Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես առաջ չենք գնա

Մարտ 27,2003 00:00

Այսպես առաջ չենք գնա Ուսանողները նաեւ համախմբված չեն «Մենք 98-ին գնացինք ուժային լուծման՝ «Կրթության եւ գիտության մասին» օրենքում ամրագրելով, որ բուհերում ընտրովի մարմինների 25 տոկոսը պետք է ուսանողության ներկայացուցիչներ լինեն: Առաջադիմական քայլ, սակայն մի՞թե այսօր այդ կառույցներն արտահայտում են ուսանողների շահերը»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ նախարարի հետ քննարկելու բուհական համակարգի արդի հիմնախնդիրները: Ինչպես պետության մեջ ժողովուրդը պետք է կարողանա մասնակից լինել պետության կառավարմանը, այնպես էլ ուսանողները՝ բուհերի կառավարմանը՝ իրենց կառուցվածքներով, կազմակերպվածությամբ: Իսկ այսօր, ԿԳ նախարարի կարծիքով, ուսանողությանը պակասում է համախմբվածությունը՝ նաեւ մասնագիտական հարցերը լուծելու շուրջ: «Այս ապակենտրոն համակարգը հաջողության չի հասնի, եթե մենք ունենանք նախկին կոմսոմոլի նման ուսանողական կառույցներ, որ կենտրոնացված համակարգեր էին: Միջազգային նոր ձեւերով ուսանողը պետք է ունենա իր բաց, թափանցիկ իրավունքները եւ պիտի տեսնի՝ ինչով է ներգործում իր բուհի քաղաքականության վրա»: Ոչ պակաս կարեւոր է նաեւ դասախոսական կազմի իրավունքների հարցը: Դասախոսն իր իրավունքները պետք է հաստատի ոչ թե ավտորիտար ձեւով, թե՝ ես դասախոս եմ, ինչ ասեմ՝ ճիշտը դա է, դու ուսանող ես, պետք է ենթարկվես ինձ, այլ իր իրավունքը պետք է հաստատի իր գիտելիքի, իր հեղինակության, իր փորձի մատուցման ճանապարհով: Իսկ սա ենթադրում է արմատական վերակառուցում ուսումնական ծրագրերում: Հնարավոր չէ 60-ականների լեկցիաները կարդալ այլեւս: Սա նաեւ պետք է թույլ չտա, որ դասախոսը ենթարկվի հաշվեհարդարի՝ ուսանողների կողմից: Դասախոսն ու ուսանողը գործընկերներ պետք է լինեն: «Իսկ ուսանող-դասախոս լիակատար իրավահավասարությունը ծնում է ազատ միտք»,- այս համոզմունքին է նախարարը: Միջազգային լուրջ կենտրոններում, օրինակ, յուրաքանչյուր համալսարան ներսում ունի իր յուրահատուկ դպրոցը, սակայն կա մի ընդհանրություն բոլորի համար՝ ժողովրդավարություն ներսում, ինքնավարություն եւ կրթության մեջ մտնող բոլոր սուբյեկտների իրավահավասարություն: Այսինքն՝ համալսարանի տերը ոչ թե դասախոսական կազմն է, հիմնադիրը, այլ՝ ուսանողը: Ընդհանրապես Եվրոխորհրդի անդամ երկրների համար այս ոլորտում մի քանի այլ ընդհանուր ստանդարտներ էլ կան. կրթությունը կենտրոնանում է տվյալ անհատի վրա՝ ոչ թե ֆինանսավորում ենք հաստատությունը, այլ սուբյեկտը՝ ուսանողին, որն ունի իրավունքների ամբողջական փաթեթ: Իրավունքի առաջին հիմնարար սկզբունքը հանրակրթական որակ ստանալու իրավունքն է, որն էլ իր հետ բերում է տեղաշարժի իրավունք: Ուսանողն ունի իր կրեդիտը, որ հավաքում է՝ իր ուզած տեղը գնալու համար: Մյուս կարեւոր սկզբունքը բարձրագույն կրթության աստիճանակարգն է, եւ երրորդը՝ գնահատման ընդհանուր սկզբունքների առկայությունը: Սա էլ իր հետ բերում է հսկայական փոփոխություններ, որոնք, Լ. Մկրտչյանի կարծիքով, նախ եւ առաջ պետք է լինեն հոգեբանական հարթության վրա: «Օրինակ, թե համալսարան ավարտածներն ինչքանով են մայր բուհի հետ կապը պահպանում, ինչ մթնոլորտ է տիրում ուսանող172դասախոս հարաբերություններում եւ այլն: Բացի այդ, համակարգը, որ մտցվում է բոլոր միջազգային կառույցներում եւ առաջավոր երկրներում՝ շարունակական կրթություն, կրթություն ամբողջ կյանքի ընթացքում, վերապատրաստումների ամբողջական բլոկ, արմատապես փոխում է նաեւ բարձրագույն կրթական համակարգի հասկացողությունը: Այսինքն՝ մեր համալսարանները, մեր ինստիտուտները ոչ միայն տալիս են կոնկրետ կրթական գիտելիք, այլ պարտավոր են այդ կրթական գիտելիքի հետ միասին ապահովել հետագա շարունակական կրթություն: Ուսանողը դուրս գալով համալսարանից, չի ընդհատում իր կապը համալսարանի հետ: Նա այստեղ պետք է պարբերաբար վերադառնա՝ մասնագիտական կողմնորոշումը փոխելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու համար, որովհետեւ ինֆորմացիոն աշխարհը շատ արագ է փոխվում, եւ այդ արագությունը ենթադրում է անընդհատ որակի վրա աշխատանք: Համալսարանները պետք է դառնան ոչ միայն կրթական ծառայություն մատուցող, այլ վերապատրաստման եւ կրթական որակը խորացնելու կենտրոններ՝ հետագայում եւս»: Այս գլոբալ փոփոխությունները աշխարհում փորձում են կանոնակարգել, որովհետեւ քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր համալսարան, յուրաքանչյուր հաստատություն դառնում է պետություն պետության մեջ, ինքնուրույն է ապրում, եւ այդ ինքնուրույնությունն ու ինքնավարությունը իրենց որակի նախապայման են համարվում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել