մեղրիի եւ մնացածի մասին մոռացե՞լ էին այնժամ, երբ մեկուսարանները «լցոնում» էին հանրահավաքներին մասնակցելու համար ձերբակալված անձանցով, իսկ քվեատուփերը՝ քվեաթերթիկներով: Ասենք, թե հիմա ընդդիմությունը լռի էլ՝ հանուն ազգային վե՜հ նպատակների ու համակերպվի, թե մեր մենթալիտետին եւ իրականությանը հենց միայն կեղծիքները, խախտումները եւ բռնություններն են հարիր՝ ի՞նչ է, դրանից փոխվելու: Չէ՞ որ քվեաթերթիկներ լցրել են անգամ դիտորդների ներկայությամբ, եւ նույնիսկ նրանց հասցեին հնչել են սպառնալիքներ: «Կացնային» ընտրություններ անցկացրին, ապահովեցին բոլոր հիմքերը, որ վիճարկվի եւ ապօրինի համարվի Հայաստանի նախագահի ընտրությունը, իսկ հիմա կոչ են անում՝ լռե՛ք հանուն ազգային շահերի: Էջի նյութերը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել